copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:30 10-05-2023

Էրդողանը և Քըլըչդարօղլուն ունեն գրեթե հավասար վարկանիշ, և ով էլ հաղթի, հաղթելու է չնչին տարբերությամբ

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, որտեղ նախագահի և պատգամավորության թեկնածուները առավելագույն ջանքերն են գործադրում՝ ընտրողներին հաճոյանալու համար։ Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, այս ընտրությունները Թուրքիայի հետագա զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեն, որոնցում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամեն գնով փորձում է պահպանել իր քսանամյա իշխանությունը, իսկ ընդդիմությունը գտնում է, որ վերջապես հասունացել է պահը, երբ կարող է հաղթել թուլացած Էրդողանին և զրկել վերջինիս իշխանությունից Թուրքիայի Հանրապետության համար չափազանց կարևոր ժամանակաշրջանում։

Հատկանշական է, որ Էրդողանը նախորդ կիրակի Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, անցկացրել է իր ամենամեծ նախընտրական հանրահավաքը, որին իշխանությունների տվյալներով՝ մասնակցել է շուրջ 1.7 միլիոն մարդ։ Չնայած երկրի տարբեր շրջաններում Էրդողանի թիմակիցները շարունակում են մարդկանց հետ հանդիպումները և հանրահավաքները, այնուամենայնիվ Ստամբուլի հանրահավաքով գործող նախագահը փորձեց ամփոփել իր քարոզարշավը և համարձակ քայլերով ընթանալ դեպի վճռորոշ ճակատամարտը։

Բացի այդ՝ Թուրքիայում իշխանամերձ լրատվամիջոցները պնդում են, որ Էրդողանին հանրային նման մեծ աջակցությունը փաստում է, որ նա ընտրապայքարի առաջատարն է, որը վստահաբար կհաղթի ընտրությունների առաջին փուլում։ Նկատենք, որ Թուրքիայի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ վերջին շրջանում պնդում են, որ Էրդողանը կհաղթի ընտրությունների հենց առաջին փուլում, իսկ նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա։ Մասնավորապես օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահություն էր հայտնել, որ Էրդողանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ձայների 52-53%-ը։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջիններս չեն ընդունում, որ Ստամբուլում Էրդողանի հանրահավաքին մասնակցել է 1.7 միլիոն մարդ։ Նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ում շուրջ միավորվել է Թուրքիայի ընդդիմության ազդեցիկ հատվածը, նշել է, որ գործող նախագահի հանրահավաքին մասնակցել է միայն 277 հազար մարդ։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս նույնպես Թուրքիայի տարբեր քաղաքներում խոշոր հանրահավաքներ է անցկացնում, փորձում է ցուցադրել իր ուժը, քանի որ կարծում է, որ վերջապես եկել է Էրդողանի քսանամյա իշխանությանը վերջ տալու ժամանակը։ Առհասարակ Էրդողանը, ով Թուրքիայում իշխանության ղեկին է՝ սկսած 2003 թվականից, այս ընտրություններին մի շարք հանգամանքերով պայմանավորված՝ մասնակցում է շատ թուլացած վիճակում, սակայն դա չի նշանակում, որ կպարտվի, իսկ պարտվելու դեպքում էլ հեշտությամբ կզիջի իշխանությունը։ Այս համատեքստում ընդդիմության մեծագույն սխալը հենց Քըլըչդարօղլուի թեկնածության առաջադրումն էր, որը Էրդողանի համեմատ ավելի թույլ գործիչ և հռետոր է, իսկ վերջինիս համար՝ բավականին ցանկալի մրցակից։ Ընդդիմությունը հաղթելու բարձր շանսեր կունենար այն դեպքում, եթե նախագահի միասնական թեկնածու առաջադրեր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, ովքեր մի շարք հարցումներով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում և ավելի հեշտ կարող էին հաղթել Էրդողանին։

