Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել:
Ավիաընկերության կողմից կայացված որոշման պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված ֆինանսական վեճն է:
Հիշեցնենք, որ հայկական ազգային ավիափոխադրողը գրանցվել է 2021թ. դեկտեմբերին, իսկ 2022թ.-ի հուլիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները: Սակայն մեկուկես տարի անց՝ 2024-ի հունվարին «Ֆլայ Արնա»-ն դադարեցրեց իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով:
Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց՝ ինքը շատ վաղուց հայտնել է, որ բարձրագոչ նպատակներով ստեղծված ԱՆԻՖ-ը ամբողջությամբ տապալված է և այժմ ամբողջովին անգործության մեջ է գտնվում։ Նրա խոսքով՝ իր գործունեության ընթացքում ապիկար կառավարումն ու անվերահսկելի կոռուպցիոն ռիսկերը մի շարք հետևանքներ են առաջացրել՝ թե՛ Հայաստանի Հանրապետության և նրա միջազգային վարկանիշի, թե՛ հարկատուների գումարները փոշիացնելու համատեքստում․
«Առաջինը՝ գիտեք, որ «Ֆլայ Արնա»-ի ստեղծման համար պետական միջոցներից՝ հարկատուների հաշվին, մոտ 12 մլն դոլարի չափով գումար փոխանցվեց, և ՀՀ-ն դարձավ այդ կազմակերպության մոտ 50 տոկոսի սեփականատերը՝ կառավարմանը մասնակցելու իրավունքով։
Ինչ վերաբերում է փաստացի «արդյունքներին», մենք դա տեսանք, երբ շատ կարճ ժամանակ անց ընկերությունը հայտնվեց սնանկացման ու փակման եզրին։ Սկզբից թաքցնում էին՝ ասելով՝ որոշակի խնդիրներ կան, կլուծվեն, բայց փաստն այն է, որ ի սկզբանե կառավարման ձախողումներն ակնհայտ էին և բնական է, որ հետևանքը սա էր լինելու»։
Թադևոս Ավետիսյանը նկատում է, որ «Ֆլայ Արնա» ընկերությունը ստեղծվեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ․ «Կրկին բարձագոչ հայտարարություններ հնչեցին՝ տեսեք-տեսեք պետական-մասնավոր գործընկերությամբ ներդրումներ են գալիս Հայաստան, ազգային ավիափոխադրող ենք ստեղծում, բայց ժամանակագրական առումով պատահական չեմ համարում, որ այդ մասին սկսեցին խոսել ընտրություններից առաջ՝ շոուներ, նկարներ, այցելություններ և հետո շատ կարճ ժամանկ անց՝ ընդամենը 1 տարի հետո պարզ դարձավ, որ այս ընկերությունն անարդյունավետ կառավարման ու թալանի հետևանքով կանգնել է փակման եզրին»։
Մեր զրուցակիցը նշեց, որ այդ շրջանում ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանից Հայաստան մեծ թվով մարդիկ էին ժամանում, և 2022-2023 թվականներին ուղևորահոսքը մի քանի անգամ ավելացել էր, և մնացած բոլոր ավիաընկությունները ոչ թե շահույթ, այլ գերշահույթ էին ստանում։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում գերշահույթով էր աշխատում նաև այս իշխանությունների սրտի օլիգարխը (նկատի ունի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին), ով ունի նաև ավիաընկերություն։
«Այս իրավիճակում հարց է առաջանում` ինչպես են շուկայի մյուս ընկերությունները գերաշահույթով աշխատում, իսկ պետական ներդրումներով ընկերությունը ոչ միայն շահույթ չի ապահովում, այլև սնանկանում է, և նրա գործունեությունը կասեցվում է։ Այսինքն՝ սրանք ակնհայտ փաստեր են, երբ սկզբից բաձրաձայնում էինք սրանք, օրվա իշխանությունները փորձում էին նորից կոծկել, բայց հետո ինչ-որ մեղավորներ գտան, մեկ-երկուսի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, և արդեն իրենք էլ ընդունեցին, որ սա ձախողված պրոյեկտ է։ Այժմ արդեն հետևանքներն են քաղում, այդ գումարները՝ հանրային միջոցները կորան, որ մասը թալանվեց, որ մասը փոշիացավ, դա արդեն այլ հարց է, վստահ եմ այս իշխանության օրոք դա չի պարզվելու, որովհետև թե՛ փոշիացման, թե՛ թալանի կողմում իրենք են»,- կարծում է նա։
Թադևոս Ավետիսյանը հավելեց, որ այժմ սկսել է մյուս հետևանքի արտացոլումը, երբ արդեն միջազգային ընկերությունը դիմել է արբիտրաժային դատարան։ Ըստ նրա՝ դժվար է ասել, թե այդ հայցն ինչ ընթացք կունենա, սակայն պետք է արձանագրել, որ նման գործերը շատ ուղիղ հարված են հասցնում Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրին։
«Ինչու եմ ասում շատ ուղիղ, որովհետև այստեղ ոչ միայն ներդրումների հետ կապված խնդիր է առաջանում, և դա ուղղվում է մնացած բոլոր պոտենցիալ ներդրողներին, այլև այս ներդրման ուղիղ գործընկերը հենց պետությունն է։
Այսինքն, եթե, ժողովրդի լեզվով ասած միջազգային ներդրողը գցվել է, ապա գցվել է հենց պետության կողմից և պետության մասնակցությամբ պրոյեկտի շրջանակներում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան