ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում էր նախատեսել իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դիմել էր Մարզահամերգային համալիրի տնօրինությանը, որը սկզբում մերժել է համալիրի մեծ դահլիճը տրամադրվելու խնդրանքը և առաջարկել միջոցառումն իրականացնել փոքր դահլիճում։ Սակայն այս պայմանավորվածությունը մի քանի օր անց խախտվել է։
Oragir.News-ը պայմանագրի խզման իրական պաճառների վերաբերյալ մեկնաբնություն ստանալու համար կապվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի և «Հայատան դաշինք» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։
Նրանց մեկնաբանությունները հակասական են։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքերով՝ ՀՅԴ-ն ինքն է չեղարկել միջոցառումը։ Մինչդեռ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պայմանագիր կնքելուց հետո օրվա փոփոխության համար դիմել է և չի պատճառաբանել, թե ինչու են ուզում փոխել օրը, հաշվի չառնելով, որ Սեպտեմբերի 2-ը խորհրդանշական է, Արցախի Հանրապետության օրն է։
«Իրենք (ՀՅԴ ներկյացուցիչների մասին է խոսքը - խմբ․) մեզ մեծ դահլիճի համար չեն դիմել, դիմել են՝ փոքրի համար մենք էլ իրենց տրամադրել ու պայմանգիրը կնքել ենք։ Պայմանավորվել ենք ամսի 4-ի համար, հետո իրենք մեզ ասել են, որ գնում են «Դվին»։ Իրենք կանխավճար էլ են արել, որը հետ է վերադարձվելու իրենց։ Իրենք մեզ չեն ասել՝ ինչի համար են հրաժարվել համալիրում իրականացնել միջոցառումը։ Համենայդեպս՝ մենք և՛ դահլիճն ենք տրամադրել, և՛ պայմանգիր ենք կնքել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։
Խոսելով պայմանագրերի խզման մասին, Ղազարյանը նշեց, որ դրանք հաճախ չի, որ լինում են, բայց նաև հավելեց, որ դրանք նորմալ բիզնես հարաբերություններ են, երբ պայմանները ձեռք չեն տալիս կամ ավելի լավ պայմաններ են գտնում։ Նորմալ բան է, երբ պայմանագրի ժամկետների մեջ են պայմանագրի հարցերը լուծվում։ Պայմանագրերի մեջ ժամկետները ամբողջությամբ նշված են՝ երբ կարող ես խզել, երբ տույժեր ունենալ և այլ, և այլն։
Քրիստինե Վարդանյանն էլ
Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Մենք միջոցառումը նախատեսել ենք սեպտեմբերի 2-ին, քանի որ այդ օրը Արցախի Հանրապետության օրն է։ Համալիրի ղեկավարության կողմից կնքվել է պայմանագիր, որից հետո մեր կողմից փոխանցվել է կանխավճարը, իսկ դրանից մի քանի օր անց իրենք զանգահարել են և շատ անտրամաբանական, անբացատրելի պատճառաբանություններով ասել են, որ սեպտեմբերի 2-ին դահլիճը չի կարող տրամադրվել։ Առաջարկելեն՝ Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումը անել այլ օր, դա նույն է, ինչ ծննդյան կամ ամուսնության տարեդարձի օրը տեղափոխես այլ օր։ Բացարձակ սուտ է, որ մենք խզել ենք պայմանագիրը, մենք չենք համաձայնել օրվա փոփոխությանը, որը արդեն իսկ պայմանավորված է եղել»։
Պատգամավորը նշեց նաև, որ նշված պայմանագիրը կա, և եթե իրենք կարիք կզգան, գուցե կհրապարակեն այն։