Իրանի դիրքորոշումը չի փոխվել․ «Զանգեզուրի միջանցք»-ը չի գործարկվելու
copy image url

Իրանի դիրքորոշումը չի փոխվել․ «Զանգեզուրի միջանցք»-ը չի գործարկվելու

Արտաքին Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:30 10-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Թուրքիան և Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես խեղաթյուրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ ներկայացնելով, որ խոսքը գնում է ոչ թե տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այլ Ադրբեջանին արտատարածքային միջանցքի տրամադրման մասին, որով վերջինս պետք է կապվեր Նախիջևանի հետ։ Առիթներ ունեցել ենք պնդելու, որ եռակողմ հայտարարությամբ միջանցք բառն օգտագործվում էր միայն մեկ անգամ՝ Լաչինի միջանցքի դեպքում, սակայն դա թուրք-ադրբեջանական տանդեմին չի կաշկանդում, և վերջինս ամեն առիթով պնդում է, թե «ՀՀ-ն պարտավորվել է միջանցք տրամադրել»։

Այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի մնացած բոլոր կետերը խախտվել են Ադրբեջանի կողմից, որոշակի հստակություն չի պարունակում, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմին թույլ է տալիս այն մեկնաբանել որպես «Զանգեզուրի միջանցք»։

Բնականաբար, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք են ձգտում կորզել, որտեղ, իրենց պատկերացմամբ, հայկական կողմը ոչ մի ներկայություն չպետք է ունենա։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները և Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու հաղորդակցություն տրամադրել՝ առանց ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու, սակայն Ադրբեջանը հրաժարվել է օգտվել դրանից, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ վերջինիս պահանջը մեկն է. արտատարածքային միջանցք։

Ադրբեջանում և Թուրքիայում շատ լավ գիտակցում են, թե «Զանգեզուրի միջանցք»-ի թեման որքան զգայուն է և պարբերաբար իրենց հայտարարություններում օգտագործում են այս եզրույթը՝ ՀՀ-ում հանրային տրամադրությունների վրա ազդելու նպատակով։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախն ամբողջովին հաջողվեց զավթել, Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը որոշակի մերժվեց, և վերջիններս սկսեցին խուսափել այս ձևակերպման կիրառությունից՝ նշելով, որ ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն։

Ավելին՝ Արցախը զավթելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսեց հայտարարել՝ իր երկիրն այլևս շահագրգռված չէ, որ նախագիծն անցնի Հայաստանի տարածքով, և դրա շուրջ բանակցություններ է վարում Իրանի հետ։ Դեռևս այն ժամանակ բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ համոզմունք հայտնեցին, որ Ալիևն իրականում չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարից, պարզապես մեղմացրել է իր հռետորաբանությունը, որպեսզի կարողանա ամբողջովին մարսել Արցախի բռնազավթումը, իսկ հարմար իրոողությունների պայմաններում կրկին իր պահանջներն առաջ կքաշի։

Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար մեղմացնում կամ կոշտացնում են իրենց հռետորաբանությունն այս հարցում՝ կախված տարածաշրջանային զարգացումներից և աշխարհաքաղաքական իրողություններից։

Նկատենք, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները զսպելում բավականին մեծ դեր է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունը․ այս երկիրը մի քանի անգամ, ընդ որում ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, և ոչ մի դեպքում չի հանդուրժի եթե հայ-իրանական ավելի քան 1000-ամյա բարեկամության սահմանը վտանգվի։ Անշուշտ, այս զգուշացումները մեծ դեր են խաղացել թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունների վիժեցնելու հարցում, ինչի վկայությունը դեռևս նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն էր առ այն, որ միջանցքի հարցում հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։

Նախորդ ամիս՝ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ բաձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում անհանգստություններ նկատվեցին առ այն, որ Իրանում սպասվող քաղաքական վերադասավորումները կարող են որոշակիորեն ազդել նաև «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Թեհրանի դիրքորոշման վրա։ Այդ օրերն, Օragir.News-ը, զրուցելով իրանագետների հետ, համոզմունք էր հայտնել, որ Իրանի արտաքին քաղաքական կուրսը փոփոխությունների չի ենթարկվի, այդ թվում Հայաստանի ուղղությամբ, քանի որ հարևան երկրում այն սահմանվում է ոչ թե նախագահի, այլ գերագույն հոգևոր առաջնորդի կողմից և անկախ նրանից, թե ով կլինի երկրի հաջորդ նախագահը, վերջինս հավատարիմ է մնալու այդ կուրսին։

Օրերս Թուրքիա էր այցելել Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։ Այցի շրջանակներում վերջինս հարցազրույց էր տվել CNN-ի թուրքական ծառայությանը, որում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային և նշել․ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»:

Այպիսով՝ կարող ենք փաստել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Թեհրանը վերահաստատում է՝ թույլ չի տա գործարկել մի միջանցք, որը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և գործարկվող հաղորդակցության ուղիները պետք է լինեն հայկական կողմի վերահսկողության ներքո։

Փաստացի հերթական անգամ համոզվում ենք, որ իրանական կողմը գործնականում ավելի շատ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և դրանք չեզոքացնելու տեսանկյունից, քան ՀՀ իշխանությունները, ովքեր այս օրերին կենտրոնացած են բացառապես իրենց իշխանությունը պահպանելու ուղղությամբ։ Վերջիններս համառորեն շարունակում են առաջ մղել խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը, չնայած այն բանին, որ հակառակ կողմն առհասարակ նման ցանկություն չունի։

Հավելենք նաև, որ Իրանի այս քաղաքականությունը պայմանավորված է նախ և առաջ սեփական շահերի սպասարկմամբ, քանի որ իրանական կողմն Արցախյան հակմարտության օրինակով չափազանց լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի