Ուղիղ եթեր
Ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ոչ ոք չիմացավ
copy image url

Ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ոչ ոք չիմացավ

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:00 05-06-2024
Հունիսի 4-ին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ պատեհ առիթ էր պարզելու, թե ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, քանի որ հանրությանը և արտաքին գործընկերներին ամենաշատ հետաքրքրում է, թե ու՞ր է գնում Հայաստանը, ի՞նչ արտաքին քաղաքական կուրս է վարում, որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Ի դեպ՝ արտաքին քաղաքական տեսլականը մի քանի անգամ քննարկվել է ՔՊ վարչության նիստերում։ Դրա մասին ակնարկներ են արել Նիկոլ Փաշինյանը։ Բայց որևէ պաշտոնական աղբյուրում արտաքին քաղաքական տեսլականի և առաջնահերթությունների մասին հստակ ու աներկբա ձևակերպում չկա։ Այդ մասին պարզ չասվեց նաև այս անգամ։

Մասնավորապես՝ պարզ չդարձավ, թե ՀՀ-ն ԵՄ անդամակցելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ է մտադիր անել այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում հայատարարել էր, թե Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Դրանից անցել է 8 ամիս։ ԵՄ-ի հետ մերձենալու որևէ քայլ արվե՞լ է։

«ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ»,- հունիսի 4-ին ասել է Արարատ Միրզոյանն, առանձնացնելով երկու ուղղություն։ Մեկը համագործակցության նոր առաջնահերթությունն է, մյուսը՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի հանդիպումից բխող առաջնահերթությունների ուղղությունը: «Դա պայմանականորեն կարող ենք անվանել Հայաստանի դիմակայունության բարձրացում: Հիմնականում այս երկու խմբերում կտեղավորեի մեր համագործակցության ներկա ուղղությունները»,- ասել է Միրզոյանը։

Այս խոսքից էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում դիմակայունություն։ Ենթադրելի է, որ դիմակայունությունը վերաբերում է արտաքին՝ ռուս-ադրբեջանական ագրեսիան դիմագրավելու խնդրին։ Եթե այդպես է, ապա ԱԳ նախարարը կարող է պարզ հայերեն ասել այդ մասին, որպեսզի ՀՀ քաղաքացու համար պարզ լինի, թե ինչ նշանակություն ունի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ գործընկերությունը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ ևս պարզություն չկար ԱԳ նախարարի հաշվետու զեկույցում։ Չպարզվեց, թե բանակցային ո՞ր փուլում ենք, ի՞նչ չհամաձայնեցված հարցեր կան, ի՞նչ խոչընդոտներ կան, ովքե՞ր են բանակցային երաշխավորները։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ երաշխավորների հարցը դուրս է եկել օրակարգից 32 հայ գերիներին վերադարձնելուց հետո։ Այսինքն՝ տեղի է ունեցել գերիները՝ Արևմտյան երաշխավորից հրաժարվելու դիմաց գործարքը, որի մասին ՀՀ պաշտոնյան ոչինչ չասաց։ Նշենք նաև, որ հունիսի 4-ին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Բայդենը, Թուրքիայի նախագահ Էդողանը։ Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ միջազգային հետաքրքրությունը խիստ մեծացել է, բայց ՀՀ քաղաքացին այդ պայմանագրի և դրա հետևանքների վերաբերյալ ոչ մի կոնկրետ տեղեկություն չունի։

Կատարյալ մութ է նաև հայ-ռուսական հարաբերություններում։ Նախօրեին ՀԱՊԿ քարտուղարն էր ակնկալել, որ Հայաստանը կհստակեցնի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում մնալու կամ դուրս գալու վերաբերյալ։ Այս հարցում ևս պարզություն չկա։ Նկատենք, որ որոշ ընդդիմադիր գործիչներ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ։ Իսկ որոշ արևմտամետներ էլ նրան հանդիմանում են ռուսամետ դիրքորոշման համար։

Ոչինչ չպարզվեց նաև սահմանազատման վերաբերյալ, թե ե՞րբ է շարունակվելու, սահմանի ո՞ր հատվածում է տեղի ունենալու, ի՞նչ հիմքով։ «Մեր միանշանակ դիրքորոշումն է, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա, և այդպես էլ եղել է այն կտորը, որը սահմանազատվել է»,- հունիսի 4-ին ասել է ԱԳ նախարարը: Այստեղից կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածաների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այսինքն՝ սահմանազատման գործընթաց, որպես այդպիսին՝ գոյություն չունի։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը զբաղված է ինչով ասես, բացի քաղաքականություն որոշելուց։ Կարող են դեսպանատներ բացել, անդամավճարներ մուծել միջազգային կառույցներին, ընդունել միջազգային ֆորումներ։ Բայց ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ կոնկրետ առաջնահերթություններ ունեն, և ի վերջո՝ ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ոչ ոք չիմացավ։

Թաթուլ Մկրտչյան