copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 21:00 29-08-2024

Ուսուցիչների հոգին հանել են․ ատեստավորումներն ու վերապատրաստումները կրթության որակը չեն բարձրացնում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման գործընթացի շուրջ կրքերը չեն հանդարտվում, հազարավոր ուսուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են դրանցում առկա բազմաթիվ խնդիրների մասին։ Այսօր էլ կառավարության որոշմամբ փոփոխություններ արվեցին ուսուցիչների վերապատրաստման կարգում․ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով:

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մենք, ըստ էության, ասում ենք, որ եթե ուսուցիչը նույնիսկ 100 տոկոս արդյունքով հանձնել է կամավոր ատեստավորումը, սա չի նշանակում, որ չպետք է վերապատրաստվի: Նա պետք է վերապատրաստվի 5 տարվա ընթացքում, օրինակ, որ նոր տեխնոլոգիաներ, նոր գիտելիքներ, նոր մեթոդներ սովորի: Այսինքն մանկավարժության զարգացումների հետ իրեն դարձնենք հնարավորինս համահունչ»,- ասաց նա:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ․ «Ուսուցիչների անունից մի բան ասեմ․ ուսուցիչներն ասում են, որ իրենց ատեստավորումներով ու մնացած ամեն ինչով մեր հոգին հանեցին։ Այս ամբողջ դժգոհությունները գալիս են նրանից, որ ուսուցիչներին ու նրանց աշխատավարձերի հարցին համակարգված մոտեցում չի ցուցաբերվում»։

Կրթության փորձագետը շեշտում է, որ իրականացվող ատեստավորումները կրթության որակի վրա էական ազդեցություն չեն ունենում։ Ըստ նրա՝ սա հերթական անգամ ապացուցում է, որ այդ ատեստավորումները ձևական բնույթ են կրում։

«Ուսուցիչը պետք է վերապատրաստվի, ատեստավորվի, վերապատրաստվի, ատեստավորվի և դրա փոխարեն ոչ մի փորձ չանի, որպեսզի կրթության մակարդակը բարձրանա, դասավանդման մեջ նոր մեթոդաբանություն օգտագործվի և այլն։ Այս ամբողջը գալիս է այն մոտեցման սնանկությունից, որը ցուցաբերվում է հանրակրթության համակարգին ընդհանրապես և ուսուցիչներին՝ մասնավորապես»,- նկատում է փորձագետը։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ գործընթացը կրթության որակի բարձրացմանը չի նպաստում, սակայն կառավարությունը համառորեն առաջ է մղում այն՝ Ատոմ Մխիթարյանը պատասխանեց՝ արդեն ակնհայտ է դառնում, որ այստեղ միտում կա։ Ըստ նրա՝ եթե այդ բոլոր գործընթացները բերում են նրան, որ տարեցտարի բուհեր ընդունվողների և միասնական քննություններից դրական գնահատականներ ստացող շրջանավարտների թիվը պակասում է, ապա նշանակում է, որ այստեղ գիտելիքների պակաս կա։

«Եթե այս մեթոդներն արդյունք չեն տալիս, ապա դրանք արդյունավետ չեն ու անհրաժեշտ է փոխել, այլ ոչ թե խորացնել ու անընդհատ շարժվել նույն ուղղությամբ․ ինչպես ասում են, գլուխը խփել պատին՝ հասկանալով, որ դրանից ոչինչ չի փոխվում, բայց նորից շարունակում ենք ուղով ու նույն ոգով, նույնիսկ ավելի ոգևորված»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի