Շոգը՝ քրոնիկ հիվանդների թշնամի. ինչ անել շոգ եղանակին. խորհուրդներ բժիշկ-հիգիենիստից
copy image url

Շոգը՝ քրոնիկ հիվանդների թշնամի. ինչ անել շոգ եղանակին. խորհուրդներ բժիշկ-հիգիենիստից

Ներքին 8 ամիս առաջ - 21:07 23-07-2024
«Շոգ եղանակին սրվում են մարդկանց քրոնիկ հիվանդությունները՝ մասնավորապես սիրտ-անոթային, շնչառական համակարգերի հիվանդությունները, շաքարային դիաբետը, բրոնխիալ ասթման, որոնք էլ ավելի ակնառու են դրսևորվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե հատկապես ովքեր են շոգ եղանակին գտնվում հասարակության թիրախային խմբում։

Արևի ուղիղ ճառագայթների տակ մնալը ամառային սեզոնին բնորոշ ռիսկերից է, որն էլ կարող է հարուցել և պատճառ դառնալ մի շարք այլ՝ ավելի լուրջ առողջական խնդիրների։ Հետագա խնդիրներից խուսափելու համար անցկացվող կանխարգելիչ միջոցառումների, թիրախային խմբերի և չպաշտպանվելու դեպքում հետագայում առաջացող խնդիրների շուրջ Oragir.News-ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանի հետ։

Հարցին՝ ովքեր են համարվում ռիսկային շոգի դեմ պայքարում, մասնագետը առանձնացրեց հասարակության տարիքային, առողջական հետևյալ խմբերին պատկանող անձանց․

«Շոգի համատեքստում ռիսկային խմբերն են համարվում 60 և ավելի տարիքային խմբում գտնվող տարեցները, քրոնիկ հիվանդները, երեխաները, նաև հղիները։ Ռիսկային այս խմբերը պիտի ավելի ուշադիր, հետևողական լինեն իրենց առողջության հանդեպ՝ նամանավանդ շոգի ժամանակ հաճախ այցելելով իրենց բժիշկներին, հատկապես եթե որևէ հիվանդություն ունեն»։

Oragir.News-ը փորձեց պարզել նաև շոգի դեմ պայքարում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին, ինչին ի պատասխան մասնագետը առաջարկեց կիրառել մի քանի շատ պարզ և կարևոր քայլեր։

«Օրգանիզմը ավելորդ ու ոչ տեղին գերտաքացումից պաշտպանելու համար պիտի ավելի շատ ջուր խմել, քան սովորաբար օգտագործում ենք։ Առանձնահատուկ կուզեմ նշել, որ հեղուկներից շատ կարևորում եմ թանը, քանի որ երբ շոգ եղանակին ավելանում է քրտնարտադրությունը, կորցնում ենք սպիտակուցներ, տարբեր միկրոտարրեր, իսկ թանն այն բալանսավորված խմիչքն է, որն այդ ամեն ինչը պարունակում է իր մեջ, իսկ մենք, բացի ծարավը հագեցնելուց, լրացնում ենք մեր օրգանիզմի սպիտակուցների, հանքային նյութերի պակասը։ Պետք է խուսափել նաև արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց, առավել ևս՝ օրվա ցերեկային ժամերին՝ կեսօրից երեկոյան 5-6-ը ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում ցանկալի է գտնվել շենքում, որտեղ օդափոխություն կա, կամ ստվերներում՝ չգտնվելով այդ ճառագայթների տակ։ Բնականաբար պետք է օգտագործել նաև արևապաշտպան միջոցներ, ինչպիսիք են արևային ակնոցները, գլխարկները․ խորհուրդ է տրվում հագնել բաց գույների բամբակյա հագուստ, որոնք կլինեն օդաթափանց, իսկ այն, որ բամբակը «շնչում է», նպաստում է մեր օրգանիզմի՝ էլ ավելի հեշտ հովանալուն։

Մասնագետի խոսքով՝ կարևոր է նաև սնունդը, որ ընդունում ենք շոգ եղանակին։ Համաձայն Պապոյանի՝ ցանկալի է խուսափել շատ կծու, յուղոտ սննդամթերքից, որովհետև դրանք դժվարամարս են․

«Քանի որ շոգ է, ու մեր օրգանիզմը աշխատում է ավելի ծանրաբեռնված, պետք չէ, որ դժվարամարս սնունդը մարսելու սթրեսով ավելորդ ծանրաբեռնենք մեր մարսողական համակարգը, այդ իսկ պատճառով էլ նախապատվությունը տրվում է մրգերին, բանջարեղենին։ Երեկոյան հով ժամերին կարելի է ավելի բարձր կալորիականությամբ սնունդ օգտագործել։ Խորհուրդ եմ տալիս նաև խուսափել շաքար և կոֆեին պարունակող խմիչքներից կամ մաքսիմալ կրճատել մեր սննդակարգից, այդ թվում՝ սուրճի չափաբաժինը։ Եթե խոսքը վերաբերում է առանց շաքարի կանաչ թեյին, գոլ վիճակում հոյակապ է, բայց եթե այն տաք է, պարունակում է մի քանի գդալ շաքարավազ, խորհուրդ չի տրվում»։

Բժիշկ-հիգիենիստի խոսքով՝ մեր օրերում շատ արդիական են նաև տրանսպորտային խնդիրները շոգի ժամանակ։

«Խորհուրդ եմ տալիս երկար ժամանակ արևի տակ մեքենա կայանելուց հետո խուսափել միանգանից մեքենա նստելուց և այն վարելուց․ պետք է բացել, օդափոխել մի քանի րոպեով, նոր շարունակել ճանապարհը։ Խրախուսելի չէ նաև անգամ 15-20 րոպեով երեխաներին ու ընտանի կենդանիներին թողնել արևի տակ կայանված մեքենայի մեջ և մտնել խանութ կամ որևէ կառույց։ Շատ կարևոր է, որ թիրախային խմբում գտնվող քաղաքացիները շոգ ժամերն անցկացնեն տանը, որտեղ կա օդափոխության համակարգ, զով է, իսկ հնարավորության դեպքում՝ պառկեն, որովհետև այդ ժամանակ մեր օրգանիզմն ավելի լավ է պայքարում շոգի դեմ, իսկ իր ջերմափոխանակությունը ավելի է ստաբիլանում։ Նույնիսկ առողջ մարդու վրա շոգը բերելու է ծանրաբեռնված աշխատանքի, եթե չիրականացվեն կանխարգելիչ միջոցառումները, ինչի ազդեցությունն էլ միանշանակ բացասական է»։

Դիտարկմանը, որ շատերը նախընտրում են շոգը «հաղթահարել» լողավազան այցելելով կամ բնության գրկում, մասնագետը այսպես մեկնաբանեց․

«Բնության գրկում անցկացնելն էլ է շոգի կանխարգելիչ միջոցառումներից, բայց այդ դեպքում էլ պետք է պահպանել այլ կանոններ, որպեսզի բնության մեջ էլ այլ խնդիրներից խուսափեն՝ միջատների կծելուց, օձերի խայթոցից։ Սակայն այստեղ կա նաև այլ խնդիր․ երբ շոգին մարդիկ գնում են քաղաքից դուրս՝ հովանալու, իրենց հետ սնունդ են տանում, խախտվում են սննդի պահպանման ժամկետները, ու այն կարող է փչանալ։ Այստեղ էլ պետք է հետևել սննդի հիգիենային, մեր անձնական հիգիենային»,- եզրափակելով խոսքը՝ նշեց մասնագետը։