Օջալանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել է, որ ՔԲԿ շարժման էջը փակված է, ու ՔԲԿ զենքերը կոչնչացնի հուլիսի 11-ին։
Պարզելու համար, թե ինչ հետևանք կունենա ՔԲԿ զինաթափումը, ու ինչպես կշարունակվի Թուրքիայում քրդերի իրավունքների պայքարը այսուհետ,
Oragir.News-ը կապ հաստատեց Քրդական կոմիտեի նախագահ Կնյազ Հասանովի հետ, որը նշեց, որ ՔԲԿ-ն Կոնգրես է արել ու որոշել, որ 40 տարվա զինված ապստամբությունից հետո պետք է հարցը լուծել խաղաղ ճանապարհով. պայքարը ոչ մի բանի չի բերել ոչ Թուրքիայի համար, ոչ էլ քրդերի։
«Հիմա քրդական հարցը այդպես էլ մնացել է։ Օջալանը, ով 26 տարի է՝ բանտում է՝ դատապարտված ցմահ բանտարկության, առաջարկել է, որ եթե թուրքական իշխանությունները հարցը լուծեն խաղաղ ճանապարհով, ապա կարող են և՛ զենքերը վայր դնել, և՛ այդ պայքարը չշարունակել։ Թուրքական իշխանություններն էլ ընդառաջ են գնացել՝ վստահեցնելով, որ կզբաղվեն այդ հարցով. քրդական հարցը կքննարկվի Ազգային ժողովում։ Եվ այս առումով հիմա բանակցություններ են գնում Օջալանի և թուրքական իշխանությունների միջև։ Ես, ինչքան տեսնում եմ, թուրքական իշխանությունները այդքան էլ ազնիվ չեն. ուզում են, որ Քրդական բանվորական կուսակցությունը զենքը ցած դնի, ապա, իրենց ասելով, դեմոկրատական խաղերի մեջ են ուզում մտնել և շարժումը մարել»,- ասաց նա։
Հասանովը նշեց նաև, որ Քրդական հարցը միայն Օջալանով չի որոշվում, նրանց զինակիցներն էլ կան, որոնք այդ շարժման մեջ են մտել առանց փողի և ինչ-որ շահի, իրենց ազգային զգացմունքներից ելնելով՝ այդ գործերը կատարում են։
«Հիմա բոլոր դեպքերում դեռևս ոչինչ չի երևում, և թուրքերը, թուրքական իշխանությունն ուզում են, որ քրդերը բացահայտ ձևով զենքերը ցած դնեն, և հետո ուրիշ քայլեր անեն։ Ապստամբները որոշել են զենքը ցած դնել և սպասել թուրքական իշխանությունների քայլերին։ Շարժումը այսպես չի մարի»,- ասաց մեր զրուցակիցը։
Հասանովի կարծիքով՝ այսօր միջազգային հանրությունը՝ և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և՛ եվրոպական երկրները, և՛ Իսրայելը, մեծ ուշադրություն է դարձնում քրդերի այս շարժմանը. 50 միլիոնանոց ժողովուրդը պետք է ունենա իր հայրենիքը։
«Ես այսօր տեսնում եմ, ուրախանում եմ, որ Սիրիայում քրդերը լավ են կռվում, լավ են պայքարում։ Եվ մինչև հիմա և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Թուրքիայում, և՛ Իրանում քրդական 50 միլիոնանոց ժողովուրդը իր լեզվով չի կարողանում խոսել, մեր երեխաները իրենց մայրենի լեզվով չեն սովորում. ուզում են այս ձևով ասիմիլյացիայի ենթարկել։ Իհարկե, շատերը ձուլվել են Թուրքիայում, բայց ինչպես Ադրբեջանում մոտ կես միլիոն քրդերի ձուլեցին, ինձ թվում է՝ չի կրկնվի. այսօրվա քուրդը առաջվա քուրդը չի, բոլորը գրագետ են, զարգացած և գիտեն իրենց լավն ու վատը»,- եզրափակեց նա։