Ներքին 2 տարի առաջ - 18:14 30-05-2024

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը` Թբիլիսի):

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինիս նշանակումը կամրապնդի և նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև անցյալ տարվա նոյեմբերին հաստատված դիվանագիտական հարաբերություններից ի վեր ձևավորվող երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգին:

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեծ ավանդ կունենա մեր հարաբերությունների սկիզբը հաջողությամբ սկսելու և հետագա զարգացման տեսանկյունից: Ավանդաբար, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը ջերմ հարաբերություններ է ունեցել արաբական երկրների հետ: Սա պայմանավորված է եղել հիմնականում նրանով, որ մենք միշտ ջերմ ընդունելության ենք արժանացել արաբական երկրների ժողովուրդների և պետությունների կողմից: Արաբական երկրներում ապրող մեր հայրենակիցները միշտ եղել են արժանի քաղաքացիներ այդ երկրներում և իրենց ավանդն են ունեցել նաև այդ երկրների զարգացման գործում:

Փաստն արդեն կա, 2023 թվականի նոյեմբերից մեր երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, և, ըստ այդմ՝ առաջիկայում շատ անելիքներ ունենք: Համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ կա տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ձեր նշանակումը շատ կարևոր է այս գործընթացի առավել համակարգման և համատեղ աշխատելու տեսանկյունից»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է.

«Նախ և առաջ ցանկանում եմ Ձեզ հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդիի ջերմ ողջույններն ու մաղթանքները: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Նորին մեծություն, Կառավարության ղեկավար, թագաժառանգ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդիի ողջույնները՝ Ձեզ հղելով իրենց կողմից լավագույն մաղթանքներ՝ երկարակեցություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին նորանոր առաջընթացներ, ձեռքբերումներ և բարգավաճում:

Ես հաստատում և ընդգծում եմ Սաուդյան Արաբիայի Թագավորության կառավարության ձգտումը՝ համատեղ զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, որպեսզի երկու երկրների բարեկամ ժողովուրդները նորանոր առաջընթացներ և բարգավաճում արձանագրեն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խթանման նպատակով խորհրդակցությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում առկա իրողություններին և զարգացումներին, այս կապակցությամբ երկուստեք շեշտվել է տևական խաղաղության և կայունության հաստատման հրամայականը, ինչպես նաև հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային գերակա նորմերի և սկզբունքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ինչպես Հայաստանի և Սաուդյան Արաբիայի, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի և համագործակցության զարգացման հնարավորությունների և առկա ներուժի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմնական սկզբունքների և նպատակների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը և ինքն անձամբ, հնարավորինս կաջակցեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված երկկողմ նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie