Իշխանությունը դադարեցրել է «Գրեթերթի» ֆինանսավորումը։ Թերթն ունի 19 տարվա պատմություն։ «Գրեթերթը» համարվում է Գրողների միության պաշտոնական երիտասարդական թերթը։
Oragir.News-ի հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Խանջյանը նշեց, որ իրենց պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ «Աշխատակիցներից միայն ինչ-որ լղոզված բաներ ենք լսել, թե իբր թղթե թերթերը փորձում են պակասեցնել։ Բայց մյուս բոլոր թղթե թերթերը շարունակում են գործել, ոչ մեկին չեն կրճատել։ Բացի այդ, եթե թղթայինից հրաժարվելու տրամաբանություն է, ապա նույն կերպ կարելի է ասել՝ եկեք գրքերն էլ վերացնենք ու թողնենք միայն կայքերը։ Համոզիչ չէ։ Մշակույթը, թղթային ժառանգությունը պետք է պահպանվի»,- նշեց նա։
Խանջյանը նշում է, որ հնարավոր է՝ երկու անգամ ընդդիմադիր հայացքներով հարցազրույցներ են եղել։ «Իմ անձնական կարծիքով՝ որոշ քաղաքական դրդապատճառներ կարող են լինել։ Բայց մեր թերթը երբեք քաղաքական կողմնորոշում չի ունեցել։ Դա գրական թերթ է․ հեղինակն ինչ ուզում է՝ ազատ գրում է։ Բայց կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է, գուցե իրական պատճառը այլ է»,- նշում է խմբագիրը։
Խանջյանի համար վիրավորականն այն է, որ թերթը ստեղծվել է դեռևս Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2004-2005-ին, և այս բոլոր տարիներին պահպանվել ու ֆինանսավորվել է որպես երիտասարդական գրական թերթ։ Մոտ 40 երիտասարդ կամ արդեն կայացած գրողներ անցել են այդ դպրոցով։ Եվ հիմա նույն այդ գրողները, այդ թվում՝ նախարարության համակարգում աշխատողները, նույնպես եղել են թերթի հեղինակներ։ «Չգիտեմ՝ ո՞ւմ է պետք եղել այդ ձեռքը կտրելը։ Այսինքն՝ նույնիսկ գումարը այդքան մեծ չէր։ Տարեկան մոտ 2 միլիոն դրամ էր։ Շատ մեծ գումար չէ, մի կերպ յոլա էինք գնում»,- վրդովված նշեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե արդյոք թերթը կշարունակի գործել, Խանջյանը պատասխանում է․ «Եթե հովանավոր գտնվի՝ այո, կշարունակենք։ Բայց չգիտեմ՝ ում դիմել։ Ես սովորություն չունեմ խնդրելու։ Գոնե հոբելյանական՝ 20–ամյակին նվիրված համարը կուզենայինք կարողանալ տպել։ Ամռանը լրանում է թերթի 20 տարին։ Կփորձենք ինչ-որ ձևով այդ համարը տպել»,- մտահոգված ասաց Խանջյանը։
Իսկ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն անգամ տեղյակ չէր, թե ինչու են դադարեցրել ֆինանսավորումը։ Երեկ հանդիպել է Խանջյանին, սակայն այդ մասին իրեն ոչինչ չեն ասել, այսինքն՝ իրենց ընդամենը այսօր են հայտնել։
«Ֆինանսավորման դադարեցման մասին ինձ որևէ պաշտոնական տեղեկացում չի տրվել։ Մինչև հիմա ես չունեմ վերջնական տեղեկատվություն, ուստի չեմ կարող դատողություններ անել՝ ինչ նկատառումներով է գործել նախարարությունը կամ հանձնաժողովը։ Քաղաքական կամ այլ ենթադրությունների մեջ մտնելը իմ գործը չէ․ ես չեմ կարող ուրիշների փոխարեն մտածել։
Եթե նախարարությունը ասում է, որ որոշումը ընդունել է հանձնաժողովը, ապա բնական հարց է առաջանում՝ ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, արդյոք նրանք որևէ կապ ունեն լրագրության կամ գրականության հետ, և ինչ չափանիշներով են որոշել դադարեցնել աջակցությունը, այդ թվում՝ «Լիտ Արմենիա»-ին կամ արտասահմանյան գրականությանը նվիրված ծրագրերին։ Մի քանի տարի առաջ նույն կերպ փակվեց մանկապատանեկան մամուլը, և այդ ժամանակ էլ զանգվածային լրատվամիջոցները էական արձագանք չտվեցին։
Ես ժամանակին նախարարին ասել էի, որ «Լիտ Արմենիան» հայ գրականությունը օտար լեզվով ներկայացնելու գրեթե միակ հարթակն է։ Սակայն պատճառաբանում են, թե իբր աջակցությունը վերաբերում է միայն հայերեն տպագիր մամուլին։ Ինչևէ, ես չեմ կարող պատասխանել՝ ինչ են նկատի ունեցել, ինչու են որոշումը փոխել կամ ինչ հիմքով են ծրագրերը դուրս թողել։ Դա երիտասարդական թերթ է, արդեն 15–20 տարի գոյություն ունի»,– նշեց Միլիտոնյանը։
Այսպիսով, պաշտոնական պարզաբանում դեռ չկա, թե ինչու են դադարեցրել «Գրեթերթի» ֆինանսավորումը։ Թերթը 19 տարի գործել է և կարևոր դեր ունեցել երիտասարդ գրողների համար։ Այժմ նրա ապագան անորոշ է․ թերթի գոյության շարունակությունը հնարավոր է միայն հովանավորի օգնությամբ։