Սեպտեմբերի 16-ից մեկնարկել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքը։ Այն կազմակերպվելու է համայնքային շենքերի, թաղապետարանների, գյուղապետարանների, իսկ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար՝ դեսպանատների, հյուպատոսարանների աջակցությամբ, ինչպես նախատեսում է հանրաքվեի մասին նախաձեռնությանն առնչվող իրավական կարգավորումը։ Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև նոյեմբերի 14-ը։ Ի՞նչ արդյունքի կհասնի ԵՄ անդամակցելու հանրաքվե անցկացնելու ջատագովությունը։
ՔՊ-ական ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ ԵՄ անդամակցելու ձգտում ունեն, բայց անդամակցելու հարց օրակարգում չկա։ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցում ՔՊ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ անդամակցելու հանրաքվեն վերջին քայլն է եվրաինտեգրման ճանապարհին, ակնարկելով, որ մինչ այդ շատ անելիքներ ունեն։ Պարզ ասած՝ ԵՄ հանրաքվե անցկացնելուն դեմ են։
Դրանից զատ՝ իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը բազմիցս են ասել, որ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին։ Այսինքն՝ և՛ ժողովուրդը, և՛ իշխանության ներկայացուցիչները ուզում են, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին։ Ինչու՞ այդ ցանկությունը չի փաստաթղթավորվում։
Համեմատության համար դիտարկենք ԵՄ անդամակցելու ուղին ընտրած երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի օրինակները։ Այս երկրների հիմնարար փաստաթղթերում ամրագրված է նրանց եվրաինտեգրման ուղու ընտրության մասին։ Ուկրաինայի սահմանադրության նախաբանում է նշված այդ մասին։ Վրաստանի և Մոլդովայի հայեցակարգային փաստաթղթերում կոնկրետ գրված է ԵՄ անդամակցելու նպատակի մասին։
Եթե ժողովուրդն ու ՔՊ-ական պատգամավորներն ու նախարարները, ուզում են, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն անում, հետևաբար՝ կարող ենք երկու ենթադրություն անել։ Առաջինը՝ ՀՀ-ում ո՛չ ժողովուրդը, ո՛չ ԱԺ-ն, ո՛չ Կառավարությունը, ներառյալ՝ վարչապետը, քաղաքականություն չեն որոշում։ Եվ երկրորդը՝ ՔՊ-ական իշխանությունը ստում է, թե եվրաինտեգրացիայի կողմնակից է, ԵՄ անդամակցելու ձգտում ունի։
Առաջին ենթադրությունն անհեթեթ է թվում, քանի որ եթե ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է, ինչպես ամրագրված է ՀՀ հիմնարար փաստաթղթերում, ապա այստեղ քաղաքականությունը որոշում են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները։ Սահմանազատման, Արցախի վերաբերյալ բախտորոշ փաստաթղթերի ստորագրման, արտաքին և տնտեսական դիվերսիֆիկացման վերաբերյալ նախաձեռնություններում իշխանությունները կտրուկ որոշումներ են ընդունում, հայտարարելով, որ ժողովուրդն ընտրել է իրենց և օժտել որոշումներ ընդունելու, քաղաքականություն որոշելու մանդատով։ Բայց երբ հերթը հասնում է ԵՄ անդամակցելու ուղղությամբ գործուն քայլեր անելուն, նրանք անգործություն են ցուցաբերում։ Հետևաբար՝ եթե ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցելու հարցում քաղաքական որոշում չեն կարողանում ընդունել, նշանակում է ՀՀ-ն անկախ չէ, իսկ իշխանությունները ռուսական դրածոներ են։
Սա վտանգավոր եզրակացություն է, և հիմք է տալիս կասկածելու, որ ԵՄ անդամակցելու հանրաքվեն հաջողություն չի ունենա։ Դիտարկենք երկրորդ ենթադրությունը։
Եթե իրոք՝ իշխանությունների շրջանում ԵՄ-ի վերաբերյալ ազնիվ ձգտում կա, ապա կարող են ԵՄ անդամակցելու մտադրության մասին օրենքներ, որոշումներ ընդունել, հայտարարություններ անել, ընդգծումներ, պարբերություններ, հոդվածներ ավելացնել պետության հայեցակարգային փաստաթղթում՝ Արտաքին քաղաքականության հայեցակարգում, Ազգային անվտանգության հայեցակարգում, պաշտպանության հայեցակարգում, սահմանադրության մեջ և այլ կարևոր ուղենշային փաստաթղթերում, իրականացնել դեսովետիզացիա, լյուստրացիա։
Նկատենք՝ ԵՄ անդամ երկրներում ռուսական զորքեր չկան։ ԵՄ անդամակցելու պայմաններից մեկն այն է, որ անդամ երկիրը պետք է լիարժեք վերահսկի իր սահմանները, հատկապես՝ սահմանային անցակետերը։ Հետևաբար՝ ԵՄ անդամակցելու ճանապարհի առաջին քայլը ՀՀ սահմաններից ռուսական զորքերը դուրս բերելն է։ Հիշեցնենք, որ երբ 2009-ին Սերժ Սարգսյանը սկսեց ԵՄ ասոցիացման պայմանագրի ստորագրման գործընթացը, Մոսկվան Հայաստանին պարտադրեց երկարացնել ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման ժամկետն, այն դարձնելով 49 տարի։ Այսպիսով՝ Մոսկվան ստեղծեց իրավական խոչընդոտ, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ։ Այսինքն՝ եթե ՔՊ-ական իշխանություններն, իրոք, ձգտում են անդամակցել ԵՄ-ին, ապա պիտի օրակարգ բերեն 1995-ի մարտի 16-ի պայմանագիրը լուծելու, ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարցը։ Եթե ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցելու ուղղությամբ տեսանելի քայլեր չեն անում, նշանակում է՝ իրականում չունեն ԵՄ անդամակցելու ձգտում, այսինքն՝ ստում են։ Սա ոչ պակաս վտանգավոր եզրակացություն է, որը նույնպես հիմք է կասկածելու ԵՄ անդամակցելու հանրաքվեի հաջողությանը։
Նկատենք, որ օրենքով պահանջվող ստորագրությունները հավաքելն ու հարցը հանրաքվեի դնելը բարդ, ծախսատար, աշխատատար գործընթաց է, բայց հնարավոր է գլուխ բերել։ Այսինքն՝ հնարավոր է կազմակերպել հանրաքվե։ Բայց եթե իշխանությունները դեմ են ԵՄ անդամակցելուն, ապա կարող են այնպես անել, որ «Ոչ»-ը հաղթի։ Սա ամենամեծ վտանգն է, որ հնարավոր է պատկերացնել։ ՀՀ ներկա և նախկին իշխանությունների եվրաինտեգրացիայի ուղղությամբ կատարած քայլերը ջուրը կընկնեն մեկ րոպեում։ ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը արդյունքի չի հասնի, Եվրոպայի դռները կփակվեն հայ ժողովրդի առաջ։ ՀՀ-ն ռեալ խոցելի կդառնա ռուս-ադրբեջանական ագրեսիայի դիմաց։ Նիկոլ Փաշինյանն էլ մեղքը դարձյալ կգցի նախկինների գրպանն, ու «Ոչ»-ը կհիմնավորի փտած սոցիալ հոգեբանությամբ։ Հետևաբար՝ ԵՄ հանրաքվեի հաջողությունն ապահովելու համար պետք է նոր որակի իշխանություն, որը չի լինի ռուսական դրածո և անկեղծ կլինի ԵՄ անդամակցելու ձգտումներում։
Թաթուլ Մկրտչյան