Էրդողանը և Քըլըչդարօղլուն կմրցեն երկրորդ փուլում, փորձագետները դժվարանում են կանխատեսել ելքը
copy image url

Էրդողանը և Քըլըչդարօղլուն կմրցեն երկրորդ փուլում, փորձագետները դժվարանում են կանխատեսել ելքը

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 15-05-2023
Թուրքիայում նախօրեին կայացան նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղոանի քսանամյա պաշտոնավարման ընթացքում վերջինիս համար ամենաբարդ ընտրական գործընթացներն էին։

Նախագահական ընտրություններին ի սկզբանե մասնակցում էին չորս թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, որի շուրջ միավորվել էր Թուրքիայի ընդդիմության ազդեցիկ հատվածը, ծագումով ադրբեջանցի, «Նախնի» դաշինքի թեկնածու Սինան Օղանը և 2018 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն։ Վերջինս ընտրություններից երկու օր առաջ ինքնաբացարկ հայտնեց՝ միևնույն ժամանակ չհորդորելով իր կողմնակիցներին քվեարկել թեկնածունեից որևէ մեկի օգտին։ Բացի այդ՝ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում էր կայացրել Ինջեի անունը չհեռացնել քվեաթերթիկներից և նրա օգտին տրված ձայները վավեր ճանաչել։

Ինչպես ակնկալվում էր, նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարն ընթացավ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Ներկայումս արդեն կատարվել է ձայների հաշվարկի 99.87%-ը, իսկ մնացած չհստակեցված ձայներն ամենայն հավանականությամբ այլևս չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Այսպիսով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Այսպիսով նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի, թե որ թեկնածուին կաջակցեն Սինան Օղանը և Մուհարեմ Ինջեն, քանի որ վերջիններիս ստացած քվեները երկրորդ փուլում վճռորոշ նշանակություն են ունենալու։

Նկատենք, որ ընդդիմության միասնական Քեմալ Քըլըչդարօղլուին հաջողվել է հաղթել երկրի խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Միջերկրական և Էգեյան ծովի տարածաշրջանների քաղաքներում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի նահանգների մեծ մասում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են քրդերը։ Վերջին հանգամանքը պայմանավորված է քրդմետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության կողմից սեփական թեկնածու չառաջադրելու և Քեմալ Քըլըչադարօղլուին աջակցելու հանգմանքով։ Կարող ենք փաստել, որ Թուրքիայի ընդդիմությունը կրկնեց 2019 թվականին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում արձանագրված պատկերը, երբ ընդդիմությանը հաջողվել էր հաղթել խոշոր նահանգներում, սակայն երկրի մյուս շրջաններում և ընդհանուր քանակական պատկերում առաջատարը մնաց իշխանությունը։

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է հաղթել երկրի կենտրոնական, սևծովյան, ինչպես նաև Մարմարա ծովի տարածաշրջանի նահանգներում։ Էրդողանը նույնպես կրկնել է 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում արձանագրված պատկերը, երբ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հիմնականում հաղթել էր վերոհիշյալ շրջաններում։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ համաձակ առաջատար է Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքը, որի անդամ կուսակցություններին հաջողվել է ստանալ ձայների 49.46%-ը։ Այս ցուցանիշով դաշինքի անդամ կուսակցությունները կստանան խորհրդարանի 600 մանդատներից 322-ը, որից 267-ը կստանա Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 50-ը՝ գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը, իսկ 5-ը՝ «Կրկին բարօրություն» կուսակցությունը։ Այսպիսով, չնայած իշխող դաշինքին հաջողվել է ստանալ խորհրդարանական տեղերի կեսից ավելին, այնուամենայնիվ դա հաջողել է անել հատկապես «Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքի արդյունքում, որն էլ ավելի է մեծացնելու ազգայնականների ազդեցությունը և Էրդողանի կախվածությունն այս կուսակցությունից։

Ընդդիմադիր «Ազգ» դաշինքը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 35.02%-ը, որի արդյունքում կստանա 213 պատգամավորական մանդատ։ Այս մանդատներից 169-ը բաժին կհասնի հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը, իսկ 44-ը՝ ազգայնական «Լավ» կուսակցությանը։ Միևնույն ժամանակ նշենք, որ «Ազգ» դաշինքը ընտրություններին մասնակցել է միասնական ցուցակով, որում ընդգրկվել են նաև դաշինքի մաս կազմող մյուս փոքր կուսակցությունները։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրել է «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ ստանալով ձայների 10.54%-ը։ Այս դաշինքի կազմում և Կանաչների ձախ կուսակցության ցուցակով է ընտրություններին մասնակցում քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցությունը, որի նկատմամբ ներկայումս դատական գործընթաց է իրականանում և կուսակցությունը գտնվում է փակման վտանգի տակ։ Դաշինքը խորհրդարանում կստանա ընդհանուր թվով 65 մանդատ, որից 61-ը բաժին կհասնի Կանաչների ձախ կուսակցությանը, իսկ 4-ը՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցությանը։

