copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 18:00 10-09-2024

Քաղաքական ռոմանտի՞զմ, թե՞ ամնեզիա. Սամվել Բաբայանի յուրօրինակ առաջարկը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի շրջանում հայկական երկրորդ հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշար է հրապարակել, որի առաջին մասում անդրադարձել է Հայաստանի դիրքավորման պոտենցիալին՝ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։

Հոդվածում Արցախի ԱԽ նախկին քարտուղարը մի շարք դիտարկումներ է կատարել, որոնք արժանի են ուշադրության և հակադարձման․

Մասնավորապես Բաբայանը նշում է, որ Մեղրիի ճանապարհի բացումը Իրանի «կարմիր գիծն է», քանի որ, Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին ուղիղ կապվելու դեպքում, զրոյանում է Իրանի ազդեցությունը Նախիջևանի, ըստ այդմ՝ ամբողջ Ադրբեջանի վրա։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը կարող է և պետք է փոխշահավետ միջնորդություն դրսևորի եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև՝ համոզելու մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս իր հերթին վերանայի Մեղրիի ճանապարհի բացման նկատմամբ ունեցած դիրքորոշումը։

Սամվել Բաբայանի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի կամ, ինչպես Բաբայանն է ասում, Մեղրիի ճանապարհի գործարկումը բխում է ոչ թե թուրք ադրբեջանական տանդեմի, այլ Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, իսկ Իրանն առ այսօր թույլ չի տալիս, որ այդ խիստ հայանպաստ նախագիծը կյանքի կոչվի։ Նա միևնույն ժամանակ կարևորում է, որ ճանապարհը գործի պարզեցված ընթացակարգով՝ մոռացության մատնելով այն իրողությունը, որ Բաքուն կտրականապես մերժում է այդ տարբերակը՝ պահանջելով արտատարածքային միջանցք, իսկ անհնարինության դեպքուրմ այնպիսի հաղորդակցությունը, որը կվերահսկվի ռուս սահմանապահների կողմից։

Այս համատեքստում մեր ընթերցողներին ցանկանում ենք հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի քանի անգամ առաջարկել է, որ Նախիջևանը Ադրբեջանին կապող հաղորդակցությունը գործի պարզեցված ընթացակարգով, ավելին՝ ԱԱԾ-ին հանձնարարել է Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծել, սակայն Բաքուն հրաժարվել է օգտվել Հայաստանի առաջարկած ճանապարհից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղություններով քաղաքացիներն ու բեռները պետք է երթևեկեն առանց որևէ մաքսային վերահսկողության, որը ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնություն՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի որ հիշյալ պայմանները գործում են բացառապես արտատարածքային միջանցքների դեպքում։

Իրանի դիրքորոշումը բարեհաջող կերպով «վերանայելուց» հետո Բաբայանը համոզմունք է հայտնում, որ դա թուրքմենական և իրանական գազը Հայաստանի ու Վրաստանի տարածքով Եվրոպա արտահանելու, ինչպես նաև Մեղրիի ճանապարհը բացելուց հետո Հայաստանի նկատմամբ Վրաստանի հնարավոր կոշտ դիրքորոշումը մեղմելու հնարավորություն կտա։ Սամվել Բաբայանը նշում է, որ գազի տարհանումը կիրականացվի Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա խողովակաշարով, ինչը տնտեսագետներն իրատեսական չեն համարում՝ նախևառաջ Ադրբեջանի կոշտ հակազեցության պատճառով, քանի որ վերջինս դեռևս 2022 թվականին ԵՄ-ի հետ գազային պայմանագիր ստորագրեց՝ պարտավորվելով կրկնապատկել Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։

Բացի այդ, իրատեսական չի, որ ՀՀ-ի նման երկրին կհաջողվի ԵՄ-ի հետ այնպիսի բանակցություններ վարել, որ վերջինս ադրբեջանական գազը փոխարինի իրանականով, հատկապես այն դեպքում, երբ Իրանը վերջին տարիներին խորացրել է Ռուսաստանի հետ իր ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչի հետևանքով բախվել է արևմտյան պատժամիջոցների կոշտացմանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հարուցվելիք հնարավոր խոչընդոտներին՝ Բաբայանն առաջարկում է դրանք հաղթահարել Ադրբեջանի «միջնորդությամբ»։ Այս համատեքստում նա նշում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնի Հայաստանին նույն գներով գազ մատակարարի, ինչ Ռուսաստանը, թույլ տա ՀՀ-ին իր տարածքով անվտանգ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի ՌԴ և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև թույատրի արցախցիների վերադարձը ԼՂ՝ ինքնավարության կարգավիճակով, ինչն, իր համոզմամբ, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հնարավորություն կտա փոխվստահության մթնոլորտ ստեղծել:

