copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:15 09-08-2024

Կիրանցը՝ «սահմանազատումից» առաջ և հետո․ խաղաղության դարաշրջանի իրական կողմը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպման ժամանակ հայկական կողմը համաձայնեց կատարել Ադրբեջանի հերթական պահանջը և վերջինիս վերահսկողությանը հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը։

Չնայած այս որոշումը Հայաստանում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց և բնակչության ճնշող մեծամասնությունը չողջունեց այն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անդրդվելի մնաց՝ պնդելով, որ Հայաստանը ոչ թե 4 գյուղ է հանձնել, այլ Ադրբեջանից վերցրել է լեգիտիմ պատերազմ սանձազերծելու վերջին հնարավորությունը։

Մինչ իշխանականները հանրությանը վստահեցնում էին, որ Տավուշում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը հերթական դիվանագիտական հաղթանակն է, և իրենց հաջողվել է Ադրբեջանին պարտադրել, որպեսզի վերջինս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քաղաքական և փորձագիտական դաշտի ներկայացուցիչները միաբերան պնդում էին, որ վերոհիշյալ փաթեթավորմամբ Հայաստանին հերթական միակողմանի զիջումներն են պարտադրվում։ Տավուշում իր պահանջածը ստանալուց հետո Ադրբեջանը, ինչպես ակնկալվում էր, գործընթացը փակուղի մտցրեց և կոշտացրեց իր հռեռորաբանություն՝ փաստացի պատրաստվելով նոր պատերազմի, ինչը խոստովանել էր նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Տավուշի 4 գյուղերում իրականացված սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ամենացավոտը Կիրանցում էին․ եթե Ադրբեջանին հանձնված մյուս 3 գյուղերը հիմնականում անմարդաբնակ էին, ապա Կիրանցի պարագայում գյուղը փաստացի բաժանվել է 2 մասի և այժմ միջապետական սահմանն անցնում է գյուղի մեջտեղով, իսկ նորակառույց դպրոցը ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է։

Գործընթացի հետևանքով Կիրանցում Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների անշարժ գույքն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը․ խոսքը 30 անձին պատկանող 54 գույքի մասին է։ Կառավարությունը թեպետ շռայլ փոխհատուցումներ է հատկացրել Կիրանցում իրենց գույքը կորցրած բնակիչներին՝ դրան զուգահեռ մարդկանց պարտադրելով, որ վերջիններս գրավոր դիմումներով հրաժարվեն իրենց պատկանող գույքից։

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն վերջերս թարմացրել է Կիրանցի քարտեզը՝ համապատասխանեցնելով Ադրբեջանի հետ փաստացի գործող նոր սահմանագծին։ Նոր քարտեզում այլևս նշված չեն այն շինություններն ու հողատարածքները, որոնք նույն կոմիտեի տրամադրած վկայականներով պատկանել են Կիրանցի բնակիչներին՝ նախքան Տավուշի 4 գյուղերի հանձնումը։

Քարտեզները ներկայացնում ենք ստորև․





Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանը, որը, իշխանականների հավաստիացմամբ, առնվազն Կիրանցում արդեն բացվել էր, իրականում տապալման եզրին է, իսկ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է նոր պատերազմի իրական վտանգի առաջ։ Թվում էր թե այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն ու բոլոր պատկան մարմինները պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեին պատերազմի վտանգը չեզոքացնելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ, սակայն վերջիններս՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկարատև արձակուրդ են մեկնում ու վայելում իրենց «վաստակած» հանգիստը, հանրության հետ էլ կիսվում այդ ընթացքում կատարված տեսանյութերով։

Փաստացի սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ Կիրանց գյուղը բաժանվել է երկու մասի, մարդիկ զրվել են իրենց ունեցվածքից, սակայն անգամ այս գնով Հայաստանին չի հաջողվում Ադրբեջանին կառուցողական դաշտ բերել և սպիտել, որ վերջինս ի վերջո խաղաղության պայմանագիր ստորագրի, որի մասին բոլոր նախազգուշացումները Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները համառորեն անտեսում էին։

Խաղաղության դարաշրջանի իրական կողմը․ ահա այսպես կարելի է մեկնաբանել Տավուշի մարզի Կիրանց գյուղի քարտեզները՝ մինչև այսպես կոչված սահմանազատումն ու սահմանագծումը և դրանից հետո։ Այս քարտեզները լավագույնս արտացոլում են այն իրականությունը, որ անգամ թշնամու բոլոր պահանջները կատարելու գնով հնարավոր չէ խաղաղություն հաստատել և այս իրավիճակում Ադրբեջանի պահանջների կատարումը վերջինիս զինված ուժերին միայն մոտեցնում է հայկական բնակավայրերին ու էլ ավելի խոցելի դարձնում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Նախքան վարչապետ դառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես այս իրողությունը հասկանում էր և Արցախի օրինակով հայտարարում, որ միակողմանի զիջումները ադրբեջանական զորքերին միայն մոտեցնելու են Ստեփանակերտին, Սևանին ու Երևանին, սակայն վարչապետ դառնալուց հետո, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս դեպքում նույնպես վերջինս 180 աստիճանով փոխեց իր մոտեցումները և այժմ իր գործողություններով ամբողջովին հակասում է դրանց ․․․