«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացրել Հայաստանի տարբեր համայնքներում։ Առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։
Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպքեր։
Արձանագրված հիմնական խնդիրներն են՝
Ընտրատեղամասերի մատչելիություն՝ 125 դեպք։ 101 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 96-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 29-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։
Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն՝ 31 դեպք։ 17 ընտրատեղամասի հարակից տարածքներում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, 4-ում՝ կուտակումներ քվեարկության սենյակի ներսում, ևս 4-ում՝ ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության ցուցիչներ։ Հաղորդումներ են ստացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի հարակից տարածքներում կասկածելի կուտակումների և բնակավայրերում ոստիկանության ծառայողների խմբերի կուտակումների վերաբերյալ։
Քվեարկության գաղտնիություն՝ 10 դեպք։ 4 ընտրատեղամասում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ, 3-ում՝ գաղտնիության միտումնավոր խախտման կամ հնարավոր վերահսկողության, ևս 3-ում՝ ընտրողների կողմից իրենց ընտրությունը բացահայտելու վերաբերյալ հաղորդումներ։
Ընտանեկան քվեարկություն՝ 6 դեպք։ Վեց ընտրատեղամասում արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքեր։
Քարոզչություն՝ 7 դեպք։ Արձանագրվել են քարոզչական նյութերի առկայության, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչության կամ հակաքարոզչության վերաբերյալ դեպքեր։
Ընտրական ցուցակների փակցման խնդիրներ՝ 11 դեպք։ 9 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների, իսկ 2-ում՝ ընտրողների ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։
Դիտորդների իրավունքների խոչընդոտումներ։ Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովներն արգելել են առաքելության դիտորդներին ամբողջությամբ լուսանկարահանել հանձնաժողովի գրանցամատյանի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջը, այդ թվում՝ օգնություն ցուցաբերած անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները։