Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները շտապեցին հայտարարել, որ շարժումն ուղղորդվում է Մոսկվայի կողմից և ուղղված է ՀՀ անկախության դեմ։ Այս մերկապարանոց մեղադրանքը տարածելուն անմիջապես լծվեցին ՔՊ-ական և ՔՊ-ամերձ լրատվակայքերը, որոնց հրապարակումներին անմիջապես ընթացք տվեցին իրավապահ մարմինները։ Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին։ «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել»,- «Ազատությանը» փոխանցել են ԱԱԾ-ից։ Ինչու՞ ԱԱԾ-ն ու մյուս իրավապահները հերքեցին Նիկոլ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների ներկայացրած ծանր մեղադրանքը, որն ի դեպ՝ Սրբազանի առաջնորդած շարժման դեմ պայքարի միակ լեգիտիմ զենքն է։
Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրներում Կրեմլի գործակալների դեմ պայքարը օրինական հիմքերի վրա է դրված։ Բազմաթիվ երկրներում լյուստրացիայի մասին օրենքներ են ընդունվել, որոնցով ԿԳԲ-ի նախկին գործակալներին արգելված է զբաղեցնել պետական պատասխանատու պաշտոններ։ Այսպիսով՝ այդ երկրները պաշտպանում են իրենց ժողովուրդների ազատությունը և ներքին խաղաղությունը ռուսական ռևանշի ռիսկերից, քաղաքականության որոշման և քաղաքական գործընթացների վրա ռուսական ազդեցությունից։ Ամեն տարի մի քանի ռուսական գործակալ ու լրտես են բացահայտվում այդ երկրներում ու արտաքսվում կամ համարժեք պատժի արժանանում։
ՀՀ-ում լրիվ այլ իրավիճակ է։ Մեր երկրում լյուստրացիա չի եղել, ռուսական զորքերն անպատասխանատու և անպատիժ գործում են ՀՀ տարածքում։ Երկաթուղին, գազամուղը և մի շարք ենթակառուցվածնքեր ուղիղ կամ անուղղակի ռուսական են։ Քաղաքական համայնքի գրեթե կեսը ռուսամետ ուժեր են։ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր երկու ուժերը բացահայտ ռուսամետ դիրքորոշում են արտահայտում, իսկ մեծամասնությունը պասիվ ռուսամետ կուրս է վարում։ Այսինքն՝ ՀՀ-ում Կրեմլի գործակալը գործում է անարգել։ ՀՀ-ում ՌԴ շահերը պաշտպանելը հանցագործություն չէ։ Դրա համար օրենքով պատիժ նախատեսված չէ։ Նույնիսկ նախադեպ չկա։
Այսպիսով՝ իրավիճակը զավեշտալի է, քանի որ Փաշինյանն իր ընդդիմախոսին մեղադրում է մի բանի մեջ, որի համար պատիժ սահմանված չէ։ Ավելին՝ ընդդիմախոսին մեղադրում են ենթադրյալ հանցանքի մեջ, որի դեմ իրենք՝ քաղաքականություն որոշողները, ոչինչ չեն արել՝ օրենք չեն ընդունել, ռուսական որևէ գործակալի չեն բացահայտել ու դատել, որևէ պաշտոնյայի պաշտոնանկ չեն արել ռուսական շահերն ազգայինից վեր դասելու մեղադրանքով։ ՔՊ-ականները Բռնադատվածների օրը՝ Հունիսի 14-ին մի ծաղիկ չեն խոնարհում խորհրդային բռնազավթման տարիներին ԿԳԲ-ի կողմից սպանված, հալածված, բռնաճնշումների ենթարկված 100 հազարավոր հայերի անմեղ հիշատակին, քանի որ, ենթադրաբար, սպասարկում են Կրեմլի շահերը։
Հետևաբար՝ կարելի է վստահաբար ասել, որ ԱԱԾ-ն ու մյուս իրավապահները ոչ միայն օրենքով հնարավորություն, այլև բարոյական իրավունք չունեն որևէ մեկին որակելու ռուսական գործակալ, քննելու նրա կապերը Կրեմլի հետ։ ՀՀ իրավապահ մարմինները նույնիսկ բացահայտ փաստերի ու տվյալների առատության պարագայում, ռուսական հետարքրություններ սպասարկելու մեջ ոչ ոքի չեն կասկածելու ոչ միայն օրենքի բացակայության, այլև այն պատճառով, որ ՔՊ-ական իշխանությունը ձևավորման օրից ռուսական ազգային շահերին հակասող ոչինչ չի արել, հայ-ռուսական ոչ մի պայմանագիր չի չեղարկել, ռուսական դոմինանտությամբ գործող ոչ մի կառույցից դուրս չի եկել։ Նույնիսկ Փաշինյանին ամեն օր եթերով հայհոյող ռուսական առաջին ալիքը փակելու խիզախություն չունեն։ Ռուսական գործակալ լինելը նաև ամոթալի չէ։ Ո՞վ է այս տարիներին վիրավորվել այդպիսի որակումից ու դատի տվել անձնական վիրավորանքի կամ զրպարտության համար։
Կարճ ասած՝ եթե ՔՊ-ն, իրոք, անկեղծորեն, ՀՀ անկախությունն ու ներքին խաղաղությունը պաշտպանելու և ռուսական գործակալներից ազատվելու քաղաքական խնդիր ունի, ապա կարող է օրենքով սահմանափակել Կրեմլի գործակալի մուտքը քաղաքականություն, լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ բերելով օրակարգ։ Եվ քանի դեռ քաղաքականություն որոշողն այդպիսի բան չի արել, ապա կարող ենք ենթադրել, որ Կրեմլի գործակալ են՝ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության անդամները, ՔՊ պատգամավորները և նրանց սատարողները։
Թաթուլ Մկրտչյան