copy image url
Արտաքին Խոսք 2 օր առաջ - 20:00 27-06-2024

Թյուրքախոս թեկնածուն՝ Իրանի նախագահական ընտրապայքարի ֆավորիտ. ինչ կփոխվի նրա հաղթանակի դեպքում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի Իսլամական Հանրապետությունում վաղը՝ հունիսի 28-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց միջոցով պետք է ընտրվի հարևան երկրի 14-րդ նախագահը։ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին այդ երկրի նախագահական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էին 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն բարդ է ասել, թե ընտրություններում որ թեկնածուն կարող է հաղթել։ Նրա խոսքով՝ ընտրապայքարի սկզբում մի փոքր այլ իրավիճակ էր, և կային հստակ հավակնորդներ՝ հանձինս Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և թեկնածուների հաստատումից հետո մատնանշվում էր, որ հիմնական պայքարը լինելու է պահպանողականների, մասնավորապես Ղալիբաֆի և Սայիդ Ջալիլիի միջև, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ սկսեցին հեռուստաբանավեճերը և նախընտրական այցերը.

«Այդ ընթացքում բարեփոխականների թեկնածու Մասուդ Փեզեշքիանն իր պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ կարողացավ գրավել հասարակության ուշադրությունը, և հիմա ստացվել է մի իրավիճակ, որ, ըստ տարբեր կենտրոնների կողմից իրականացված սոցհարցումների, Իրանի նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցել պատրաստվող քաղաքացիների շրջանում Փեզեշքիանն առաջին տեղում է, երկրորդ տեղում Սայիդ Ջալիլին է, երրորդում՝ Ղալիբաֆը։ Ընդ որում, 10 օր առաջ սոցհարցումների տվյալներով առաջին տեղում Ղալիբաֆն էր, երկրորդում՝ Ջալիլին, իսկ Փեզեշքիանը միայն երրորդն էր»։

Ժաննա Վարդանյանը նկատում է, որ սոցհարցումների արդյունքներով նախատեսվում է, որ ընտրություններին մասնակցությունը լինելու 50 տոկոսից բարձր, ինչը բխում է Փեզեշքիանի շահերից, քանի որ երբ մասնակցությունը ցածր է լինում, պահպանողականների շանսերն ավելի շատ են լինում, իսկ բարձր մասնակցության դեպքում ավելանում են բարեփոխականների՝ տվյալ դեպքում Փեզեշքիանի շահերը։ Իրանագետի խոսքով՝ Փեզեշքիանը քարոզարշավի ընթացքում մի շարք խաղաքարտեր էր խաղարկում՝ փորձելով հասարակության հնարավորինս շատ շերտերի ընդգրկել՝ հատկապես նրանց, ովքեր տարբեր պատճառներով դժգոհ են եղել իշխանություններից։ Նա նշեց, որ այս թեկնածուն քարոզարշավի ժամանակ հանդես էր գալիս շատ համարձակ և պոպուլիստական հայտարարություններով, որոնցով էլ գրավել է հանրության ուշադրությունը։

«Այսինքն՝ ստացվում է, որ հիմնական մրցակցությունը լինելու է Փեզեշքիանի, Ղալիբաֆի և Ջալիլիի միջև։ Սա իր հերթին նշանակելու է, որ մեծ հավանականությամբ նրանցից ոչ մեկին չի հաջողվի հավաքել ձայների մեծամասնություն՝ 50%+1 քվե, որն էլ կհանգեցնի ընտրությունների երկրորդ փուլին։ Իրավիճակը կարող է փոխվել եթե Ղալիբաֆը, կամ Ջալիլին հօգուտ մյուսի հրաժարվի ընտրապայքարից, և պահպանողականների ձայները միավորվեն։ Այս պայմաններում եթե մասնակցեն Ջալիլին և Ղալիբաֆը, ապա պահապանողականների ձայները կիսվելու են 2 թեկնածուների միջև, ինչի արդյունքում Փեզեշքիանը նրանցից ավելի շատ ձայն կարող է ստանալ, բայց կրկին՝ մեծ հավանականությամբ դրանք դժվար թե մեծամասնություն կազմեն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ եթե պահպանողական թեկնածուներիը միավորվեն, դա իրենց հաղթելու շանսերը կմեծացնի. «Ընդ որում, եթե նրանք ընթացիկ փուլում միավորվեն, հաղթելու ավելի մեծ շանսեր կունենան, քան երկրորդ փուլում միավորվելու դեպքում։ Կարծում եմ՝ երկրորդ փուլի դեպքում դա ավելի ռիսկային կլինի»։

Oragir.News-ի հարցին, թե Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից որքանո՞վ է էական, որ Իրանի նախագահի պաշտոնում պահպանողական, կամ բարեփոխական թեկնածու ընտրվի, և եթե այնուամենայնիվ նախագահ ընտրվի բարեփոխական Փեզեշքիանը, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա՝ Ժաննա Վարդանյանը պատասխանեց, որ այստեղ անհրաժեշտ է մի քանի գործոններ հաշվի առնել՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ հարևան երկրում արտաքին քաղաքականությունը մի քանի ինստիտուտների կողմից համատեղ է մշակվում։ Նա շեշտում է՝ թեև Իրանի արտաքին քաղաքականությունը միայն նախագահի ինստիտուտով պայմանավորված չէ, սակայն դա իր հերթին չի նշանակում, որ նախագահի գործոնը դրա վրա ազդեցություն չի կարող ունենալ։

«Օրինակ բարեփոխական կառավարությունն ավելի հակված էր Արևմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելուն, միջուկային համաձայնագիր կնքելուն և երկիրը պատժամիջոցների բեռից թոթափելուն։ Եթե Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման տեսանկյունից նայենք, ապա սա մեզ համար էլ է ձեռնտու, քանի որ մեզ համար էլ այն կդյուրացնի Իրանի հետ համագործակցությունը։

Եթե այս ուղղությամբ համեմատենք Էբրահիմ Ռայիսիի կառավարության գործունեությունը, ապա վերջինս բավականին շատ ուշադրություն էր դարձնում հարևան երկրների հետ հարաբերություններին։ Ուստի այս առումով, եթե Իրանի նախագահ ընտրվի պահպանողական թեկնածուներից որևէ մեկը, ապա կարծում եմ, որ շարունակվելու է նույն այդ գիծը»,- ասաց նա։

Իրանագետը նկատում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանը Իրանի համար նոր նշանակություն է ստացել, ուստի անկախ նրանից թե, ով կընտրվի նախագահ, անկախ նրանից տարածաշրջանը կշարունակի մնալ որպես առաջնահերթություն, քանի որ դա է պահանջում այդ երկրի պետական շահը։

Ժաննա Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի համար կարող է մտահոգիչ լինել այն հանգամանքը, որ բարեփոխականների թեկնածու Փեզեշքիանը թյուրքախոս է, ով նախկինում իր գործունեության ժամանակ հանդես է եկել որոշ հակահայկական հայտարարություններով։ «Համենայնդեպս ինձ համար այս գործոնը որոշակի մտահոգությունների առիթ է տալիս ու չեմ կարծում, որ մեզ համար այդքան ցանկալի կլիներ նրա հաղթանակը։ Բայց էլի եմ կրկնում՝ Իրանում միայն նախագահի ինստիտուտը չի կարող երկրի արտաքին քաղաքականության մեջ առանցքային փոփոխություններ իրականացնել։

Եթե բերեմ Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի կառավարության օրինակը, որի պաշտոնավարման վերջին տարիներին երկրում պահպանողական խորհրդարան էր ձևավորվել, կառավարության համար շատ դժվար էր արտաքին քաղաքականության ուղղությամբ ինքնուրույն որոշումներ կայացնելն ու իրագործելը, քանի որ խորհրդարանը շատ դեպքերում դա թույլ չէր տալիս, օրենքները չէր հաստատում, կամ հենց ինքն էր օրենքներ ընդունում՝ կառավարությանը ստիպելով իրագործել դրանք։ Այսինքն՝ եթե Իրանում բարեփոխական կառավարություն ձևավորվի, ապա վերջինիս համար շատ դժվար է լինելու գործել, քանի որ խորհրդարանը և դատական իշխանությունը պահպանողական են, և ընդհանուր համակարգը ավելի շատ պահպանողական ու կոշտ քաղաքականության կողմնակից է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

23:18 Սուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք Գյումրիում
21:12 Որտեղ է գտնվում «խաղաղության» ցանկապատը. ԱԱԾ-ի պարզաբանումը
15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
01:24 Գերմանիան հաղթեց Դանիային և դուրս եկավ հաջորդ փուլ
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վիրավորների մի մասը մասնակցում էր հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
23:50 Գերմանիա-Դանիա հանդիպումը 25 րոպեով դադարեցվեց կայծակի և կարկուտի պատճառով