Այսպիսով, մայիսի 28-ին Թուրքիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուների միջև։ Ակնկալվում է, որ այս երկու շաբաթվա ընթացքում ընտրապայքարն էլ ավելի կթեժանա, քանի որ երկու կողմն էլ կգործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի վերջնարդյունքում հաղթի իր նախընտրած թեկնածուն։ Մի շարք փորձագետներ պնդում էին, որ երկրորդ փուլում հաղթելու ավելի մեծ շանսեր կարող է ունենալ այն թեկնածուն, ում դաշինքը խորհրդարանում առավել թվով մանդատներ կստանա։ Տվյալ դեպքում այդ թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Միևնույն ժամանակ չափազանց կարևոր նշանակություն ունի, թե ընտրությանը մասնակցած մյուս երկու թեկնածուները իրենց աջակիցներին որ թեկնածուի օգտին կհորդորեն քվեարկել։ Այնուամենայնիվ կարող ենք փաստել, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների առումով ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ որևէ կերպ հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։ Հիշեցնենք, որ գործող նախագահ Էրդողանին 2014 և 2018 թվականներին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաջողվել էր ստանալ քվեների կեսից ավելին և երկրորդ փուլի անհրաժեշտություն չէր եղել։

Թուրքիայում որոշ փորձագետների համոզմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլը կարող է մեծացնել լարվածությունը, կամ նվազեցնել մասնակցության ցուցանիշը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ամեն գնով կհաղթի, իսկ որոշները պնդում են, որ այն բխում է Քըլըչդարօղլուի շահերից՝ հիշեցնելով հատկապես 2019 թվականին Ստամբուլում կայացած կրկնակի ընտրությունները, երբ առաջին փուլում ընդդիմության թեկնածուն հաղթել էր չնչին տարբերությամբ, իսկ իշխանությունները չեղարկել էին արդյունքները և նոր ընտրություններ նշանակել, որտեղ ակտիվ մասնակցեցին նաև չկողմնորոշված քաղաքացիները և ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն համոզիչ հաղթանակ էր տարել։

Թուրք քաղաքագետ Թանժու Թոսունը կարծում է, որ իշխող «Ժողովուրդ» դաշինքը ընտրություններում առաջնահերթություն է տալիս անվտանգությանը, կայունությանը և գոյատևմանը, իսկ ընդդիմադի «Ազգ» դաշինքն ավելի շատ կենտրոնանում է սիրո, արդարության, փոփոխությունների հույսի և խոստումների վրա: Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն չստանալով՝ ընդդիմությունը առաջանահերթություն կտա անվտանգային հարցերին, որպեսզի կախվածություն չունենա քրդամետ կուսակցության աջակցությունից։ Նրա համոզմամբ՝ եթե Քըլըչդարօղլուն առաջին փուլում 3-4%-ով գերազանցեր Էրդողանին, ապա երկրորդ փուլում չէր անդրադառնա անվտանգության և գոյատևման հարցերին։

Քաղաքագետը ընդգծել է, որ երկրորդ փուլում ընդդիմությունը առաջնահերություն կտա «Մեզ իշխանության բերեք, եկեք փոփոխությունը կատարենք» հռետորաբանությանը։ Նա ակնկալում է, որ երկրորդ փուլում մասնակցությունն ավելի բարձր կլինի՝ հաշվի առնելով Ստամբուլում կայացած կրկնակի ՏԻՄ ընտրությունների փորձը։ Թոսունը չի բացառել բախումների հնարավորությունը՝ նշելով, որ Թուրքիայի երիտասարդությանը չափազանց հեշտ է բևեռացնելը։ Նա միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ երկրորդ փուլն ավելի ձեռնտու կլինի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Թուրքիայում գործող MAK հետազոտական ընկերության տնօրեն Մեհմեթ Ալի Քուլաթը կարծում է, որ երկրորդ փուլը չպետք է դիտարկել որպես առաջին փուլի շարունակություն, քանի որ այս ընտրությունները կզարգանան բոլորովին այլ պայմաններում։ Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և դաշինքների արձանագրած արդյունքները կկորցնեն իրենց նշանակությունը։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երկրորդ փուլում ավելի վճռորոշ կլինի երկու առաջնորդների ելույթները։

Ի տարբերություն Թոսունի՝ Քուլաթը նշել է, որ երկրորդ փուլում մասնակցության նվազում կարող է լինել քանի որ ժամանակային առումով օտարերկրյա ընտրողներին և երկրաշարժից տուժած շրջանների քաղաքացիներին ընտրատեղամաս տանելը կարող է խնդիրներ առաջացնել։ Հարցին, թե երկրորդ փուլում ո՞ր թեկնածուն ավելի շատ հնարավորություններ կունենա՝ Քուլաթի կարծիքով դա կլինի Էրդողանը՝ հաշվի առնելով առաջին փուլում նրա արձանագրած առավելությունը և վերջինիս ակնառու ելույթները։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»