Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը: Այս մասին հայտատարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:
Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:
Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:
Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Տեսանյութը և լուսանկարները Մարդու իրավունքների պաշտպանին են ուղարկել քաղաքացիները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հարակից շենքի բանակիչներից ահազանգում են․
«Ամբողջ փոշին լցվում է տներ, չեն կարողանում քանդել, բայց չեն էլ դադարեցնում քանդման աշպատանքները։ Տրակտորներով կապել, քաշքշում են, բայց շենքը չի քանդվում։ Ողջ հարակից տարածքը փոշու մեջ է»,- ասաց բնակիչներից մեկը։
Հայտնել էինք նաև, որ այսօր Երևանում շենք են պայթեցրել։ Այդ մասին գրառումներ են հայտնվել համացանցում․
Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել, առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու, առանց ինչ-որ մեկին տարհանելու, կարծես անապատում են աշխատում...»
Իսկ Դավիթ Հայրպետյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ փլվող շենքից ոչ հեռու մարդիկ են կանգնած, որ ինչ-որ պահից սկսում են փախչել։ «Շատ հետաքրքիր է քա*ապետարանը կտուգանի՞ տնտեսվարողին մի ամբողջ թաղամաս փոշու մեջ թողնելու համար, թե աչք կփակի, ինչպես Ծիծեռնակաբերդի խճուղու մի ամբողջ կորած գծի վրա»,- գրել է նա։