Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:30 27-09-2024

Պաշտպանության փոխնախարարից՝ ՔՊ-ական պատգամավոր․ Գուրգեն Մելքոնյանի և կնոջ «համեստ» ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի և նրա կնոջ՝ Սիլվա Մելքոնյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ ներկայումս ՔՊ-ական Գուրգեն Մելքոնյանը, ով հաճախ է նախկին իշխանություններին մեղադրում երկիրը թալանելու մեջ, նույն այդ իշխանությունների օրոք զբաղեցրել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետի, թիկունքի գծով պաշտպանության նախարարի տեղակալի, ինչպես նաև զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնները: 2021-ի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններում Մելքոնյանը պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Գուրգեն Մելքոնյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք․ 3 հողամաս՝ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում, որոնցից 1-ը միանձնյա, 2-ը՝ համատեղ սեփականությամբ՝ գնված 2006 թվականի մարտի 10-ին և 2020 թվականի հունիսի 9-ին, համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ կրկին Հայկաշենում՝ գնված 2007 թվականի դեկտեմբերի 29-ին և համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ գնված 2004 թվականի դեկտեմբերի 17-ին։ Տարեվերջին Մելքոնյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Մելքոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․650․000 դրամ, տարեվերջին՝ 2․541․841 դրամ և 2390 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4․000․000 դրամ, տարեվերջին՝ 4․800․000 դրամ։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 10․655․160 դրամ, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Պատգամավորի կինը՝ Սիլվա Մելքոնյանը, նույնպես հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում, որոնցից 2-ը միանձնյա, 1-ը բաժնային սեփականությամբ։ Դատելով հողամասերը ձեռք բերելու ամսաթվերից՝ 1992 թվականի մայիսի 7, 2008 թվականի մարտի 27 և 28՝ եզրակացնում ենք, որ սրանք իր ամուսնու հայտարարագրած հողամասերը չեն։

Բացի այդ, նա հայտարարագրել է ևս 1 առանձնատուն՝ Հայկաշեն համայնքում, որը ձեռք է բերել 1992 թվականի մայիսի 7-ին։ Տարեվերջին պատգամավորի կնոջ անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորի կինը չի հայտարարագրել։

Սիլվա Մելքոնյանի բանկային հաշիվները դատարկ են եղել, իսկ նրա կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 3․000․000, տարեվերջին՝ 4․800․000 դրամ։

Սիլվա Մելքոնյանը որևէ եկամուտ չի հայտարարագրել։
Դավիթ Գույումջյան