Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կրկնվող հայտարարությունները Հարավային Կովկասում հաղորդակցության երթուղու վերաբերյալ պահանջում են ռուս պաշտոնյաների համար Իրանի որոշ սկզբունքների հստակ շեշտադրում: Այս մասին տեղեկացնում է Իրանի իշխանություններին մոտ կանգնած Tasnim լրատվական գործակալությունը՝ «Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու» վերտառությամբ հոդվածքում։
Իրանական լրատվամիջոցը հիշեցրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան կողմ է «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը, հաղորդակցությունների արգելափակման վերացմանը»: Լավրովը Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին խոչընդոտելու համար մեղադրել էր հայկական կողմին։
Իրանական աղբյուրն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Լավրովի այս դիրքորոշումը ԶԼՄ-ներում տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների առիթ է տվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու Մոսկվայի ցանկության առնչությամբ:
Նշվում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներում բազմիցս հայտարարել են Թեհրանի բացահայտ հակազդեցության մասին այս միջանցքին, որն աշխարհաքաղաքական փոփոխությունների կբերի սահմաններում և տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցը հայտնել է, որ Ռուսաստանի նման դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ավելի է սրվել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո, ով նշել էր, որ Զանգեզուրի երթուղին կարող է Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի հետ, և որ երթուղու ապաշրջափակման հարցն անպայման կքննարկվի Հայաստանի հետ եռակողմ խաղաղ բանակցությունների շրջանակներում։
«Վերջին քննարկումներից հետո Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձը փոխանցելու համար, իսկ արտաքին գործերի նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանին (Ալեքսեյ Դեդովին) նախարարություն է կանչել»,- գրում է լրատվականը։
Հոդվածում նաև ասվում է, որ ըստ իրազեկ աղբյուրների, ՌԴ-ում Իրանի դեսպանը նույնպես հայտարարել է Թեհրանի բողոքի մասին՝ ընդդեմ ՌԴ արտգործնախարարության դիրքորոշումների։
«Ռուսաստանի իշխանություններին հարկ է հիշեցնել մի քանի կետ.
Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ արեց, որոնք հակասում էին Իրանի սպասումներին: Ռուսները մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի, լինի Զանգեզուրը, թե ուրիշը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին: Ուստի այս դիրքորոշումը անակնկալի բերող և ապշեցնող է:
Իրանն անվտանգության տեսանկյունից չի ընդունում որևէ փոփոխություն իր սահմաններում: Չկա այնպիսի կանոն, ըստ որի՝ Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքն առավելություն չունեն մյուսների նկատմամբ: Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է օգտագործեն «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Թվում է, թե ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է և կարծում է, որ իրեն ձեռնտու է լուծել Հայաստանի հետ իր խնդիրը՝ օգտագործելով երևակայական «Զանգեզուրի միջանցքը», որը, իհարկե, չի ստեղծվի Իրանի հակազդեցության շնորհիվ: «Զանգեզուրի միջանցքի» բացումը նշանակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկի փակում և Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թիվը 15-ից 14-ի կրճատում։
Հաշվի առնելով «ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգը, որին ձգտում են Իրանը և Ռուսաստանը, նման մարտավարական քայլերի ձեռնարկումը հակասում է ռազմավարական հարաբերությունների սկզբունքներին... Եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ ուրիշների հաշվին բացելով հակամարտությունների նոր ճակատ, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի, և աշխարհը կհայտնվի մշտական քաոսի մեջ», - նշվում է հոդվածում: