Ուղիղ եթեր
Էշից իջնելու ժամանակը. ռուսամետները պիտի վերաբրենդավորվեն
copy image url

Էշից իջնելու ժամանակը. ռուսամետները պիտի վերաբրենդավորվեն

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 19:00 03-06-2024
2022-ին «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերությունը վերանվանվեց «Լիգա ինշուրանս»։ Իսկ մի քանի օր առաջ «Ռոստելեկոմ Արմենիան» վերանվանվեց Ovio: Սրանք ռուսական համանուն ընկերությունների դուստր ձեռնարկություններն էին, որոնք 10 տարուց ավելի գործում էին ՀՀ-ում միլիոնավոր դոլարի ներդրումներ անում ու հարկեր վճարում։ Այսօր նրանք ներկայանում են այլ անուններով, որոնցից ռուսական հոտ չի գալիս։ Ի՞նչ աստառ ունի ռուսական ընկերությունների ռեբրենդինգը։ Եվ ո՞վ պիտի դաս քաղի դրանից։

44-օրյա պատերազմից և ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիաներից հետո հայ-ռուսական հարաբերություններում սառնություն է մտել։ Պատճառն այն է, որ Մոսկվան չկատարեց պայմանագրային պարտավորությունները, չպաշտպանեց Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից, նույնիսկ դատապարտող հայտարարություն չարեց, աջակցեց Ադրբեջանին Արցախը զավթելու, հայերին բռնի տեղահանելու հարցում։ Դրանից հետո ՀՀ քաղաքացիների մեծ մասի կարծիքը Ռուսաստանի նկատմամբ արդարացիորեն, համարժեքորեն փոխվեց։ Եթե նախկինում ժողովրդի մեծ մասը ՌԴ-ին համարում էր դաշնակից, բարեկամ երկիր, ապա հիմա մեծ մասը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Ոմանք Մոսկվայի դիրքորոշումը որակում են ոչ բարեկամական, ադրբեջանամետ, թուրքամետ, նույնիսկ՝ թշնամական։

Այս վերաբերմունքն տարածվեց նաև ռուսական ընկերությունների նկատմամբ։ Մարդիկ լուռ, բայց զանգվածաբար հրաժարվում են ռուսական ընկերությունների ծառայություններից, ապրանքներից։ Արդյունքում՝ Ռոստելեկոմ և Ռոսգոստրախ ընկերությունները նահանջ ու կորուստներ ունեցան։ Եվ վերջիններս ողջամիտ որոշում կայացրին ու անվանափոխվեցին, որպեսզի քողարկեն իրենց ռուսական ծագումը, քանի որ մարդիկ մերժում են ռուսականը, նախընտրում շուկայում գործող մյուս ընկերությունների առաջարկները։

Վերաբրենդավորման մյուս կողմը արևմտյան պատժամիջոցներն են, որոնք կիրառվում են ռուսական գրեթե ամեն ինչի նկատմամբ։ Անվանափոխված այս ընկերությունները հնարավոր է՝ կխուսափեն նաև այդ հարվածներից։

Այսինքն՝ ողջամիտ մոտեցումն է ստիպել նրանց վերաբրենդավորվել, որպեսզի շահեն ժողովրդի վստահությունը, մեղմեն հանրության բացասական վերաբերմունքը, ավելացնեն բաժանորդների, հաճախորդների թիվն ու ընդլայնեն գործընկերների շրջանակը։ Արդյունքում շահելու են ընկերությունների տերերն ու աշխատակիցները, ՀՀ-ն ու ՀՀ քաղաքացին, ինչ-որ չափ էլ՝ ՌԴ-ն։ Ենթադրելի է, որ ռուսական ընկերությունների օրինակին կհետևեն նաև ՀՀ-ում գործող քաղաքական ռուսամետ ուժերը, որոնք տասնամյակներ շարունակ բացահայտ պաշտպանել են ռուսական հետաքրքրությունները։

Նախ անկախ և ժողովրդավարական ՀՀ-ում գործող քաղաքական ուժի համար առնվազն ամոթալի էր ռուսամետ դիրքորոշումը։ Սակայն բազմաթիվ ուժեր խմբային շահերով, ավանդույթի ուժով կամ հարկադրված այդպիսի դիրք են բռնել տարիներ շարունակ։ Ներկայում իրավիճակ է փոխվել։ Ժողովրդի համակրանքը Ռուսաստանի նկատմամբ ընդգծված բացասական է։ Ազատ աշխարհի երկրների վերաբերմունքը ՌԴ դաշնակիցների, գործընկերների, գործակալների նկատմամբ ևս բացասական է։

Մեր ռուսամետ ուժերն ավելի շա՞տ են կապված ՌԴ-ի հետ, քան Ռոստելեկոմն ու Ռոսգոստրախը։ Ենթադրաբար՝ ոչ։ Ռուսամետ կուսակցություններն ու գործիչները կշահե՞ն վերաբրենդավորման արդյունքում։ Հավանաբար՝ այո, քանի որ կմեծացնեն ժողովրդականությունը, նոր գործընկերներ ձեռք կբերեն և աշխարհի համար ընդունելի, ընկալելի, գործընկեր կդառնան, ավելի մեծ օգուտ կբերեն ՀՀ-ին։

Քաղաքական համայնքում նախկինում էլ է եղել վերաբրենդավորում։ Օրինակ՝ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն, որը տարիներ շարունակ ընդգծված ռուսամետ դիրք ուներ, 2007-ին ընտրեց Եվրաինտեգրացիան։ Նույնպես մերօրյա ռուսամետները, որոնց Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները ռուսական գործակալ են անվանում, կարող են վերաբրենդավորվել, փոխել դիրքորոշումը, դառնալ անկախության և ժողովրդավարության, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ գործընկերությունը խորացնելու ջատագով։ Սրանից կշահեն այդ կուսակցությունների անդամները, ՀՀ-ն, ՀՀ քաղաքացին։ Կշահի նաև ՌԴ-ն, քանի որ անկախականների և արևմտամետների ճամբարում կունենա վաղեմի բարեկամ ուժեր։

«Էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»։ Ինչքան էլ ոմանց կրկնակի ամոթալի թվա ռուսամետությունից հրաժարվելը, բայց ռուսամետներն այլ տարբերակ չունեն։ Պիտի ռուսական էշից իջնեն։ Այդպես կմաքրվեն ռուսական գործակալի ամոթալի պիտակից, կանցնեն ժողովրդի կողմը, կվայելեն ժողովրդի վստահությունը և կչեզոքացնեն ռուսամետությամբ լեգիտիմացվող անվտանգային սպառնալիքները։

Պարզ ասած՝ Ռոստելեկոմի ռեբրենդինգը վերջին կաթիլն էր, որից հետո ողջամտության նշույլ ունեցողն էլ կհասկանա, որ ռուսամետության մեջ մնալը պարզապես ողջամիտ չէ։

Թաթուլ Մկրտչյան