Մինչ Հայաստանի բնակչության ուշադրությունը կենտրոնացած է մեր երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների ուղղությամբ, տարածաշրջանում, մասնավորապես հարևան Վրաստանում կարևոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Հարևան երկրի իշխանությունները, չնայած Վրաստանի ընդդիմության, քաղհասարակության և արևմտյան գործընկերների դժգոհությանը, ի վերջո ընդունեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը երկրում բազմահազարանոց բողոքի ակցիաների, ինչպես նաև արևմուտքի հետ հարաբերությունների սրման պատճառ դարձավ։
Օրենքի ընդդիմախոսները, ինչպես նաև արևմտյան երկրները, որոնք, ի տարբերություն Հայաստանի՝ նկատում և խստորեն դատապարտում են Վրաստանում ցուցարաների նկատմամբ կիրառվող բռնությունները, դրանց համար խստորեն քննադատում այս երկրի իշխանություններին, ավելին՝ իրենց դեսպաններն անձամբ են մասնակցում Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և այլն, վստահեցնում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այս օրենքն ընդունել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այն գրեթե նույնությամբ կրկնում է ՌԴ-ում գործող նույնաբովանդակ օրենքի դրույթները։
Օրենքի քննադատները համառորեն համառորեն փորձում են անտեսել այն հանգամանքը, որ նման օրենքներ գործում են արևմտյան բազմաթիվ երկրներում․ 1938-ին ԱՄՆ-ում ընդունված նույնաբովանդակ օրենքը օտարերկրյա գործակալի կարգավիճակ է նախատեսում ոչ միայն օտարերկրյա ֆինանսավորմամբ շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց, այլ ընդհանրապես բոլորի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո կտրուկ սրվել են Վրաստանի և արևմուտքի հարաբերությունները։ Թբիլիսի-Վաշինգտոն-Բրյուսել եռանկյունում լարվածությունն այն աստիճանի է խորացել, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը։ Եվրամիության փաստաթղթերը, որոնց ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, նաև կոչ են անում դիտարկել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներն, ինչպես նաև ֆինանսական օգնությունը կասեցնելու հնարավորությունը։
Սրան զուգահեռ՝ քաղաքական կուլիսներում այս օրերին տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ վերջին ամիսներին Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցով գաղտնի բանակցություններ են ընթանում։ Մասնավորապես քննարկվում է այն սցենարը, որ արևմտյան ինտեգրումից հրաժարվելու և դեպի Ռուսաստան կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձ կատարելու դեպքում ռուսական կողմը ինչ-որ տարբերակով կհամաձայնի Վրաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մաս կազմող, սակայն 2008-ից վերջինիս կողմից չվերահսկողվող այս շրջանները վերադարձնել Թբիլիսիին։
/Ռուս զինվորականները 2008-ի օգոստոսին՝ Հվ․ Օսիայի մայրքաղաք Ցխինվալ շարժվելիս/Փորձագետների համոզմամբ՝ նման սցենարը իրատեսական է, քանի որ ՌԴ-ն դեռ 2008 թվականին ճանաչել է Վրաստանից անջատված ինքնահռչակ այս հանրապետությունների անկախությունը, սակայն առ այսօր վերջիններիս չի ներառել իր կազմում՝ ի տարբերություն Ուկրաինայից գրաված տարածքների, որոնք հանրաքվեներով միացել են ՌԴ-ին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությունները նման սցենարն առնվազն չեն բացառում, ինչի մասին երեկ ակնարկեց նաև Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հայտարարելով, որ Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Սոխումի-Թբիլիսի-Ցխինվալի եռանկյունու կարգավորման նախադրյալները կհայտնվեն այն բանից հետո, երբ Վրաստանը կընդունի առկա իրականությունը և պատրաստ կլինի հարաբերություններ կառուցել հանրապետությունների հետ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: «Աբխազիան և Հարավային Օսիան կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը դեռ 2008 թվականին, այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլու վարչակարգը փորձեց ուժով մի հանրապետությունը վերադարձնել Վրաստանին և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով։ Որքան հասկանում ենք, Վրաստանի իշխանությունները դասեր են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։ Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի ու նախաձեռնությունների մասին է»,- հայտարարել էր նա։