Միևնույն ժամանակ Թուրքիայում բավականին մեծ է հետընտրական բախումների վտանգը, որոնք կարող են հրահրել Էրդողանի կողմնակիցները, եթե վերջինս ընտրությունների արդյունքներում կորցնի իշխանությունը։ Բախումների դեպքեր եղել են նաև նախընտրական քարոզարշավի օրերին. մասնավորապես նախօրեին Էրզրումում Քըլըչդարօղլուի ժամանակ անհայտ անձինք քարեր են նետել ընդդիմության աջակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 9 մարդ վիրավորվել է։ Հետընտրական բախումների մասին նախազգուշացրել է նաև անձամբ Քըլըչդարօղլուն՝ աջակիցներին հորդորելով իր հաղթանակի դեպքում ընտրությունների գիշերը փողոց դուրս չգալ։

Այս ամենի արդյունքում կարող ենք փաստել, որ Էրդողանը ձգտում է ամեն գնով իր իշխանությունը պահպանել և միտված չէ այն որևէ կերպ զիջել։ Առհասարակ Թուրքիայի ներկայիս նախագահը չափազանց երկար է պատրաստվել այս ընտրապայքարին, ինչպես նաև չի ցանկանում իր քաղաքական կենսագրությունն ավարտել պարտությամբ։ Բացի այդ՝ Էրդողանը ունի զգալի քանակով աջակիցներ, որոնք ցանկացած պարագայում ընտրելու են նրան։ Այս իրավիճակում վերջինս փորձում է բնակչությանը, ինչպես նաև պետական ծառայողներին տարբեր կերպ սիրաշահելով (օրինակ նախօրին 45 տոկոսով բարձրացրել է պետծառայողների աշխատավարձը, բնակչությանը խոստացել է մեկ տարի անվճար գազ տրամադրել տնային սպառման համար և այլն), ինչպես նաև վարչական լծակներ կիրառելով ընտրությունների հենց առաջին փուլում ստանալ ձայների կեսից ավելին։ Սակայն նկատենք, որ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը բավականին թուլացրել են Էրդողանի դիրքերը և նրա համար չափազանց դժվար է լինելու հաղթելը՝ այն էլ ընտրությունների առաջին փուլում։

Ինչ վերաբերում է տարբեր ընկերությունների կողմից անցկացվող սոցհարցումներին, ապա դրանց արդյունքներին վստահելը մի փոքր դժվար է, քանի որ իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցները մշտապես հրապարակում են իրենց համար նախընտրելի արդյունքներ արձանագրած հետազոտությունների արդյունքները։ Սակայն Թուրքիայում գործող 9 հետազոտական ընկերությունների կողմից (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, Optimar, TEAM, AR-G, Aksoy, Metropoll) կողմից քարոզարշավի ամենաակտիվ փուլում՝ ապրիլ ամսվա ընթացքում իրականացված սոցհարցումների միջինացված տվյալներով Էրդողանին պատրաստ է քվեարկել հարցվածների 43.9%-ը, իսկ Քըլըչդարօղլուի օգտին՝ 48.5%-ը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ Էրդողանը և իր հիմնական մրցակից Քըլըչդարօղլուն ունեն գրեթե հավասար իրավաճակում, և ով էլ հաղթի ընտրություններում այդ հաղթանակը լինելու է սահմանային՝ 1-2%-ի տարբերությամբ, կամ գուցե ավելի քիչ։ Կարծում ենք, որ Էրդողանը կօգտվի ստեղծված իրավիճակից ու վարչական ռեսուսի և այլ մեթոդների կիրառմամբ կապահովի իր համար այդքան անհրաժեշտ քվեները, որպեսզի հաղթի հենց առաջին փուլում։ Նման նախադեպ եղել է 2017 թվականին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, երբ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ շուրջ 3 միլիոն չկնքված քվեաթերթիկները ճանաչվեցին վավեր, և որոշեցին հանրաքվեի ելքը։

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան

Ձեզ գուցե հետաքրքրի