«Գնում եմ, մամ ջան, ես էդ տղեն չեմ, գնում եմ, որ տղաներս խաղաղ մեծանան»․ սա էր վերջին խոսքերը, որ Մյասնիկը հասցրեց ասել` նախքան ընտանիքին հրաժեշտ տալը և պատերազմի ճակատ մեկնելը։
Պազտերազմը սկսելուն պես զորամասից զանգ ստացավ, հավաքեց անհրաժեշտ իրերը, հրաժեշտ տվեց ընտանիքին ու գնաց. «Փորձեցինք ետ պահել, խնդրեցինք, որ չգնա, բայց բոլորի կյանքը վեր դասեց իրենից...»,- ցավով պատմեց կինը՝ Անին։
Մյասնիկ Մյասնիկյանը ծնվել է 1990 թվականի մայիսի 21-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Ընտանիքի միակ որդին էր՝ երկու քույրերի սիրելի եղբայրը, երկու տղաների՝ 6 ամյա Հայկի ու 9 ամյա Պարգևի հայրը, սիրող ու հավատարիմ ամուսինը (հեղ․ այսպես է բնութագրում կինը՝ Անի Մարտիրոսյանը)։ Մյասնիկի և Անիի սիրո պատմությունը սկսել էր 2013 թվականից։ Անին, ցանկանալով աշխատել, որոշեց աշխատանքի վայր ընտրել կողքի գյուղի նորաբաց սուպերմարկետը, որտեղ Մյասնիկը տեսնում և սիրահարվում է նրան։ Բայց 44-օրյա պատերազմը փոխեց նրանց ճակատագրերը։ Ապրիլյան պատերազմից մինչև խաղաղապահ առաքելություն՝ Աֆղանստանում․ նա միշտ եղել է այնտեղ, որտեղ իր կարիքը ունեցել են։
Վերջին տեսազանգերը Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Մյասնիկը Քարվաճառում էր՝ խաղաղապահ զորքերի կազմում։ Չնայած պատերազմական ծանր իրավիճակին, նա միշտ ժամանակ էր գտնում զանգելու հարազատներին, տեսազանգով խոսելու իր փոքրիկների հետ․ «Մյասնիկը քառօրյայի ժամանակ ևս զանգել է, տեսազանգով խոսել ենք՝ միշտ ժպիտով և կատակներով, ցույց չի տվել էն ամեն ինչը, ինչ-որ իրականում զգում է, բայց 44-օրյայի ժամանակ չեմ կարա ասեմ նույնը, իրա հայացքից, թախծոտ աչքերից ամեն ինչ զգացվում էր»,- ասաց Անին։ Նա պատմեց, որ Մյասնիկը տեսազանգով զանգահարել էր նաև քրոջը․ «Տալես զանգեց, ասեց` Ան գիտես ապերը լացել էր, դեմքը ամբողջությամբ հող էր ու արցունքների տեղը լրիվ ցեխ»։
Մյասնիկը պարզ գիտակցում էր, որ այնտեղից փրկություն չկա, նշենք, նաև, որ կա մի հեռախոսազանգ, որտեղ նա ասել էր․ «Ստեղ ահավոր է, իսկական կինո»։
Վերջին հեռախոսազանգի ընթացքում Մյասնիկը երկար խոսել էր երեխաների հետ։ Երբ արդեն պետք է անջատեր, արցունքները հազիվ զսպելով ասել էր․ «Անս, քեզ ու երեխեքիս լավ կնայես, միշտ հիշի՛ր, որ ձեզ
կյանքիցս շատ եմ սիրում...»
