copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:30 09-11-2023

Ակադեմիական քաղաքի կառուցումն անտրամաբանական է, երբ բարձրագույն կրթության որակը չի բարելավվում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար խոսում է Ակադեմիական քաղաքի նախագծի մասին, այնուամենայնիվ ոլորտի մասնագետներն ու փորձագետները թերահավատ են, որ այն կհաջողվի կյանքի կոչել։ Ավելին մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ծրագիրն ի սկզբանե տապալված է և հաջողելու անգամ տեսական հնարավորություն չունի։

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն, ինչը նույնպես շատերն անիրատեսական են համարում՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր ու տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ նախքան Ակադեմիկան քաղաքի գաղափարը մենք ունեցել ենք Հայաստանի զարգացման մինչև 2050 թվականի ռազմավարությունը, այնուհետև հստակեցվեց կրթության ոլորտի մինչև 2030 թվականի զարգացմանը ծրագիրը, որտեղ նշված են գործողություններ և նպատակներ, որոնց իրականացումը հնարավոր է թե՛ առանձին Ակադեմիական քաղաքի ստեղծմամբ, թե՛ առանց Ակադեմիական քաղաք կառուցելու։

Հայրապետյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ բարձրագույն կրթության որակը բարելավելու ուղղությամբ նվազագույն քայլերը չեն կատարվում, օրինակ՝ լավագույն մասնագետներն օտարվում են, և նրանց մուտքն արգելվում է համալսարաններ, բայց զուգահեռաբար խոսվում է Ակադեմիական քաղաք կառուցելու մասին, գործընթացն առնվազն անտրամաբանական է դառնում։ «Անհասկանալի է, թե ինչու պետք է կրթության որակի բարելավման ուղղությամբ նվազգույն քայլերը չկատարվեն, բայց դրանք զուգահեռ խոսենք և ինչ-որ մեգապրոյեկտներ պլանավորենք»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ շատ լավ ծանոթ լինելով ոլորտին՝ տեղյակ է, որ նախքան Ակադեմիական քաղաքի կառուցումն ամենապարզ քայլերի միջոցով հնարավոր է մի քանի անգամ բարելավել Հայաստանում բարձրագույն կրթության որակը, որն այս պահին չի արվում։ Նա նշեց, որ տեխնիկապես Ակադեմիական քաղաքի կառուցումը և բուհերի տեղափոխումը չի բացառում՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Ակադեմիական քաղաքն իր էությամբ կառուցված է եղել Թամանյանի կողմից.

«Այսինքն, Երևանի կենտրոնի այդ ամբողջ հատվածը, որտեղ կենտրոնացված են բուհերը՝ Բժշկական համալսարանը, Տնտեսագիտական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և այլն, իր էությամբ և ամբողջությամբ Ակադեմիական քաղաք է։ Փոխանակ մենք իրական քայլեր կատարենք, որպեսզի ունենանք համաշխարհային մակարդակի բարձրակարգ բուհական կրթություն, մենք զբաղվում ենք երկրորդական քայլերով, որոնք նույնիսկ հաջող իրականացնելու դեպքում չկա որևէ երաշխիք, որ դա ազդեցություն է ունենալու կրթության որակի վրա»,- ասաց նա։

ՀՏՊՀ նախկին ռեկտորը նշեց, որ շատ դրական կվերաբերվեր ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարին, եթե զուգահեռաբար կառավարությունն ազդակներ ցույց տար, որ իսկպես մտահոգված է կրթության որակի բարձրացմամբ։ Նա ափսոսանք հայտնեց, որ իրական ռեֆորմների փոխարեն կատարվում են պոպուլիստական քայլեր, որպեսզի հենց այդ պահին որևէ մեկը չդժգոհի, սակայն դրանցով անտեսվում է մեր սերունդների ապագան, ուստի այդ գաղափարին չի կարող լուրջ վերաբերվել.

«Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, թե բուհերի տեղափոխումն ինչ խնդիր պետք է լուծի այն պարագայում, երբ բուհերը գտնվում են հրաշալի վայրում, սակայն ստեղծում են մեղմ ասած ցածր որակի պրոդուկտ»։

Ռուբեն Հայրապետյանը նաև նշեց, որ մինչև 2030 թվականի Կրթության զարգացման ծրագրով նախատեսված է, որ մինչև այդ թվականը Հայաստանում գործող 4 բուհ պետք է լինի աշխարհի լավագույն 500 բուհերի վարկանիշային ցուցակում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ակադեմիական քաղաքի ծրագրով նոր ստեղծվող և տեղափոխվող բուհերը, ինչպես նաև Ակադեմիական քաղաքն իրենց գործունեությունը պետք է սկսեն 2030 թվականից։

«Մենք այս պահից հաշված մինչև 2030 թվականն ունենք 7 տարի, իսկ Ակադեմիական քաղաքի կոնցեպտը ենթադրում է, որ այդ բուհերը 2030 թվականից նոր պետք է իրենց գործունեությունն ամբողջ ծավալով իրականացնեն, սակայն, ինչպես արդեն նշեցի, կրթության ծրագրով արդեն նախատեսված է, որ մինչև 2030 թվականը 4 բուհ պետք է լինի աշխարհի լավագույն 500 բուհերի վարկանիշային ցուցակում։ Սա նշանակում է, որ մենք ակադեմիական քաղաքի գործողությունների ծրագրի ժամանակացույցով արդեն փաստում ենք, որ կրթության զարգացման 2030 թվականի ծրագիրն ի սկզբանե ֆեյք է եղել, որոհետև մենք կրթության որակի բարձրացման և կրթական համակարգի բարեփոխման իրական ծրագրերն այս պահից սկսած չենք իրականացնում, փոխարենը խոստանում ենք, որ 2030 թվականից Ակադեմիական քաղաք է գործելու, բայց զուգահեռաբար հայտարարել էին, որ այդ թվականին արդեն 4 բուհ պետք է լիներ լավագույն 500-ի մեջ»,- ընդգծեց նա։

Հայրապետյանը հավելում է, որ երկու ծրագրերի անհամապատասխանությունը փաստում է, որ դրանք երկուսն էլ կեղծ են, իսկ մենք արդեն երկու տարի կորցրինք՝ հայտարարելով, որ Ակադեմիական քաղաքը լինելու է Աշտարակում, իսկ հիմա վայրը փոխվեց։ «Այսինքն, մենք անընդհատ կորցնում ենք տարիներ, որի հետևանքով կրթական համակարգը շարունակում է մնալ ծայրահեղ վատ վիճակում, տալիս ենք միայն խոստումներ, իսկ երբ գործը հասնում է փաստացի քայլեր կատարելուն չենք անում դա՝ պոպուլիստական եղանակով որևէ մեկին չհարվածելու և քաղաքական խնդիր չառաջացնելու համար»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված