Հաջորդիվ կլինեն ոչ թե վառված, այլ էլեկտրահարված զինվորներ․ զորամասի «ցնցուղային» վարդակները վտանգավոր են
copy image url

Հաջորդիվ կլինեն ոչ թե վառված, այլ էլեկտրահարված զինվորներ․ զորամասի «ցնցուղային» վարդակները վտանգավոր են

Ներքին 11 ամիս առաջ - 17:00 21-06-2024
Շուրջ 1 ամիս առաջ՝ մայիսի 21-ին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում այցելել էր զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր:

Պապիկյանը նաև լուսանկարներ էր տեղադրել, ինչը արժանացել էր հանրության լայն շերտերի դժգոհությանը։

Հատկապես սոցիալական ցանցերում օգտատերերը քննադատել էին լոգախցիկի հատվածում տեղադրված վարդակները և այլն։

Oragir.News-ը ՊՆ գրավոր հարցում է ուղարկել, հետաքրքրվել, թե մինչ օրս քանի՞ մոդուլային զորամաս է կառուցվել, դրանց համար որքան գումար է հատկացվել։ Արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է, թե ոչ։ Ո՞ր ընկերությունն է կառուցում մոդուլային զորամասերը։ Սուրեն Պապիկյանը մայիսի 21-ին լուսանկարներ էր հրապարակել մոդուլային զորամասից, որտեղ երևում է, որ ցնցուղի կողքին վարդակ է տեղադրված։ Արդյոք դա որակվե՞լ է խախտում, հանձնարարվե՞լ է այն վերացնել։ Այլ թերություններ արձանագրվե՞լ են։

Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ մոդուլային զորամասերի քանակի, գումարի,մրցույթ լինել-չլինելու, կառուցապատող ընկերության վերաբերյալ որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել։

Ինչ վերաբերում է ցնցուղների կողքին տեղադրված վարդակներին, նախարարությունից հետևյալ բացատրությունն են տվել

«Հայտնում ենք, որ ցնցուղը նախատեսված է ոտքերի լվացման համար, իսկ վարդակը տեղադրված է 120 սմ․ բարձրության վրա, ունի պաշտպանության աստիճան և սնուցող գծին տեղադրված է պաշտպանիչ անջատման սարք»։

Չնայած իշխանություններն, ի դեմս Պաշտպանության նախարարության, չեն ընդունում, որ լոգարանում տեղադրված վարդակները վտանգավոր են, սակայն միջազգային IEC 60364-7-701 ստանդարտները պահանջում են, որ լոգարաններում վարդակները կարելի է տեղադրել ոչ թե հատակից 120 սմ բարձրության վրա, այլ ցնցուղի կենտրոնից ամենաքիչը 120 սմ հեռավորության վրա և ցնցուղից սահմանազատված լինեն ֆիքսված միջնորմներով։ Ուստի՝ կարելի է նկատել, որ ՊՆ մոդուլային զորամասի լոգարանում վարդակի տեղադրումը չի համապատասխանում միջազգային չափանիշների պահանջներին, հետևաբար՝ վտանգավոր է։

Հատկանշական է, որ ճիշտ նույնպիսի պահանջներ է ներկայացնում նաև ռուսական ստանդարտը։