Այսպիսով՝ եթե առաջնորդվենք քաղաքական կուլիսներում շրջառվող այս պնդումներով, որոնք արևմուտքից հնչող սուր հայտարարությունների ֆոնին բավականին համոզիչ են թվում, ապա կարող ենք փաստել, որ Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև այս հարցով բանակցություններ իսկապես ընթացում են։ Թե ինչ արդյունք կտան դրանք, կամ Մոսկվան ինչ ձևաչափով է պատրաստ Աբխազիան և Հվ․ Օսեթիան վերադարձնել Վրաստանին՝ որոշակի ինքնավարություն և այլն, դեռևս հայտնի չէ, սակայն միանշանակ է, որ Վրաստանի իշխանություններն այս փուլում բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պրոակտիվ բանակցություններ են վարում, որոնց նպատակը ոչ թե սեփական իշխանության պահպանումն է, այլ պետության շահերի սպարկումը և այս գործընթացից առավելագույն օգուտներ քաղելը։
Վրաստանի քաղաքական իշխանություններն ըստ էության հասկացել են, որ տեսանելի ապագայում ո՛չ ԵՄ-ում, առավել ևս ո՛չ էլ ՆԱՏՕ-ում պատրաստ չեն Թբիլիսիին ընդունել, ուստի այժմ ձգտում են Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով վերջինիս առավելագույնը կորզել՝ խաղաղ ճանապարհով հասնելով Աբխազիայի և Հվ․ Օսեթիայի դեօկուպացմանը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ն, ապա ստեղծված իրավիճակը վերջինիս համար Վրաստանն իր ազդեցության գոտի վերադարձնելու բացառիկ հնարավորություն է ընձեռնել, որից վերջինս, կարծես թե, ձգտում է օգտվել։
Հարևան երկրի շուրջ ծավալվող այս զարգացումների հնարավոր հանգուցալուծումները մեծապես կախված են աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնք կարող են անկանխատեսելի լինել․
Եթե Վրաստանի գործող իշխանություններին հաջողվի 4-րդ անգամ հանրության վստահության քվեն ստանալ և պահպանել իշխանությունը, ապա մեծ հավականությամբ վերջիններս կշարժվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման և այդկերպ երկրի տարածքների դեօկուպացնելու ճանապարհով, ինչը թեև հանրության արևմտմետ շերտերի դժգոհությունը կառաջացնի, սակայն թույլ կտա վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որը խախտվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքով։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որն այս շրջանում փորձում է համախմբվել և առաջիկա ընտրություններում միասնական ճակատով հանդես գալ, ապա վերջինս իր ջանքերն առավելապես կենտրոնացնելու է հանրության առավել արևմտամետ հատվածի քվեները ստանալու ուղղությամբ․ արևմտմետ հայացներ ունեցող քաղաքացները Վրաստանում բավականին մեծաթիվ են։
Վրաստանի ընդդիմությունը, մասնավորապես նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, գտնում է, որ իրեն վերջապես հնարավորություն է ընձեռնվել տապալել «Վրացական երազանք»-ին և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին ու 12 տարի անց վերադառնալ իշխանության։
Ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Ռուսաստանի Դաշնության հետ ընթացող բանակցությունները բնականաբար փակուղի կմտնեն, և Վրաստանն առավելապես կշարժվի արևմուտքի հետ ինտեգրացիան էլ ավելի խորացնելու ուղղությամբ, որը կբացառի երկրի օկուպացված տարածքներ խաղաղ ճանապարհով վերադարձնելու հնարավորությունը։ Վրաստանի գործողի իշխանություններն էլ պնդում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում երկիրը կներքաշվի պատերազմի մեջ և այնտեղ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ կբացվի, որն աղետալի հետևանքներ կունենա։
Դավիթ Գույումջյան