Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է ուժ գտնել և ներողություն խնդրել այն բանի համար, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումը» 2008 թվականին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց: Իվանիշվիլին նաև վերահաստատել է, որ իր կուսակցությանն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն ստանալ՝ խորհրդարանում տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների համար։
Իվանիշվիլիի այս հայտարարությունից հետո փորձագիտական դաշտում կրկին պնդումներ եղան, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում, ըստ որոնց դեպի կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձ կատարելու դիմաց վերջինս առաջիկա տարիներին Աբխազիան և Հարավային Օսիան ինչ-որ կարգավիճակիով կվերադարձնի Վրաստանին։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ այս ձևակերպումների հետ համաձայն չէ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը և Վրաստանը տարիներ ի վեր բանակցություններ են վարում, որոնցում մինչև վերջերս վրացական կողմը ներկայացնում էր Զուրաբ Աբաշիձեին։ Նրա խոսքով՝ ժամանակին այդ բանակցությունները հիմնականում Շվեյցարիայում էին անցկացվում, որոնց շրջանակներում մի քանի առանցքային հարցեր էին քննարկվում․

«Հարցերից մեկն էլ Աբխազիայով անցնող ճանապարհի բացումն էր։ Այսինքն՝ խոսել ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին, ես կարծում եմ՝ լուրջ չէ։ Բանակցությունները միշտ էլ ընթացել են և ակնհայտ է՝ հիմա նույնպես ընթանում են»։
Ստեփան Դանիելյանը շեշտում է՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցերը տարբերվում են իրարից։ Նա հիշեցրեց, որ նախքան 2008 թվականին Սաակաշվիլիի կողմից իրականացված ավանտյուրան, վրաց-օսական հարաբերությունները բավականին նորմալ էին։ «Օսերը ազատորեն գալիս էին Վրաստան, սովորում էին, բուժվում էին, վրացիներն էլ իրեն հերթին՝ գնում էին Հարավային Օսեթիա, առևտուր էին անում, ու երկկողմ հարաբերություններն աստիճանաբար կարգավորվում էին։ Ես կարծում եմ՝ օսերի հետ վրացիների հարաբերությունները կարող են կարգավորվել ավելի շուտ, և դա ավելի հեշտ է, քան աբխազների հետ։ Աբխազիայի հետ խնդիրներն ավելի բարդ են»,- ասաց նա։
Անդրադառնալով Աբխազիան և Հարավային Օսեթիան ինչ-որ կարգավիճակով Վրաստանին վերադարձնելու հեռանկարին՝ մեր զրուցակիցը նշեց, որ, իր համազմամբ, խնդիրն այդպես չի դրված․ «Վրաստանում փորձում են նախ հարաբերությունները կարգավորել՝ Օսեթիայի, նաև Աբխազիայի հետ, իսկ հետագայում գտնել ինչ-որ լուծումներ։ Լուծումները կարող են տարբեր լինել՝ ընդհանուր պետություն, ինքնավարություն և այլն։ Այն ժամանակ՝ 1990-ական թվականներին Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանի հետ բարձր ինքնավարության հարցն էին քննարկում»։
Դանիելյանը նկատում է, որ նախքան հարաբերությունների կարգավորումը, որի համար գուցե տասնյակ տարիներ անհրաժեշտ լինեն, կարևոր խնդիր է նաև հաղորդակցությունների բացումը՝ նախ Աբխազիայի, հետո նաև Հարավային Օսեթիայի տարածքով։ Ըստ նրա՝ ներկայումս բանակցություններ են ընթանում նաև աբխազական երկաթուղու վերաբացման հարցով և ինչ-որ առումով ՌԴ-ն Աբխազիայի նկատմամբ ճնշումներ է գործադրում։
«Գիտենք՝ Ռուսաստանի և Աբխազիայի հարաբերությունները մի փոքր տարբեր են։ Ենթադրում եմ, որ այդ ճանապարհի կարգավիճակի խնդիրը նույնպես առկա է բանակցություններում։ Իսկ ինչ վերաբերում է, որ Ռուսաստանը կարող է Աբխազիան և Հարավային Օսեթիան վերադարձնի Վրաստանին, ապա քանի դեռ Վրաստանը աբխազների և օսերի հետ իր հարաբերությունները չի կարգավորել, նման հարց քննարկելը լուրջ չէ։ Վրաստանի իշխանությունները շատ ճիշտ քաղաքականություն են վարում՝ պատրաստակամություն հայտնելով ընտրություններից հետո օսերից ներողություն խնդրել՝ 2008 թվականի պատերազմի համար։ Սա վկայում է, որ Վրաստանում այսօր չափազանց լուրջ և պրագմատիկ իշխանություն գոյություն ունի»,- նշում է նա։
Ստեփան Դանիելյանը հավելեց՝ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները միանշանակ հաղթելու են հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, իսկ միացյալ ընդդիմությունը բավականին ցածր վարկանիշ ունի։ «Այլ հարց է, որ Վրաստանում քննարկում են կամ մամուլը գրում է, որ կարող են ինչ-որ բախումներ ու դեպքեր լինել՝ իրավիճակը ապակայունացնելու համար, սակայն դա արդեն ընտրական պրոցեսի ընթացքում՝ ընտրությունների տրամաբանությունից դուրս»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան