copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:27 09-06-2021

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սահմանադրական տրամաբանությունից դուրս է. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նրան փոխարինող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի՝ հունիսի 8-ի որոշումներով Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Քաղաքագետ Սարո Սարոյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին գերատեսչությունում տիրող իրավիճակին, Oրագիր.news-ին ասաց, որ այն տգիտությունն ու ոչ կոմպետենտությունը, որ տիրում է Հայաստանում, թույլ չի տալիս որևէ հարց լուծել՝ անկախ նրանից, թե որ կառույցի մասին է խոսքը:

«Պետության ղեկավարությունը փորձանք է դարձել բոլորի գլխին, մարդիկ աթոռից են կառչած, իսկ երկրում ներկա դրությամբ ո՛չ քաղաքական ինստիտուտներ կան, ո՛չ պետական կառույցներ, որ ինչ-որ հարց լուծեն: Իսկ օրինական ճանապարհների մասին խոսելն ավելորդ է, քանի որ սահմանադրական տրամաբանությունից դուրս է այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում: Վաղուց ոչ ստանդարտ որոշումներով պետք է հարցերը լուծվեին: Քաղաքական դաշտը և պետական ինտիտուտները ցույց են տվել իրենց անզորությունը, անկամությունն ու տգիտությունը, իսկ այն մարդիկ էլ, որոնք ներկայացնում են՝ իբր հարցեր կարող են լուծել, չունեն համապատասխան գիտելիք ու քաղաքական կամք: Այսինքն՝ լուծում չկա: Եվ այս օդից կախված վիճակում մենք արդեն մի քանի ամիս է, ինչ ապրում ենք»,- ասում է քաղաքագետը:

Հավելենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել, թե ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը նույնպես մտադիր է հրաժարական տալ, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է հետ վերցնել դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ պարագայում այլևս հնարավոր չի լինի ՀՀ ԱԱԾ պետ նշանակել:

Հիշեցնենք, որ Արտաքին քաղաքական գերատեսչությունում հրաժարականների շարքը սկսվել է մայիսի 27-ին, երբ Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց:

Ամենից շատ դիտված