Ինչ վերաբերում է Հայաստան ադրբեջանական գազ մատակարարելու հնարավորությանը, որը ՔՊ-ական միջին և խոշոր կալիբրի պաշտոնյաները նույնպես վերջին ամիսներին չեն բացառում, ապա դա իրատեսական չենք համարում՝ նախևառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը վերջին տարիներին ռուսական գազը Եվրոպա վերաարտահանելու միջոցով հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ է ստանում և վերջինս Հայաստանից մի քանի միլիոն դոլարի եկամուտ ստանալու դիմաց ՌԴ-ի հետ իր համագործակցությունը, ինչպես նաև իր գերշահեկան կարգավիճակը չի վտանգի։ Եթե անգամ տեսականորեն Ադրբեջանը օրերից մի օր Հայաստանին բնական գազ մատակարարի, ապա վերջինս այդ հանգամանքը կօգտագործի ՀՀ-ի տնտեսական և էներգետիկ շրջափակումը մեծացնելու նպատակով, քանի որ Ալիևի վարչակազմը Հայաստանի հետ խաղաղության չի ձգտում և հավակնություններ ունի մեր երկրի ողջ տարածքի նկատմամբ։ Բաքուն այս հավակնություններն առանձնապես չի էլ թաքցնում և ՀՀ տարածքը պաշտոնական մակարդակով անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Չափազանց խնդրհարույց և անիրատեսական է, թե ինչպիսի անվտանգային երաշխիքներ պետք է տրամադրի Ադրբեջանը, որոնց դեպքում Հայաստանն այդ երկրի տարածքով ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ իրականացնի։ Հիշեցնենք, որ անգամ խորհրդային տարիներին, երբ չկար Արցախյան հակամարտությունը ու թվում էր թե առկա են ամենաբարձր անվտանգային երաշխիքները, Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռները հարձակումների էին ենթարկվում, երբեմն դրանք առհասարակ տեղ չէին հասնում և այլն։

Արցախի բնակչության կոլեկտիվ վերադարձի հնարավորության հարցում նույնպես չենք կիսում Սամվել Բաբայանի լավատեսությունը, քանի որ եթե Ադրբեջանի օրակարգում նման հարց լիներ, ապա վերջինս 1 տարի առաջ հարձակում չէր գործի և ամբողջովին չէր բռնազավթի ու էթնիկ զտումների չէր ենթարկի Արցախի ավելի քան 120 հազար բնակչությանը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի նոյեմբերից հետո բազմիցս հայտարարել է, որ Արցախին որևէ ինքնավար կարգավիճակի տրամադրումը բացառվում է, և եթե արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում, ապա պետք է համաձայնեն ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը։ Արցախի բնակչության հավաքական վերադարձը հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե հայկական բանակը օրերից մի օր կարողանա վերաազատագրել Արցախը, ինչը ներկա փուլում իրատեսական չէ։

Բաբայանը բավականին հպանցիկ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ Թուրքիան իր հերթին պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն ու ապահովի իր տարածքով անխոչընդոտ ցամաքային, օդային, ծովային ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։ Միևնույն ժամանակ վերջինս զարմանալիորեն չի նշել, որ Հայաստանը կատարել է Թուրքիայի ներկայացրած գրեթե բոլոր նախապայմանները, սակայն այդ երկիրն առ այսօր հրաժարվում է երկկողմ հարաբերությունների կարգավորումից, ավելին՝ չի կատարում միջպետական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել 2022-ի հուլիսի 1-ին։

Այսպիսով, Արցախի ԱԽ նախկին քարտուղարը, ով 44-օրյա պատերազմի շրջանում հավուր պատշաճի կատարել է իր պարտականությունները, ապահովել հայկական երկրորդ հանրապետության և նրա բնակչության անվտանգությունը, այժմ էլ որոշել է Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների լուծմանը նպաստել և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր ելքն առաջարկել։ Սամվել Բաբայանի առաջարկած անիրատեսական լուծումները կարող են պայմանավորված լինել կամ քաղաքական ռոմանտիզմով, կամ էլ ամնեզիայով, այլապես Արցախի Պաշտպանության բանակի ձևավորման ակունքներում կանգնած գործիչը նման խնդրահարույց և Հայաստանի համար լրջագույն ռիսկեր պարունակող լուծումներ չէր առաջարկի։

Հավանաբար Սամվել Բաբայանն արտաքին քաղաքականությանն ու աշխարհաքաղաքական զարգացումներին նույնքան լավ չի տիրապետում, որքան անվտանգային խնդիրներին կամ նա պարզապես հիշողության կորուստ ունի և չի հիշում, որ օրինակ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել 1 տարի առաջ և այժմ իրատեսական է համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախին ինքնավարություն տրամադրել և կթույլատրի արցախցիների վերադարձը։


adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
20:39 Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
15:35 Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
22:47 Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
22:33 Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
18:29 Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները. այսօրվա ձերբակալության հետքերով
19:45 «Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում
17:35 Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին
18:00 Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր
22:30 Համբարյան, Խաչատրյան, Սիմիդյան. ո՞վ կնշանակվի արդարադատության նախարար