Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 օր առաջ - 17:00 01-07-2024

30 օր է պետք․ ՆԳՆ-ում չգիտեն՝ հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ ինչ նռնակներ են կիրառել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամները 16 տարի շարունակ 2008 թվականի մարտի 1-2-ի ցավալի իրադարձությունների համար նախկին իշխանություններին անարգանքի սյունին էին գամում ու շարունակում են գամել, այնուամենայնիվ այս տարվա հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին՝ գործող վարչապետն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է մինչև վերջ գնալ, այդ թվում խիստ անհամաչափ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Այդ օրը ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ԱԺ-ի դիմաց հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին, ինչի հետևանքով վիրավորվեց ավելի քան 100 խաղաղ ցուցարար։

Հատկանշական է, որ իշխանականները միջադեպից հետո սկսեցին պնդել, որ ուժայինները գործել են օրենքի շրջանակներում՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդելով ցուցարարների վրա։ Գործող իշխանություններին էլ ավելի ոգևորեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ նշվել էր, որ շատ դեպքերում ցուցարարների գործողությունները խաղաղ բնույթ չեն կրել։

Հունիսի 12-ի միջադեպից հետո Հայաստանում սկսեցին իրարամերժ պնդումներ հնչել, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ հատկապես ինչ տեսակի լուսաձայնային նռնակներ են կիրառվել․ որոշ շրջանակներ պնդում էին, որ այդ օրը կիրառվել է ֆրանսիական արտադրության լուսաձայնային նռնակներ, որոշներն էլ վստահեցնում են, որ դրանք ռուսական արտադրության «Զարյա 3» լուսաձայնային նռնակներ էին։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու, ինչպես նաև հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխելու նպատակով Oragir.News-ը միջադեպից անմիջապես հետո գրավոր հարցում ուղարկեց Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարություն՝ հետաքրքրվելով, թե հունիսի 12-ի բախումների ժամանակ ցուցարարների նկատմամբ ի՞նչ տեսակի նռնակներ են կիրառվել, ո՞ր երկրից/երկրներից է Հայաստանը դրանք ձեռք բերել, ինչպես նաև այդ օրն ընդհանուր թվով քանի՞ լուսաձայնային նռնակ է կիրառվել։ Օրերս ՆԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Ստացվում է, որ ՆԳՆ-ում տեղյակ չեն, թե ինչ արտադրության և քանի նռնակ է կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ և այդ տեղեկատվությունը պարզելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել։ Հավանաբար այս ամենը կարող է պայմանավորված լինել «աշխարհաքաղաքական քամիներով», և կախված նրանից, թե դրանք 1 ամիս անց որ կողմից ավելի սառը կփչեն, մեզ տրամադրվելիք պատասխանը կհստակեցվի՝ ըստ այդմ։

Oragir.News-ը հիշյալ տեղեկատվությունը ստանալու համար կսպասի ևս 30 օր և այն ստանալուն պես կներկայացնի իր ընթերցողներին, որպեսզի որևէ մեկը չկարողանա տեղի ունեցած ցավալի իրադարձություններից քաղաքական դիվիդենտներ շահի և դրանց միջոցով սպասարկի իր համար նախընտրելի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։

Հավելենք, որ 2024-ի հունիսի 12-ը առաջին դեպքը չէր, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին։ Նման դեպքեր տեղի են ունեցել նաև 2022 թվականի հունիսի 3-ին և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, որոնց հետանքով կրկին բազմաթիվ քաղաքացիներ են տեղափոխվել բուժհաստատություններ։

Լավատեսորեն ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ձեռքբերումներով հիացող միջազգային կառույցները այս միջադեպերի վրա աչք չեն փակի և իրենց զեկույցներում դրանց համարժեք գնահատականներ կտան, ինչպես անում էին մինչև 2018 թվականի իշխանափոխությունը։ Սա մի կողմից հայ հասարակության շրջանում չի վնասի այս կառույցների հեղինակությունը, իսկ մյուս կողմից կփաստի, որ իրենց պայքարն իսկապես բռնություն գործադրողների դեմ էր, այլ ոչ թե տվյալ պահի իշխանության։

adv_banner

Ամենից շատ դիտված