Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հանրությանը փորձում է համոզել, որ առողջ ապրելակերպի կողմակից է, գրեթե ամենօրյա ռեժիմով հեծանիվ է վարում և զբաղվում է սպորտով։ Զարմանալիորեն կառավարության ղեկավարը սկսեց հեծանիվ վարել և առողջ ապրելակերպի կարևորությունն ընդգծել միայն այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը մի առիթով հայտարարեց, որ Փաշինյանն այլևս նախկինի նման չի կարող հեծանիվ վարել և ազատորեն շրջել քաղաքում։
Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, և մի խումբ հեծանվորդների հետ անցած հանգստյան օրերն անցկացրեց Սևանում, որտեղ, իր պնդմամբ, շուրջ 213 կմ հեծանիվ էր վարել, իսկ ավելի ուշ նաև եգիպտացորենի խորոված համտեսել։ Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր էր հրապարակում՝ իր հետևորդներին տեղեկացնելով, որ առաջին օրը քշել են շուրջ 92 կմ և գիշերել Սևանի ափին, իսկ երկրորդ օրը հասել են այն կետը, որտեղից մեկնարկել էին և լճի շուրջ քշել շուրջ 213 կմ։
Oragir.News-ը դեռևս երեկ պարզել էր, որ Փաշինյանի հեծանվային արշավը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար բավականին թանկ է արժեցել․ վարչապետի աշխատակազմը հարկատուների վճարած գումարներից
ավելի քան 5 մլն դրամ էր հատկացրել հեծանվարշավի մասնակիցների սննդի ծախսերը հոգալու համար, իսկ միջոցառման ընդհանուր ծախսերը կազմել էին 15 մլն դրամ։ Գնման պայմանագիրն ուսումնասիրելով՝ պարզել էինք նաև, որ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտվորվել է հեծանվարշվի մասնակից 100 անձանց 2 օր շարունակ տրամադրել նախաճաշ, ճաշ և ընթրիք։
Հրապարակումից հետո
Oragir.News-ը ուսումնասիրեց նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերը և նկատեց, որ հեծանվաարշավի առաջին օրը մասնակիցների քանակը 100-ից անհամեմատ ավելի քիչ է եղել, սակայն երկրորդ օրը վերջիններս շեշտակի ավելացել են։ Տպավորություն է ստեղծվում, որ ի սկզանե Երևանից շատ քիչ թվով հեծանվորդներ են միացել արշավին, սակայն հաջորդ օրը նրանց թիվն ինչ-որ հրաշքով ավելացել է։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանը խիստ սրտնեղել ու զայրացել է, որ իր առաջնորդաշ հեծանվարշավի առաջին օրը սակավամարդ է եղել, ինչից հետո միայն հեծանվորդների նոր խմբեր են միացել իրենց՝ կամավոր-պարտադիր սկզբունքով։
Այսպիսով՝ կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հեղինակություն չի վայելում ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտում և միջազգային դերակատարների, այլ նաև հենց իր կուսակիցների ու համակիրների շրջանում, ինչի վկայությունը հեծանվային արշավի առաջին օրվա մասնակիցների սակավ քանակն է։
Ստացվում է, որ ՔՊ-ականների հայտարարությունները, թե իրենք անվերապահորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, իրականությանը չեն համապատասխանում և ուղղված են բացառապես իրենց ընդդիմախոսներին, հակառակ պարագայում նրանցից ոմանք իրենց առաջնորդին միայնակ չէին թողնի և կմասնակցեին վերջինիս հեծանվային արշավին։
Բացի այդ, Փաշինյանի հրապարակած տեսանյութերը հերթական անգամ փաստում են, որ վերջինս մանիպուլացնում է հասարակությանը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ իր առաջնորդած հեծանվային արշավները բազմամարդ են, ու ինքը վայելում է հանրության մեծամասնության վկայությունը, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Անգամ իշխանականների կողմից պատվիրված փակ հարցումների տվյալներն են վկայում, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չի գերազանցում 10 տոկոսը, ուստի,հանրային աջակցության իմիտացիա ստեղծելու այս փորձերը դատապարտված են ձախողման, և դրանք առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում չեն ապահովելու գործող իշխանությունների վերարտադրությունը։