Ո՛չ իշխանությունն է հրաժարական տալիս, ո՛չ ընդդիմությունը
copy image url

Ո՛չ իշխանությունն է հրաժարական տալիս, ո՛չ ընդդիմությունը

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 10:00 29-06-2024
Իշխանությունն ու ընդդիմությունը հաղորդակից անոթներ են։ Նրանք, չնայած միմյանց դեմ են պայքարում, սակայն միաժամանակ օգնում են միմյանց մնալ համակարգում, ձևավորել քաղաքական մշակույթ և ավանդույթներ, որոնցով գնահատվում են պետության որակն ու մակարդակը։ Հայաստանը 33 տարի անկախ և ժողովրդավարական պետություն է, սակայն ժողովրդավարական ավանդույթներ չունի։ Դրանք անհրաժեշտ են համակարգի կայունությունն ապահովելու և պարզագույն հարցերին միանշանակ լուծում տալու համար։ Օրինակ՝ ի՞նչ պետք է անի կոռուպցիայի մեջ կասկածվող, անբարոյական արարք կատարած կամ բացահայտ սուտ խոսած պաշտոնյան։ Կամ ի՞նչ պետք է անի քաղաքական առաջնորդը պարտությունից, ձախողումից հետո։

Այս հարցերն օրենքով չեն կարգավորվում։ Սակայն ժողովրդավարական բազմաթիվ երկրներում կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյան չի սպասում մինչև դատարանն ապացուցի մեղքը, այլ անմիջապես հրաժարական է տալիս։ Նույնպես ընտրություններում կամ նման գործընթացներում պարտված, ձախողված առաջնորդն անմիջապես զիջում է տեղը։ Երկրներ կան, որտեղ ստախոս քաղաքական գործիչը պարզապես դուրս է մղվում քաղաքական համայնքից։ Այդպես են վարվում ազգային անվտանգության նկատառումներով։

Ստախոս, բարոյազրկված, ազգային արժեքներն ու ժողովրդի զգացմունքները ոտնահարող քաղաքական գործիչներ կարող են լինել գաղութում, զավթված երկրում, դրածո վարչախմբերում։ Նույնպես պարտված կամ ձախողված առաջնորդներ կարող են լինել միայն ոչ ազատ երկրներում։ Այսինքն՝ եթե կան ստախոս, անբարոյական պաշտոնյաներ, պարտված, ձախողված առաջնորդներ, ապա մարդիկ կարող են կասկած հայտնել, որ երկիրն անկախ չէ։ Ժողովուրդն էլ կարող է ընդօրինակել անբարոյական վարք դրսևորող քաղաքական-պետական գործչին, ձախողված առաջնորդին և այլասերվել, այլասերված պատկերացումներ կազմել աշխարհի և քաղաքականության մասին։ Ահա այս ռիսկերը հաշվի առնելով, քաղաքական համայնքը սահմանում է ավանդույթ, որով առանց դատի, դատաստանի՝ համայնքից դուրս են մղում ստախոսին, անբարոյականին, կոռուպցիայի մեջ կասկածվողին, ձախողված կամ պարտված առաջնորդին, որ ոչ ոք չկասկածի երկրի անկախության հարցում, ոչ ոք անբարոյական օրինակ չծառայի ժողովրդին։

Հայաստանում այդպիսի քաղաքական ավանդույթներ չկան։ Սուտ խոսելը նորմալ է։ Անբարոյականները վխտում են։ Իսկ բազմաթիվ քաղաքական թիմեր շարունակում են պահել պարտված ու ձախողված առաջնորդներին։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 44-oրյա պատերազմում պարտվելուց հետո հրաժարական չտվեց։ Դրան հաջորդող պարտություններից ու ձախողումներից հետո նույնպես չլքեց պաշտոնը։ Արցախը լրիվ դատարկվեց, հայաթափվեց, բայց Փաշինյանը մնաց։ Ավելին, նա և նրա թիմակիցները ամենուր կոկորդ են պատռում, թե այս պարտությունների, ձախողումների մեջ Փաշիյնանը մեղավոր չէ, նույնիսկ՝ պատասխանատու էլ չէ։ Մարդիկ չեն տեսնում, թե ինչ աղետալի հետևանքներով է հղի պարտված, ձախողված առաջնորդի իշխանավարումը։

Ի տարբերություն Փաշինյանի՝ ընդդիմադիր դաշտում թույլ, բայց անբավարար առաջընթաց կա։ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո թեև չհեռացավ ՀՀԿ նախագահի պաշտոնից, սակայն առաջին դեպքով չմասնակցեց ԱԺ ընտրություններին։ Իսկ եթե իրապես թողներ ՀՀԿ նախագահի պաշտոնը, ապա կուսակցությունը կարող էր ռեբրենդինգ անել, նոր դեմքով ներկայանալ ժողովրդին ու ավելի մեծ արդյունքի հասնել։ Ռոբերտ Քոչարյանը 2021-ի ԱԺ ընտրություններում հաջողության չհասնելուց հետո նույնպես պետք է տեղը զիջեր արժանի թիմակցի, որը հնարավորություն կունենար վերակազմավորել թիմն ու փոփոխել մարտավարությունը և հաջորդ ընտրություներում հաջողության ձգտել։ Նույնը կարող ենք ասել ընդդիմադիր մյուս առաջնորդների մասին, որոնք վերջին 6 տարիներին մի քանի անգամ փորձեցին տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց ձախողվեցին։ Նրանք ևս պետք է արժանի փոխարինող գտնեն և զիջեն առաջնորդի դիրքերը, իրենց փորձն ու գիտելիքները, ինչպես նաև սխալների մասին խոստովանությունը փոխանցել իրավահաջորդին։

Մի խոսքով՝ քաղաքական նորմալ, առաքինի ավանդույթների կարիք ունի համակարգը։ Դրանց ներդրման արդյունքում չեն լինի Նիկոլ Փաշինյանի նման իշխանություն և մի քանի անգամ պարտված, բայց ասպարեզը չլքող ընդդիմություն։ Ենթադրելի է, որ այս իշխանությունն ու ընդդիմությունը միասին էլ լքելու են քաղաքական ասպարեզը։ Հարցն այն է, թե նրանցից ո՞վ առաջինը կլքի դաշտը։ Այս առումով՝ ընդդիմությունը կարող է ձիով քայլ անել՝ վայր դնել մանդատները։ Պատկերավոր ասած՝ եթե իշխանությունը հրաժարական չի տալիս, ապա ընդդիմությունը կարող է հրաժարական տալ, դատարկելով հաղորդակից անոթը, խարխլելով ՔՊ-ական իշխանության հիմքերն ու խորտակելով նրա բոլոր նարատիվները։

Թաթուլ Մկրտչյան