Փաշինյանը Նյու Յորքում ասաց մի բան, որին ոչ ոք չհավատաց
copy image url

Փաշինյանը Նյու Յորքում ասաց մի բան, որին ոչ ոք չհավատաց

Միտք 7 ամիս առաջ - 09:00 27-09-2024
Տևական ժամանակ լավատեսների շրջանում վստահություն կար, թե Նիկոլ Փաշինյանը միայն հայ ժողովրդի հետ խոսելիս է ստում պոպուլիստական նկատառումներով։ Իսկ միջազգային բարձր հանդիպումներում, միջազգային հեղանակավոր հարթակներում ազնիվ է, չի փորձում խաբել միջազգային հանրությանը։

Այս լավատեսությունը սասանվեց սեպտեմբերի 25-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում, ելույթ ունենալով ԱՄՆ ՄԶԳ կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանն, ասաց՝ «Հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը»։ Փորձենք հիմնավորել, որ Փաշինյանի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Նախ՝ ժողովրդի մեծ մասը չի մասնակցել 2021 ԱԺ, 2023-ի Երևանի ընտրություններին։ Այս փաստը բաց երևում է ԿԸՀ արձանագրություններում։ Այսինքն՝ հանրության մեծ մասի կամքը չի արտացոլվել ընտրություններում։ 2018-ից հետո բոլոր ընտրություններում ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառել։ Այս մասին փաստերով ահազանգել են բազմաթիվ դիտորդներ։ Մի քանի համայնքներում, մասնավորապես՝ Ալավերդիում, ՔՊ-ն, ռեսուրս կրառելով, հեռացրել է ընտրված ղեկավարին, արհամարհելով ընտրողների քվեն։ Այս փաստերն արձանագրել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցներն իրենց զեկույցներում, ընդգծելով, որ ՀՀ-ն նահանջում է ժողովրդարությունից։

Ժողովրդավարությունից նահանջի և անհավասար մրցակցության վկայություն է նաև քաղաքական ընդդիմախոսներին հալածելը։ Այս մասին բազմաթիվ վկայություններ ու փաստեր են հրապարակել իրավապաշտպանները։ Դրանք ներկայացվել են նաև միջազգային կառույցներին, դեսպանատներին։ Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի նստաշրջանից առաջ հետապնդման ենթարկված մի շարք ընդդիմադիր հանրային գործիչների խափանման միջոցը փոխվեց, նրանք ազատ արձակվեցին։ Այս ամենն արվեց, որ միջազգային գործընկերները Նյու Յորքում շատ չհանդիմանեն Փաշինյանին քաղաքական հետապնդումներ անելու համար։

Քաղաքական գործչի սուտ խոսելը բացասաբար է անդրադառնում ժողովրդի սոցիալ վարքաբանության վրա։ Հասարակությունը կորցնում է հետաքրքրությունը քաղաքական, ազգային հարցերի վերաբերյալ, դառնում անտարբեր նույնիսկ ազգային դավաճանությանը։ Իսկ երբ քաղաքական գործիչը ստում է միջազգային ամիբիոններից, ապա գցում է երկրի միջազգային հեղինակությունը։ Պոտենցիալ դաշնակիցները կարող են երես թեքել այն երկրից, որի ղեկավարը իրենց երեսին ստում է։

Բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, միջոցներ են ծախսում, որ չեզոքացնեն ռուսական ազդեցությունը ընտրությունների ընթացքի վրա, անվտանգային միջոցառումներ են իրականացնում ռուսամետ քարոզչությունը չեզոքացնելու համար, որպեսզի ընտրությունների արդարությունն ու արդյունքները ոչ ոքի մոտ կասկած չհարուցեն։

ՀՀ-ում մեծ է ՌԴ քաղաքական իներցիոն ազդեցությունը։ ՔՊ-ական իշխանությունը չնչին բան է անում այն նվազեցնելու ուղղությամբ։ Հանրային մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքները բացահայտ ոչ բարեկամական քարոզչություն են վարում, ինչը բազմիցս արժանացել է ՀՀ բողոքներին։ Նիկոլ Փաշինյանն ամենուր ասում է, որ հայ ժողովուրդը եվրաինտեգրման կողմնակից է։ Բայց ՀՀ ԱԺ երեք խմբակցություններից երկուսը վառ ռուսամետ են, մեկը պասիվ ռուսամետ։ Տրամաբանությունը ենթադրում է, որ եթե ժողովուրդը ԵՄ անդամակցելու կողմնակից է, բայց ԱԺ-ում ռուսամետ ուժեր են, նշանակում է ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Մի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանն էր հաստատում ընտրություններին մասնկացող ռուսամետ ուժերի նախընտրական ցուցակը։ Եթե Փաշինյանը նկատի ուներ, որ դեսպան Կոպիրիկինը ՔՊ ցուցակը չի կազմել 2021-ին, ապա կարող էր այդ մասին խոսել, ոչ թե հայտարարել, թե ՀՀ-ում ընտրությունները արտացոլում են ժողովրդի իրական կամքը։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից Արևելյան Եվրոպայի երկրներից ռուսական զորքերը դուրս են հրավիրվել, որ Մոսկվան հնարավորություն չունենա սպառնալ դրանցով և ազդել ընտրությունների ընթացքի, արդյունքի վրա, ինչպես անում էր 1947-1989-ին։ Այդ երկրներում լյուստրացիա է եղել, որ ռուսական գործակալները չկարողանան թափանցել քաղաքական, կառավարման օղակներ, դեսովետիզացում է եղել, ջնջվել են խորհրդային-ռուսական խորհրդանիշները։ ՀՀ-ում այս թեմաների մասին չեն էլ մտածում։ ՔՊ-ական իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ՌԴ-ն 44-օրյա պատերազմի, ՀՀ-ի դեմ ագրեսիաների, Արցախի շրջափակման, հայաթափման ժամանակ դիքավորվել է որպես ոչ բարեկամ երկիր։ Այս փաստը բավարար է պնդելու համար, որ ոչ բարեկամ երկրի զորքերի առկայությամբ կազմակերպված ընտրությունները լեգիտիմ չեն։

Եվ վերջապես, աշխարհում բոլորը գիտեն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանություն ստացել Սերժ Սարգսյանից, ովքեր են եղել միջնորդները, ինչ պայմանավորվածությունների շրջանակում է նա շարունակում պաշտոնավարել, և ովքեր են բալանսավորում ՔՊ-ի քաղաքական կուրսը։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ ընտրությունների ու քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն է ունեցել և ունի Մոսկվան։ ՔՊ-ականներն ընդդիմադիր շարժման ղեկավարներին մեղադրում են ռուսական գործակալ լինելու, ռուսական շահեր առաջ մղելու մեջ։ Այս իրավիճակում քաղաքականություն որոշողների պասիվությունը հիմք է կասկածելու, որ գալիք ընտրությունները ևս չեն արտահայտելու ժողովրդի կամքը։

Պարզ ասած՝ ազնիվ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում, ԱՄՆ ՄԶԳ կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանն ասեր, որ ՔՊ-ն բավարար խիզախություն և կամք չունի չեզոքացնելու Կրեմլի ազդեցությունը ՀՀ-ում ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա։ Սա կլիներ անկեղծ խոստովանություն։ Այս անկեղծությունը գուցե համակրանքի արժանանար։ Իսկ խոսքը, թե՝ «հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը», մեղմ ասած՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոպիտ ասած՝ սխալ էր Նյու Յորքում, հեղինակավոր գործիչների ներկայությամբ սուտ խոսելը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան