Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի մայիսին ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Այսօր ուսումնասիրել ենք Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրերը, որի արդյունքում պարզ դարձավ, որ 2018 թվականի իշխանափոխությունը չի շրջանցել նաև Արարատ Միրզոյան-Գոհար Աբաջյան զույգին։ Վերջիններս դարձել են դրամային միլիոնատերեր, միանգամից 2 անշարժ գույք գնել, թեպետ նույն Արարատ Միզոյանը մի ժամանակ հայտարարել էր, որ փոշեկուլը ստիպված է եղել վարկով գնել։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը նախքան իշխանափոխությունը՝ 2017-2018թթ. եղել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, 2018-ի մայիսից մինչև 2019-ի հունվարը զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, այնուհետև 2019-ի հունվարից մինչև 2021-ի օգոստոսը եղել է ՀՀ ԱԺ նախագահը, իսկ 2021 թվականի օգոստոսից առ այսօր զբաղեցնում է մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Որպես անշարժ գույք Արարատ Միրզոյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երևան քաղաքում, որը վերջինս գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ դեռ ՀՀ առաջին փոխվարչապետն էր, ինչպես նաև մեկ սեփական տուն՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին, ընդ որում սա այն շրջանն էր, երբ Ադրբեջանը շրջափակել էր Լաչինի միջանցքը և ենթադրվում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ողջ ջանքերը պետք է կենտրոնացներ միջանցքի ապաշրջափակման աշխատանքները համակարգելու ուղղությամբ։
Երկու անշարժ գույքին էլ տարեվերջին պահպանվել են և Արարատ Միրզոյանը դրանց տիրապետում է կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ՝ համատեղ սեփականության իրավունքով։
Արարատ Միրզոյանի բանկային հաշվիներին եղել է 1.900.000 դրամ և 20.000 դոլար, որոնք տարեվերջին կազմել են 3.500.000 դրամ և 30.000 դոլար։ 2023-ի սկզբին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ունեցել է 6.000.000 դրամ և 25.000 դոլար, իսկ տարեվերջին 2.000.000 դրամ և 50.000 դոլար։
Միրզոյանի տարեկան եկամուտը կազմել է 22.956.071 դրամ, որից 19.719.381 դրամը ՀՀ արտգործնախարարությունից ստացած աշխատավարձն է, 3.217.315 դրամ վերջինս ստացել է ֆինանսների նախարարությունից, իսկ 50 դոլար՝ Ամերիա բանկից՝ որպես փոխառություն։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28.373.652.6 դրամ, որը Երևանում գնած բնակարանի հիփոթեքի գումարն է։
Արարատ Միրզոյանն իր եկամուտներից 4.690.000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 9.500.000 դրամ անշարժ գույքի վերանորոգմանը։
Նախարարի կինը՝ Գոհար Աբաջյանը հայտարարագրել է նաև ավտոմեքենա՝ 2011 թվականի արտադրության KIA, որը տարեվերջին պահպանվել է։ Վերջինս այս մեքենան գնել է 2019-ի հունիսի 26-ին, երբ իր ամուսինը զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը։
Աբաջյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1.306.500 դրամ և 51 դոլար, որը տարեվերջին աճել է՝ դառնալով 1.729.715 դրամ և 3801.5 դոլար։
Ինչ վերաբերում է վերջինիս կանխիկ միջոցներին, ապա տարեսկզբին դրանք եղել են 3.500.000 դրամ և 15.000 դոլար, իսկ տարեվերջին 890.000 դրամ և 10.000 դոլար։
Նախարարի կնոջ տարեկան եկամուտը կազմել է 27.537.489, որը «ՔՈԳՆԱՅԶ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։
Փաստացի Գոհար Աբաջյանն ավելի հարուստ է իր ամուսնուց՝ Արարատ Միրզոյանից, քանի որ վերջինիս եկամուտները գերազանցում են նախարար ամուսնու եկամուտներին, որոնք կազմել էին 22.956.071 դրամ։
Գոհար Աբաջյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 70.265.460.7, որի գերակշիռ մասը՝ 69.785.392 դրամը Կոտայքի մարզում գնված առանձնատան հիփոթեքի գումարն է։
Վերջինս իր եկամուտներից 8.545.141 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։