Ուղիղ եթեր
Քաղաքական բարոյականության դեֆիցիտը. ՔՊ-ն չի դիմանում գայթակղությանը
copy image url

Քաղաքական բարոյականության դեֆիցիտը. ՔՊ-ն չի դիմանում գայթակղությանը

Միտք Ներքին 9 ամիս առաջ - 11:00 30-07-2024
ՔՊ-ական իշխանությունները, կարծես՝ արհամարհում են ժողովրդի խնդիրները, հարկատուների միջոցներն ուղղելով ոչ թե սոցիալական հիմնախնդիրների, այլ առաջին հայացքից՝ անիմաստ ծախսերի վրա, ինչպիսին են ծառայողական թանկարժեք ավտոմեքենաների ձեռքբերումը։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։ Ինչու՞ են այդպես վարվում։

Մարդկությունը քաղաքական անբարոյականության դեմ պայքարի մեծ փորձ ունի։ Բազմաթիվ բարոյախոսական տեսություններ են գրվել ու դրվել քաղաքական գաղափարախոսությունների հիմքում։ Աստվածահաճո երկրներում բարոյականության նորմերը պահպանելու ատյաններ ու մեխանիզմներ են ստեղծվել, քաղաքական բարոյական նորմերն ամրագրվել են օրենքներում, որ զսպեն դուրսպրծուկներին, պատժեն նորմերն արհամարհողներին։ Իսկ դաստիարկաներին հանձնարարել են բարոյական նորմերն, ազգային, հանրային, մարդկային արժեքները սերմանել երեխաների մեջ վաղ տարիքից։

Քաղքենիաժողովրդավարական (բուրժուադեմոկրատական) վերափոխումների ժամանակ հավասարությունը դարձավ քաղաքական բարոյական նորմ։ «Ապրել ինչպես բոլորը» քաղքենիական սկզբունքը դարձավ հանրային նորմ։ Իսկ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո հավասարությունը սահմանվեց գերագույն արժեք։ Այսպիսի ճանապարհներով հայ ժողովուրդը չի անցել։ Մեզ մոտ հավասարությունը նորմ չէ, արժեք էլ չէ։ Չնայած օրենքի առաջ բոլորը հավասար են, սակայն հանրային ընկալումներում հավասարությունը գերարժեք չէ։

Հավասարությունն այսօր շատերն ընկալում են խորհրդային բռնազավթման տարիների չափումներով: Այնինչ՝ խորհրդային բռնազավթման տարիներին բոլորը հավասարապես իրավազուրկ էին, մասնավոր սեփականության իրավունք, քաղաքական և քաղաքացիական իրավունքներ, ազատություններ չունեին և աղքատ էին: Իսկ քաղաքացիական հասարակությունում հավասարությունը հիմնարար արժեք է: Բոլոր քաղաքացիները հավասար են: Առանց հավասարության՝ ժողովրդավարական հասարակությունը ճեղքվում է, այլասերվում, ինչպես ներկայում:

Հավասարությունը պաշտպանող նորմերից է ժուժկալությունը։ Այս նորմը մարդուց պահանջում է անհարկի ծախսեր չանել, զերծ մնալ ավելորդ ճողությունից։ Քաղաքացիական հավասարության տեսանկյունից դուրսպրծուկ են համարվում հասարակության մյուս անդամներից ընդգծված տարբերվել ձգտողին։ Այս նորմը ամրագրվել է այն ժամանակ, երբ դասակարգերը ջնջվել են և հասարակության բոլոր անդամաները հռչակվել են հավասար։

Հակառակ մոտեցում կա դասակարգային, կաստայական հասարակություններում։ Այնտեղ եթե մարդն ունի հանրային բարձր դիրք, ապա այդ դիրքին համապատասխան հագուստ, տուն, ավտոմեքենա պետք է ունենա։ Այսինքն՝ եթե բարձրագույն պաշտոնյան շքեղ ավտոմեքենա է ձեռք բերում, այդպիսով ցույց են տալիս, որ քաղաքական ընտրանին հավասարությանը դեմ է, քաղաքացիական հասարակության արժեքներով չի առաջնորդվում։

Մասնավորապես՝ Արգիշտի Քյարամյանի 125 հազար դոլարանոց ավտոմեքենան ցույց է տալիս, որ ՔՊ-ական պաշտոնյաները չեն դիմանում գայթակղությանը, քաղաքացիական արժեքներին դեմ են, թքած ունեն հավասարության վրա։ Նրանց թյուրիմացաբար թվում է, թե բարձր պաշտոնյայի նկատմամբ հարգանք ներշնչելու համար կարևոր է ոչ թե նրա գործն ու առաքելությունը, այլ խալաթը, ձին, արտաքին տեսքը, տվյալ դեպքում՝ թանկարժեք ավտոմեքենան։ Այս մարդկանց, հավանաբար, թվում է, թե եթե Արգիշտի Քյարամյանը մի քանի անգամ էժան ավտոմեքնեա քշեր, ապա ժողովուրդը և նույնիսկ նրա ենթակաները նրան չէին հարգի։

Այսպիսի պատկերացումները ցույց են տալիս ՔՊ-ական պաշտոնյաների հակաժողովրդավարական էությունը։ Հաշվի առնելով այն, որ ժողովրդավարությունն այսօր ՀՀ անվտանգության սյուներից է համարվում, ապա միջին կարգի պաշտոնյայի համար 125 հազար դոլարանոց ավտոմեքենա գնելը ստեղծում է անվտանգային ռիսկ։ Այսպես ուղերձ են հղում աշխարհին, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ, քանի որ այստեղ պաշտոնյաներն առաջնորդվում են կաստայական պատկերացումներով։ Ի տարբերություն Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի կամ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, հայ պաշտոնյաները ժուժկալ չեն, արհամարհում են հավասարությունը, անպատասխանատու և անհաշվենկատորեն մսխում են հարկատուների միջոցները անձնական կարիքների վրա, թույլ տալիս ավելորդ ճոխություններ, անհակի ծախսեր։

Կարճ ասած՝ երբ ժողովրդավարական երկրում պաշտոնյան արհամարհում է հավասարությունը և ժուժկալությունը, ապա ասում են, որ երկրում քաղաքական բարոյականության դեֆիցիտ կա։ Տվյալ դեպքում՝ պաշտոնյայի համար գնված 125 հազար դոլարանոց ավտոմեքենան ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանության ներսում այդպիսի դեֆիցիտ կա, որը կարող է տարածվել հանրության պատկերացումներում և ստեղծել անվտանգային ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան