copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 22:30 05-06-2024

Ինչու է Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում հեծանիվ քշելու․ քաղտեխնոլոգի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ցանկանում է ցույց տալ, որ Բագրատ Սրբազանի կողմից սկսված քաղաքական գործընթացն այդքան էական նշանակություն չունի և ինքը ներքաղաքական կյանքում իրեն բավականին վստահ է զգում, ինչպես նաև, ըստ իրեն, ունի բավականին մեծ ընտրազանգված»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ուղերձ է ցանկանում փոխանցել Նիկոլ Փաշինյանը, երբ քաղաքացիներին հրավիրում է իր հետ հեծանիվ քշելու։

/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Արմեն Բադալյանը շեշտում է՝ եթե քաղաքացիները գան իր հետ հեծանիվ քշելու, ապա ենթագիտակցության մեջ դա կլինի հակադրություն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, ինչպես նաև դա ցույց կտա, որ հասարակության մի մասը գնում է հենց իր հետևից։ Նրա խոսքով՝ նման դեպքում նույնականացման գործընթաց տեղի կունենա, որը բավականին տարածված տեխնոլոգիա է։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի մոտ որքանո՞վ դա կհաջողվի՝ Արմեն Բադալյանը դժվարացավ պատասխանել և ընդգծեց, որ դա կախված է նրանից, թե ինչ աշխատանք կկատարվի, ովքեր կմիանան իրեն և այլն։ «Ամեն դեպքում ինքն ունի ընտրազանգված և դժվար է ասել, թե այդ ընտրազանգվածի որ մասը կհամաձայնի գնալ իր հետ հեծանիվ քշելու։ Բացի այդ, ունի կուսակիցներ, վերջիններս՝ ընտանիքի անդամներ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես կարող է մարդկանց որոշակի թվաքանակ ապահովել՝ իհարկե վարչական ռեսուրսի կիրառմամբ»,- կարծում է նա։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Փաշինյանն առաջ է շարժվում Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգով, ինչն էլ Սրբազան շարժման հաջողություններից մեկն է՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ ներքաղաքական կյանքում օրակարգ թելադրելու մասին պնդումները մի փոքր չափազանցեցված են։ Նրա համոզմամբ՝ կարևորը ոչ թե օրակարգ թելադրելն է, այլ այն՝ հաջողվո՞ւմ է իշխանության հասնել, թե՞ ոչ։

«Հայաստանի, ինչպես նաև համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ ընդդիմության այս կամ այն դերակատարներին շատ կարճ ժամանակով հաջողվել է քաղաքական դաշտում լինել հիմնական լուրեր արտադրողը՝ այսպես ասած օրակարգ թելադրողը։

Միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ դա հաջողություն է բերում, կամ օրակարգ թելադրելը պետք է գնահատել որպես առաջին քայլ դեպի իշխանություն, կամ օրինակ հաջողության կեսը։ Օրակարգ թելադրելու խնդիրը չպետք է գերագնահատել․ Սրբազանն իր քաղաքական գործունեությունն է իրականացնում, վարչապետն էլ՝ ի հակակշիռ դրան, փորձում է իր գործունեությունն իրականացնել։ Սա համարե՞նք Սրբազանի հաջողությունը, թե՞ ոչ՝ սուբյեկտիվ մոտեցում կլինի»,- նկատում է նա։

Արմեն Բադալյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ շարժման առջև դրված գլխավոր խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար պետք է բոլորովին այլ գործընթաց իրականացվի։ Նրա խոսքով՝ Հայաստանի 30-ամյա քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած գործող իշխանություն փողոցային պայքարի դեմ բավականին լավ իմունիտետ է ձեռք բերել և 30 տարվա ընթացքում երբեք չի հաջողվել փողոցի միջոցով իշխանությանը տապալել․

«Անգամ 2018 թվականին բոլորովին այլ գործընթացներ են տեղի ունեցել․ 2018-ին էությամբ պայմանավորված իշխանափոխություն է եղել, որը ձևով քաղաքացիական անհնազանդություն էր։ Հիմա մարդկանց թվում է, որ եթե ձևը դարձնեն բովանդակություն՝ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնեն, ապա դրանով կարելի է հասնել իշխանափոխության։ Իշխանափոխության հասնելու համար պետք է լիովին այլ մոտեցում ցուցաբերել՝ մասնավորապես պետք է մտածել ամրոց գրավելու տրամաբանությամբ (նկատի չունեմ պետական շենքե գրավելը-Արմեն Բադալյան) և պայքարի ստրատեգիան բոլովին այլ պետք է լինի՝ փորձելով հաջողության հասնել»։

Քաղտեխնոլոգը հավելեց, որ եթե ամբողջ գործողությունը հաջողություն չի բերում, ապա դրա առանձին քայլերն առանձին-առանձին գնահատելը դառնում է անիմաստ։

Դավիթ Գույումջյան