2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում շռնդալից հաջողությունների հասնելուց և հայկական երկրորդ հանրապետության տարածքի ավելի քան երեք քառորդն օկուպացնելուց հետո միջազգային դերակատարներն Ադրբեջանի և այդ երկրի իշխանությունների նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառեցին, ինչը Ալիևի վարչախմբին ոգևորեց, և վերջինս սկսեց անգամ հպարտանալ, որ ինքն ագրեսիայի միջոցով լուծել է Արցախյան հիմնահարցը։
Քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում իրենց իրենց ջանքերն ու ուշադրությունը կենտրոնացրել էին բացառապես սեփական իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու ուղղությամբ ու հանրությանը վստահեցնում էին, որ վերջապես խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է ընձեռնվել, Ալիևը Հայաստանից չարժանացավ ոչ մի դիմադրության, ինչը միայն մեծացրեց վերջինիս ախորժակը։ Հաջորդիվ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանին սկսեց նորանոր պահանջներ ներկայացել, ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, պաշտոնական տվյալներով ավելի քան 200 քառակուսի կմ տարածք օկուպացրեց, որտեղից առ այսօր հրաժարվում է դուրս գալ։
Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումը մեծացնելով՝ Իլհամ Ալիևին հաջողվեց Նիկոլ Փաշինյանին պարտադրել, որ վերջինս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Պրահայի հայտարարությունից 2 ամիս անց Բաքուն ապօրինաբար շրջափակեց Լաչինի միջանցքը, իսկ արդեն ամիսներ անց՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին հարձակում գործեց շուրջ 10 ամիս շրջափակված Արցախի Հանրապետության նկատմամբ ու տեղի ավելի քան 120 հազար բնակչությանն էթնիկ զտումների ենթարկեց։ Բաքվի այս գործողությունները միջազգային դերակատարների կողմից որևէ առարկայական գնահատականի ու գործողության չարժանացան, քանի որ ՀՀ-ի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո այդ երկիրը պնդում էր, որ գործում է իր ինքնիշխան տարածքում, որը ճանաչում է անգամ հայկական կողմը։
Ադրբեջանի ղեկավարությունը բնականաբար չսահմանափակվեց նաև Արցախի բռնազավթմամբ և հաջորդիվ Հայաստանին սկսեց նորանոր պահանջներ ներկայացնել՝ այսպես կոչված անկլավների հանձնումից ընդհուպ մինչև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն։ Այս համատեքստում խիստ մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանություննն այս պահանջներին ոչ թե ընդդիմանում է, այլ կատարում դրանք՝ հանրությանը մոլորեցնելու ճանապարհով։
Հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին հերթական պահանջը ներկայացրեց՝ պնդելով, որ Երևանն ու Բաքուն Արցախյան հիմնահարցի կարգավորմամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ լուծարելու գործընթաց պետք է սկսեն։ Ալիևը հերթական անգամ կրկնել էր այն քարոզչական թեզը, թե Արցախյան հակամարտությունն այլևս լուծված է, և Մինսկի խմբի գոյությունը շարունակելու իմաստ այլևս չկա։
Ադրբեջանական կողմը մշտապես դժգոհ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, քանի որ համանախագահող եռյակը՝ անկախ իր ներսում ունեցած տարաձայնություններից, մշտապես հակամարտության լուծման այնպիսի առաջարկներ է ներկայացրել, որոնք բալանսավորված էին և ամբողջովին չէին բավարարում Ադրբեջանի պահանջները։ Ադրբեջանը, որը նախորդ տասնամյակներին բանակցային գործընթացը մտցնում էր փակուղի և ձգտում խնդիր լուծել ուժային ճանապարհով, ինչի հիմքերն արդեն Նիկոլ Փաշինյանը տվեց վերջինիս, մեղադրում էր պրոհայկական դիրքորոշում ունենալու մեջ, որի հետևանքով, իր պնդմամբ, հակամարտությունը չի հաջողվել խաղաղ ճանապարհով լուծել։
Հատկանշական է, որ Երևանը շուրջ 2 ամիս պաշտոնապես չէր արձանգանքել Բաքվի կողմից ներկայացված այս պահանջին, թեև տարբեր մանր ու միջին կալիբրի ՔՊ-ականներ ուղղակի կամ անուղղակի չէին բացառել այս պահանջի կատարումը՝ այն պայմանավորելով խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Այս իրողությունը քաղաքացիների շրջանում տպավորություն էր ստեղծել, որ հայկական կողմը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և չի պատրաստվում կատարել այս պահանջը։
«
Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում հայկական կողմը մտափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։ Լրատվամիջոցի հարցերին ԱԳՆ-ից մեկ նախադասությամբ էին պատասխանել՝ նշելով, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
Դատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանից՝ եզրակացնում ենք, որ հայկական կողմն առաջիկայում պատրաստվում է կատարել նաև Ադրբեջանի այս պահանջը և վերջինիս հետ միասին Մինսկի խումբը լուծարելու գործընթաց նախաձեռնել։ Թեպետ Հայաստանը Մինսկի խմբի լուծարումը պայմանավորում է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, այնուամենայնիվ չենք բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է մեծացնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրվող ճնշումները, որպեսզի վերջինիս պարտադրի, որ նա համաձայնի Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Եթե Ադրբեջանին հաջողվի հիշյալ ճանապարհով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ինչի հնարավորությունը մեծ է, ապա վերջինս դրանից հետո նույնպես շահագրգռված չի լինի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և տարբեր պատրվակներով կփորձի ձգձգել այն։ Տավուշի մարզի 4 գյուղերի օրինակով արդեն համոզվել ենք, որ Ադրբեջանն իր պահանջածը ստանալուց հետո մտադիր չէ կատարել իր ստաձնած պարտավորությունները․ Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին մինչև այս տարվա հուլիսի 1-ը ընդունել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, սակայն դա առ այսօր տեղի չի ունեցել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս Մինսկի խումբը լուծարելու պահանջով վերջինս փորձում է ամբողջովին լեգիտիմացնել Արցախի բռնազավթումն ու հարցն ամբողջովին փակել, որպեսզի հետագայում Հայաստանի ոչ մի իշխանություն այլևս չկարողանա այն օրակարգ բերել, իսկ նպաստավոր աշխարհաքաղաքական իրողությունների առկայության դեպքում որևէ հայանպաստ լուծման հասնել։
Թեև Ադրբեջանը 2020-2023 թվականներին ամբողջովին օկուպացրել է Արցախը, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի անունից այն ճանաչել է Ադրբեջանի կազմում, սակայն ֆորմալ առումով քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է գործել, դա նշանակում է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ ու իրավիճակի փոփոխության պարագայում Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրների բախվել։ Այլ կերպ ասած Իլհամ Ալիևի ռեժիմը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ փորձում է ազատվել նաև այս «գլխացավանքից», և Արցախի հարցը մեկընդմիշտ փակել։
Դավիթ Գույումջյան