Հերոսական ուղիՀոկտեմբերի 2-ին Մյասնիկը և իր ընկերները 12 ժամ շարունակ անհավասար մարտեր են մղում թշնամու գերակշռող ուժի դեմ։ Նա մարտնչել է ամենաթեժ կետում՝ Քարվաճառում, ընկերոջ՝ Դավիթի հետ։ Երբ Դավիթը ասել է՝ «Դու քո պոստում չես, գնա քո դիրք», Մյասնիկը պատասխանել է՝ «Ես ո՞նց կարամ ընկերներիս մենակ թողեմ»։
Ավաղ, հերթական հրետանու պայթյունը խլում է Մյասնիկի և կամավոր ընկերոջ կյանքը, իսկ զորքի զգալի մասը վիրավորվում է։ Սակայն վաշտի հրամանատարը չէր կարող լավագույն զինակից-ընկերներին թողնել բախտի քմահաճույքին, և դուրս են բերում նրանց։
«Ամսի 4-ին ասացին, որ Մյասնիկից լուր ունեն՝ վիրավոր է...»։ Անին մինչև վերջին պահը հույս ուներ, որ վիրավորների ցուցակում կլինի ամուսնու անունը․ «Սիրտս պայթում էր ցավից, տեղս չէի գտնում, սկսեցինք փնտրել նրան բոլոր հիվանդանոցներում, հարցրել էինք, բայց նման անունով վիրավոր չունեին, անզորությունից արդեն գժվում էինք ու մի կերպ գիշերն անցկացրեցինք»։ Բայց օրեր շարունակ փնտրելուց հետո եկավ ամենածանր լուրը․․․

Անին մինչև այսօր չի կարողանում համակերպվել նրա կորստի հետ․ «Չեմ կարողանում ընդունել, որ էլ երբեք չեմ տեսնելու իմ Մյասին, իմ համար մի ուրիշ աշխարհ էր, իրենից հետո կյանքը կանգ է առել, դարձել անգույն ու անիմաստ։ Ես հպարտ եմ, որ ճանաչել ու իրեն եմ ընտրել իմ կես, երեխաներիս հայր»։ Երկար ժամանակ չէր կարողանում ասել որդիներին, իրենց հոր կորստի մասին․ «Տղաներս ամեն օր հարցնում էին հայրիկի մասին, երբ սկսում էին լաց լինել, չգիտեի՝ ինչպես բացատրեմ։ Ինձ համար շատ դժվար, ծանր օրերի էին, բայց այլևս չէի կարող թաքցնել իրականությունը մեծ տղայիցս․ կարծես թե նա միանգամից մեծացել և ամեն ինչ հասկանում էր։
Իմ մեջ ուժ գտա և պատմեցի, չափազանց ծանր տարավ հոր կորուստը, մեծ ստրես էր։ Երեխաներս այսօր էլ քնում և արթնանում են պապայի մասին հիշելով, խոսելով ու նրան կարոտելով...»։ Այժմ ևս տղաները շարունակում են սպասել իրենց հայրիկի վերադարձին։ Իսկ Անին փորձում է ուժեղ լինել հանուն իր զավակների․ «Շատ ժամանակ ուժեղ ենք ցույց տալիս, բայց իրականում՝ հոգու խորքում, շատ թույլ և մենակ ենք։ Ցանկացած պարագայում ասում-խոսում ենք, ծիծաղում, շփվում, դուրս գալիս, բայց այլևս կիսատ ենք»։
Հաղթանակի շքանշաններ, բայց սրտում չմարող ցավՄյասնիկ Մյասնիկյանը 2010 թվականին սկսել էր ծառայությունը ՀՀ ոստիկանության ներքին զորքերում, ապա 2015-ին՝ Պաշտպանության նախարարության Խաղաղապահ զորքերում։ Մասնակցել էր 2016-ի Ապրիլյան պատերազմին, 22 օր մարտնչել Թալիշում։

Ավելի ուշ, 2018-ին, մեկնել էր Աֆղանստան ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում, որտեղ պարգևատրվել էր պատվոգրերով ու մեդալներով։ Մյասնիկը հետմահու պարգևատրվել է Լեռնայանին Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «Արիության» մեդալով, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից՝ «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով։ Այսօր նրա ընտանիքը շարունակում է ապրել հպարտությամբ, բայց մեծ ցավը սրտում։ Տղաները մեծանում են հոր մասին պատմություններով, նրա սխրանքներով ու անմահ հիշատակով։
Լիլիթ Աբրահամյան