Ամերիկահայ Թալին Մարտիրոսյանը, ով դասավանդում է Հարվարդի համալսարանում, էսսեների շարք է հրապարակում, որոնցում պատմում է իր նախնիների նկատմամբ կատարված բռնությունների մասին։
Հերթական պատմությունը նա հրապարակել է
Los Angeles Times պարբերականում, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․
«Մայրս ծննդյան երկու օր ունի՝ անձնագրում գրվածը և իրականը։ Նա ծնվել է 1960-ական թվականների վերջին, հունվարի վերջին օրերին, սակայն նրա ծնունդը 10 շաբաթ չի գրանցվել, և պաշտոնական փաստաթղթերում նշվել է, որ նա ծնվել է մարտ ամսին։ Ամեն անգամ, երբ նա զանգահարում է բանկ կամ դեղատուն, ու նրանից իր ինքնությունը հաստատելու նպատակով ծննդյան ամսաթիվն են պահանջում, նա ստիպված է լինում այս կեղծիքը հաստատել։
Իմ նման ներգաղթյալ ընտանիքները հասկանում են, որ այն, ինչ գրված է թղթի վրա, միշտ չէ, որ ճշմարտությունն է: Երբեմն թուղթը փոքրիկ մանրաթելեր է պատմում, ինչպես մորս ծննդյան ամսաթիվը, և երբեմն թուղթը պատմում է հրեշավոր ստեր, որոնք ազդում են միլիոնավոր մարդկանց վրա:
Վերջին հարյուրամյակի ընթացքում Թուրքիան օգտագործել է թղթի ուժը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Թուրքիայի պատմության դասագրքերը երիտասարդ ուսանողներին սովորեցնում են, որ ցեղասպանություն չի եղել. ավելի շուտ, թուրքերն են հայկական ագրեսիայի զոհ դարձել, ինչը նրանց այլ ելք չի թողել, քան թիրախավորել իրենց դեմ դուրս եկած դավաճաններին։ Թուրքական դասագրքերից մեկում զոհերի թիվը [Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայերի-խմբ.] հասնում է 57000-ի: Թեև նրանց իրական թիվը երբեք հայտնի չի լինի, սակայն, պատմաբանների կարծիքով, այն մոտ 1.5 միլիոն է:
Այսօր բռնության պատմությունը կրկնվում է։ Այնուամենայնիվ, շատերը ոչինչ չգիտեն Կովկասում հայերի դեմ Ադրբեջանի իրագործած վերջին հարձակումների մասին, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում սահմանափակ լուսաբանումները հաճախ խեղաթյուրել են ճշմարտությունը:
2020 թվականին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հայերի դեմ ցեղասպանական վերջին արշավը սկսեց՝ այս անգամ արդեն Արցախի տարածքում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ Թեև ինքնավար այս մարզը բնակեցված էր հայերով և վերահսկվում էր նրանց կողմից, բայց թղթի վրա վիճարկվում էր, թե ում էր պատկանում այդ տարածքը։
Ադրբեջանն այդ տարածքն իրենն անվանելով՝ գլխատել է խաղաղ բնակիչներին։ Նա կասետային զինամթերքով պայթեցրել է բնակելի թաղամասերը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին հրադադար հաստատվեց, հարձակումները շարունակվեցին, և լարվածությունը սրվեց։ Այնուհետև, սկսած 2022 թվականի դեկտեմբերից, Ադրբեջանն ապօրինի շրջափակման մեջ գցեց և սովի մատնեց արցախցի տղամարդկանց, կանանց ու երեխաներին՝ կտրելով նրանց սննդի, դեղորայքի և մարդասիրական օգնության հասանելիությունը։ Սեպտեմբերին, ինը ամիս հոգեբանական և ֆիզիկական տանջանքներից հետո, Ադրբեջանը վերջնական հարձակման անցավ, որը, որի միջոցով Ադրբեջան սպիտեց շրջանն իրեն հանձնել, իսկ հայ բնակչությանը՝ փախչել և փաստցի Արցախի տարածքն իր ժողովրդից էթնիկ զտման ենթարկվեց։
Մինչ արցախահայությունը փաստագրում և սոցցանցերում կիսվում էր իր զանգվածային գաղթի սարսափով, սփյուռքի հայերը ականատես եղան նրանց տառապանքներին և իրական ժամանակում դիտեցին մեր նախնիների մահվան երթերի ժամանակակից կրկնությունը: Մինչդեռ միջազգային հանրությունը չկարողացավ տեսնել որևէ այլ բան, բացի թղթի վրա գրվածից։
Այս հակամարտության վերաբերյալ միառժամանակ կատարված զեկույցների մեծ մասը, որոնցում նախորդ տարին [2023-ին Արցախի շրջափակումն ու բռնազավթումը-խմբ․] հիմնականում անհետացել է, մոլորեցնող վարկած է ներկայացնում այն մասին, որ Արցախը միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ Արցախի վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից հաճախ ներկայացվող առաջին փաստերից մեկն այն է, որ տարածը թղթի վրա պատկանում է Ադրբեջանին, որով էլ հիմնավորվում է վերջինիս իրագործած բռնությունները։
