Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը լրացվել է նոր հանցակազմով, որը կոչվում է հետամտել։
Համապատասխան փոփոխություններն ուժի են մտել այս տարվա հուլիսի 1-ից, ուստի այսուհետ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն ուրիշին տհաճություն պատճառելու համար։
Հուլիսի 1-ից Հայաստանում հետամտել է համարվում ուրիշին հետևելը, ուրիշի հետ ոչ ցանկալի շփման մեջ մտնելը կամ դրա փորձը, ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը), ուրիշի տվյալներով սոցցանցերում օգտահաշիվ բացելը։
Փաստաբան Վահագն Գրիգորյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխությունը հիմնականում իշխանություններին ուղղված քննադատությունը լռեցնելու համար է։
«Հոդվածն ունի ծանրացնող հանգամանք, եթե հետամտելը կատարվում է կապված քաղաքական գործունեության հետ, երբ օրենքով նախատեսված դրսևորումները տեղի են ունենում, այսինքն՝ մարդուն հետամտում են իր քաղաքական գործունեության իրականացման հետ կապված, դա համարվում է ծանրացնող հանգամանք»,- ասաց փաստաբանը, ապա կոնկրետ օրինակով բացատրեց փոփոխությունը։
«Դեպք ենք ունեցել, երբ հասարակական տրանսպորոտւմ միջադեպ է գրանցվել քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։
Իմ գնահատմամբ, դա մի արարք է, որը մինչև հետամտելու հանցակազմը չպետք է առաջացնի որևէ պատասխանատվության։ Եթե համարենք, որ հետամտելու հանցակազմը չկա, այդ արարքն ինքնին պատասխանատվություն առաջացնող չի։ Բայց երբ ունենք հետամտելու հանցակազմ, ապա նման արարքը 2 անգամ իրար հետևից կատարելը արդեն դառնում է հանցագործություն, քանի որ նշվում է հետամտելը՝ անձին հետևելը, նրա բնակության, աշխատանքի, ուսման, զբաղմունքի վայրեր այցելելու միջոցով կամ այլ եղանակով, օրինակ՝ իր նստած ավտոբուսը նստելու միջոցով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավվելը։ Իսկ անցանկալի հաղորդակցություն նշանակում է՝ դու ասում ես մի բան, որն այդ մարդը չի ցանկանում լսել։
Փաստացի՝ հետամտել է համարվում, եթե նշված արարքը կատարվել է 2 անգամ և ավելի, և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար, կամ ստիպել է էապես փոխել կենսակերպը, կամ փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել։
Այսինքն, եթե «տուժողը» գնա հաղորդում ներկայացնի, որ 2 անգամ տեսել է այսինչ մարդուն, այսինչ երթուղայինի մեջ, և վերջինս իրեն ասել է այսինչ բանը, իսկ ինքը չի ուզել այդ խոսքերը լսել, բայց նա շարունակել է, և այդ դեպքը տեղի է ունեցել 1 անգամ, 2 անգամ, ինչի պատճառով ստիպված փոխել է իր կենսակերպը, այլևս այդ ավտոբուսը չի նստում, որ այդ մարդուն չտեսնի, ապա դա արդեն որակվում է հանցագործություն»,- ասաց Գրիգորյանը։
Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ քաղաքացիները փողոցում այս կամ այն պաշտոնյային տեսնելիս բղավել են՝ «դավաճան», «հողատու», «թուրք», արդյո՞ք սա ևս հետամտել է որակվելու և քաղաքացին պատասխանատվության է ենթարկվելու, հարցրեցինք փաստաբանին։
«Խնդիրն այն է, որ հենց դա է քրեականացվում։ Եթե դա լինի 2 և ավելի անգամ, և տվյալ անձն ասի՝ ես այլևս այդ փողոցով չեմ անցնում, որովհետև 2 անգամ անցա, 2 անգամ էլ այսինչ բանը ասացին, ես փոխեցի իմ կենսակերպը, ստիպված շրջանցում եմ այդ ճանապարհը և 3 անգամ ավելի երկար ճանապրհով եմ գնում աշխատանքի, դա կարող է մեկնաբանվել որպես կենսակերպի էական փոփոխություն։
Եթե այսօր օնլայն հաղորդման ժամանակ հայհոյանքը կարող է որակվել որպես խուլիգանություն, իմ ասածը լրիվ ռեալ է այս համատեքստում...»,- եզրափակեց փաստաբանը։
Փաստացի այս փոփոխությունն արվում է հենց իշխանության ներկայացուցիչների համար, որպեսզի հարկ եղած ժամանակ «հետամտվելու» անվան տակ իրենց քաղաքական գնահատական տվող քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկեն։