Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանը գլոբալ կարևոր միջոցառում է։ Այստեղ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր, բարձրացվում են կարևոր թեմաներ, ներկայացվում են նոր գաղափարներ, ձեռք բերվում կարևոր պայմանավորվածություններ։ Երկրների ղեկավարների ելույթները ՄԱԿ-ի ամբիոնից պատմական նշանակություն են ձեռք բերում։ Ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից այս անգամ, ի՞նչ կարևոր պայմանավորվածություն կարող են ձեռք բերել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։
Վերջին անգամ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է 2022-ին։ Ելույթի մի մասը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի խնդիրներին։ 2023-ի սեպտեմբերին Արարատ Միրզոյանի ելույթի մեծ մասը նույնպես ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրներին է առնչվել։ Սակայն Արցախի հայաթափումից հետո ՔՊ-ի խոսույթում տեղի է ունեցել փոփոխություն։ Նրանք ակնհայտ հրաժարվում են Արցախի թեմայից, նախկիններին, ՀՅԴ-ին և ԼՂՀ վերջին ղեկավարությանը մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, փորձում փակել Արցախի էջը, նույնիսկ արցախահայերի վերադարձն են անիրատեսական համարում։ Հետևաբար՝ ՄԱԿ-ի այս նստաշրջանում Արցախի վերաբերյալ չեն խոսելու ՀՀ ներկայացուցիչները։
Ուշագրավ է «Հանուն ապագայի» դաշնագիրը, որի ստորագրումը նախատեսվում է այս նստաշրջանի շրջանակներում։ Դրանում հատուկ տեղ է տրված աղքատության դեմ գլոբալ պայքարին, հանրային կյանքում կանանց, աղջիկներին և երիտասարդներին ավելի շատ հնարավորություններ տալու խնդիրներին։ Այս օրակարգն իսկական նվեր է Նիկոլ Փաշինյանի համար։
Այս թեմայով նա կարող է ծավալվել անվերջ։ Չնայած՝ աղքատության դեմ պայքարում նկատելի հաջողություն չկա, չհաշված՝ նկարած թվերը, սակայն գենդերային հավասարության, կանանց և երիտասարդներին առաջ քաշելու հարցերում ՔՊ-ական իշխանությունը ձգտում է առաջ անցնել զարգացած եվրոպական երկրներից։ Ենթադրելի է, որ Փաշինյանն այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնը ծառայեցնելու է «Հանուն ապագայի» դաշնագրի կարևորությունն ընդգծելու, դրանում մատնանշված մարտահրավերներն ընդունելու, այդ ուղղություններով քայլեր անելու ՀՀ պատրաստակամությունն ընդգծելու համար։ Հնարավոր է՝ Փաշինյանը խոսի նաև ՀՀ-ի դեմ կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքի և խաղաղության խաչմերուկի մասին, ակնարկելով, որ Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի գործարկումից պիտի օգտվի նաև Ռուսաստանը։
Իսկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ժամանակ առաջընթաց չի ակնկալվում։ Այս ուղղությամբ հույսերն ի զուր են։ Չնայած՝ Փաշինյանն ու Միրզոյանն ընդգծելու են, որ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ ստորագրել պայմանագիրը, սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին պնդելու է Բաքվի նախապայմաններն, ու այս ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվելու։
Արարատ Միրզոյանը նստաշրջանի շրջանակներում կարող է հանդիպել մի շարք երկրների ԱԳ նախարարների հետ, սակայն այդ հանդիպումներում էական բան չի քննարկվելու, քանի որ ՀՀ-ն միջազգային օրակարգ չունի։ Փաշինյանի երկկողմ հանդիպումներն ավելի քիչ են լինելու նույն պատճառով։ ՀՀ-ն դեռ չի կարողանում հասկանալի ձևակերպել, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում։ Աշխարհն էլ բնականաբար՝ կասկածով է վերաբերվում ՔՊ-ական իշխանությանը, քանի որ վերջինս կիսատ քայլեր է անում և հակասական վարք դրսևորում։ Օրինակ՝ ԵՄ-ի հետ ուզում են ունենալ առանց վիզայի ռեժիմ, բայց ԵՄ անդամակցության հարց չունեն օրակարգում։ Արևմուտքի հետ ուզում են խորացնել գործընկերությունը, սակայն արտաքին քաղաքական օրակարգի առաջային հարցերում պաշտպանում են հակաքաղաքակրթական ուղեգիծ վարող Մոսկվայի հետաքրքրությունները։ Ակնարկում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, բայց ՆԱՏՕ-ի անունը չեն ուզում լսել։ Նման բազմաթիվ հակասական, իրարամերժ դիրքորոշումները հիմք են տալիս մեծ երկրներին չվստահելու Հայաստանին, լուրջ չընդունելու նրա ներկայացուցիչների խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության վերաբերյալ։
Պարզ ասած՝ ՀՀ ներկայացուցիչներն այս անգամ ՄԱԿ-ում դատարկախոսությամբ են զբաղվելու, չեն կարողանալու ռացիոնալ դիրքորոշում արտահայտել, սևեռել միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի ազգային հետաքրքրությունների վրա։ Այսպիսի վարքով Փաշինյանը հերթական անգամ տպավորություն է ստեղծելու աշխարհում, թե հայ ժողովուրդը հոգեպես անառողջ, ոչ համարժեք վարք դրսևորող, հետամնաց, բայց առաջադեմ ձևացող հանրույթ է։
Թաթուլ Մկրտչյան