Դեռևս նախորդ տարի նոյեմբերին Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող մի քանի միլիոն դոլար արժեցող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվեց պետությանը։ Շենքը, որը միևնույն ժամանակ հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունի, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետությանը վերադարձված ամենատեսանելի և նշանավոր շինությունը։
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ ԱՕԿՍ-ի շենքը մինչև 1944 թվականը հիվանդանոց է եղել։ Բացի այդ, սա Երևանում կանգուն մնացած հազվագյուտ արժեքավոր շենքերից էր, որի շուրջ գրեթե 2 տարի դատական գործընթաց էր իրականացվում։
Իրավապաշտպանների պնդմամբ՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը (2008-2016) նախկին դեսպան Արմեն Սմբատյանի աջակցությամբ պատմամշակութային շենքը դարձրել էր նախ ՀԿ-ի սեփականություն, ապա ձևական գործարքով վաճառել օֆշորում գրանցված ընկերությանը, որը Պողոսյանի հարսինն էր։ Դատական այս վեճը հանգուցալուծվեց հաշտությամբ, ու ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվեց պետությանը։
ԱՕԿՍ-ի շենքը պետությանը վերադարձնելուց հետո ակտիվ քննարկումներ էին ծավալվում, թե պատմամշակութային այս շինությունն այսուհետ ինչ կարգավիճակով պետք է գործի։ Մինչ հանրային բազմաթիվ գործիչներ առաջարկում էին, որ ԱՕԿՍ-ի շենքում բժշկական կամ գորգերի թանգարան ստեղծել, տեղ հատկացնել նաև Շուշիից գրեթե 4 տարի առաջ դուրս բերված գորգերին, որոնք առ այսօր Հայաստանում մշտական հասցե չունեն, Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ հայտարարում էր, որ ԱՕԿՍ-ի շենքը պետք չէ կոթողացնել, և իր համար ընդունելի կլինի․ եթե անգամ այնտեղ սրճարան կամ ռեստորան բացվի, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օգտվեն այնտեղ մատուցվող ծառայություններից։
Օրերս հայտնի դարձավ, որ տևական պայքարից հետո պետությանը վերադարձված ԱՕԿՍ-ի շենքն արդեն նոր վարձակալ ունի․ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել էին, որ շենքը վարձակալելու միայն 1 հայտ է ներկայացվել, որն էլ բավարարվել է։
Պատմամշակութային այս շենքը վարձակալելու համատեղ հայտ են ներկայացրել «Կերոն» զարգացման հիմնադրամը, «Զեթ ընդ Էյ» և «Մեզոն Մառոմ» ՍՊԸ-ները, համատեղ հայտը ներկայացվել է «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ի կողմից։
ԱՕԿՍ-ի շենքի ընդհանուր տարածքը 701․4 քմ է, սակայն վարձակալության մրցույթի է ներկայացվել դրանից 651․6 քմ-ն, քանի որ շենքի 49,8 քմ մակերեսով նկուղային տարածքը կից է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեին, ու «Թիֆլիսը» դիմել է ՊԳԿ-ին՝ այդ նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով:
Նշվում է, որ շենքի վարձակալության համար այս ընկերությունները տարեկան մոտ 40․500 դոլար՝ 16 մլն 200․000 դրամ կվճարի, առաջիկա 2 տարիներին էլ 1 միլիարդ 170 միլիոն դրամի ներդրումային պարտավորություն կիրականացնի։ Ամենախոշոր ներդրումը կատարելու է հենց «Զեթ ընդ Էյ» ընկերությունը»:
«Զեթ ընդ Էյ» ընկերությունը պատկանում է Հայկ և Ղուկաս Խաչատրյաններին, ովքեր զբաղվում են բրենդային հագուստի ներկրմամբ ու վաճառքով։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Խաչատրյանները «Իդեալ համակարգ» խանութների ցանցի հիմնադրի Նորայր Խաչատրյանի որդիներն են։ «Կերոն» զարգացման հիմնադրամը մշակութային գործունեություն է ծավալում, իսկ «Մեզոն Մարոմ»-ը հիմնականում զբաղվում է երիտասարդ դիզայներների առաջխաղացմամբ»։
Վարձակալող խումբը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, թե գործունեություն է մտադիր ծավալել պատմամշակութային այս շենքի տարածքում։ «Նախատեսվում է ունենալ սրահներ, որտեղ կներկայացվեն ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական արվեստի լավագույն նմուշներ, լյուքս դասի հագուստի բրենդեր, կգործի արվեստանոց և սրճարան։ Նախագիծը նպատակ ունի միավորել բարձր արվեստն ու նորաձևությունը՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային և կոմերցիոն համալիր»։
Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանի ամիսներ առաջվա հայտարարությունն իրականություն դառնում և պատմամշակության այս շենքը, որը տարիների պայքարի արդյունքում վերադարձվեց պետությանը, այժմ դուրս է բերվում կոթողային տրամաբանությունից։
Վարձակալների խումբը շենքի տարածքում այժմ բիզնես գործունեություն է ծավալելու, ինչն ի սկզբանե կառավարությունը չէր էլ արգելել, միակ սահմանափակումն այն էր, որ ԱՕԿՍ-ի շենքի պատմական տեսքը չպետք է աղավաղվի։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության համար առաջնայինը ոչ թե պատմամշակությին կառույցների պահպանությունն է, այլ այդ շենքերից առավելագույն եկամուտ ստանալը։ Այս առիթով հենց Փաշինայնն էր կառավարության նիստում հայտարարել, որ պետությանը վերադարձված շենքերը բյուջեում հետաքրքիր եկամտային տող դառնան․ «Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրա երեխայի հետ գնա մտնի ԱՕԿՍ-ի շենք, նախաճաշի, դուրս գա, դա սրբապղծությո՞ւն ա: Բա էդ մարդանց համար չի՞ էդ»:
Բազմաթիվ քաղաքացիների ու հանրային գործիչների համոզմամբ՝ Երևանի սրտում գտնվող ու պետությանը վերադարձված այս շենքն անհրաժեշտ էր դարձնել մայրաքաղաքի այցեքարտերից մեկն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը, ցավոք սրտի, տեղի չունեցավ և նախապատվությունը տրվեց բիզնես շահին։