Այս պնդումը խաբուսիկ է. դա ճիշտ է, սակայն այն չի արտահայտում ճշմարտությունը: 1920-ականներին, թեև Արցախի բնակչության 90%-ը կազմում էին հայերը, ԽՍՀՄ ղեկավարությունը քննարկում էր, թե տարածաշրջանը խորհրդային որ հանրապետության կազմում պետք է ընդգրկվի։ Հայաստանն աղքատ էր և Հայոց ցեղասպանության հետևանքով բախվել էր փախստականների ճգնաժամին, մինչդեռ Ադրբեջանը նստած էր նավթի հսկայական պաշարների վրա: Այսպիսով՝ Խորհրդային Միությունը առաջնահերթություն էր տալիս տնտեսությանը, քան ինքնավարությանը: Տասնամյակներ շարունակ հայերը միջնորդել են փոխել այս սահմանազատումը։ Ավելի քան 100.000 բողոքի ակցիա է անցկացվել, որոնց պահանջը մեկն էր՝ Արցախը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Դրանք մերժվել են՝ Խորհրդային Միության երկրների կողմից սահմանների ճշգրտման այլ պահանջներ հրահրելու վախի պատճառով:
Երբ 1991 թվականին ԽՍՀՄ-ը փլուզվեց, Արցախում պատերազմ սկսվեց՝ մեծամասնությամբ հայ բնակչության և Ադրբեջանի միջև: Պատերազմը տևեց տարիներ, երկու կողմից զոհվեցին ավելի քան 30000 մարդ, մինչև որ ի վերջո Հայաստանը հաղթեց: Այնուամենայնիվ, թղթի վրա գործող սահմանները չեն փոխվել։ Չնայած այն բանին, որ Արցախը բնակեցված էր հայերով, վերահսկվում էր նրանց կողմից, ինչպես նաև այն համարվում էր Հայաստանի տարածքի ոչ պաշտոնական ընդլայնումը, այն մնաց որպես «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք»։
Ադրբեջանը՝ 1990-ականների իր ռազմական կորուստներից հետո, պետականորեն հովանավորվող մշակութային ոչնչացման արշավ է իրականացրել, որը նման է Թուրքիայի մարտավարությանը: Ադրբեջանական գրականության մեջ Հայաստանի կամ հայերի մասին դրական հիշատակումները հանվել են։ Կարծես մենք չենք կարող գոյություն ունենալ Ադրբեջանում՝ նույնիսկ որպես հորինված կերպարներ։ Իսկ հիմա մենք այլևս Արցախում չենք կարող գոյություն ունենալ։ Սեպտեմբերին հրամանագիր է ստորագրվել, որով 2024 թվականի հունվարի 1-ից տարածաշրջանը կլուծարվի և կդադարի գոյություն ունենալ։ Այսօր Արցախի հայկական տարածքն այլևս թղթի վրա գոյություն չունի ։
Արցախն իր տիրապետության տակ վերցնելով՝ Ադրբեջանը մոտ է Թուրքիայի հետ իր ընդհանուր նպատակներին հասնելուն։ Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ թղթի և հողի վրա, միակ բանը Հայաստանը և, ուրեմն, հայերն են մնացել։ Այս երկրների պաշտոնյաները թուրքերին և ադրբեջանցիներին բնութագրել են որպես «մեկ ազգ, երկու պետություն», ինչը բացահայտում է նրանց վաղեմի մտադրությունը՝ միավորել իրենց սահմանները՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք կառուցելով։ Սա ակնհայտորեն կխախտի Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը։ Այնուամենայնիվ, ԶԼՄ-ների անփույթ հաղորդագրությունների և միջազգային հանրության կողմից Ադրբեջանի բռնությունը չդատապարտելու հետևանքով այս դաշնակիցները հայ ժողովրդի և ազգի ամբողջականությունն արհամարհելու քաջություն են ստացել։
Բայց թղթից ավելի նշանակալից բան կա: Հազարամյակներ շարունակ հայերն ապրել ու մահացել են այս հողի վրա: Հայկական հազարամյա եկեղեցիների ու վանքերի ժայռերն ու քարերը փորագրված են հայերեն արձանագրություններով։ Դարավոր գերեզմանոցների տապանաքարերը փորագրված են հայկական անուններով։ Ինչո՞ւ այս փորագրված փաստերը չեն ներկայացվում թղթի պես բարակ, թափանցիկ և փխրուն աղբյուրի կողքին:
Քանի որ մենք չկարողացանք տալ այս հարցը, այս ապացույցը՝ հայերի մշակութային ժառանգությունը, ակտիվորեն ոչնչացվում է Ադրբեջանի կողմից, ինչպես մեր ներկայությունն է ջնջվում նրա գրքերից։
Եվ մենք բոլորս ենք մեղավոր։ Մեզ չեն սովորեցնում հարցականի տակ դնել թուղթը։ Մենք չենք հասկանում դրա սահմանափակումները։ Եթե մենք չենք ուզում, որ իշխանության մեջ գտնվողները զինվեն մեր անտեղյակությամբ, ապա պետք է տեղյակ լինենք, թե ում շահերն է սպասարկում թուղթը։ Մեր պարտականությունն է հարցեր տալ՝ ձգտելով ավելի երկար, ավելի խորը պատմություն, որը պետք է պատմվի»:
Դավիթ Գույումջյան