Եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատներն, ապա ԿԸՀ-ն պարտավոր կլինի արտահերթ ընտրություններ նշանակել։ Այսպիսի առաջարկ են հնչեցնում փորձառու իրավաբանները, ընդգծելով, որ ընդդիմադիր խմբակցությունների մանդատները վայր դնելը իշխանափոխության հասնելու ամենակարճ ու անարյուն ճանապարհն է։ Այսպիսի առաջարկ է հնչել նաև օրեր առաջ Բագրատ Սրբազանի հետ քաղաքական ուժերի հանդիպման ժամանակ։ Սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բերել է մի շարք պատճառաբանություններ, փորձելով հիմնավորել, որ այս պահին մանդատները դնելը սխալ է։ Ինչու՞ ընդդիմադիրները չեն ուզում վայր դնել մանդատները։
2021-ին ձևավորված խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների մի շարք հայտնի պատգամավորներ վայր են դրել մանդատները նախընթաց տարիներին։ Խմբակցությունները ձևավորած որոշ ուժերն լքել են խորհրդարանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս է եկել «Հայրենիք» կուսակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարությամբ դադարեցրել է գործունեությունն Ազգային ժողովում։
Ասում են, թե մանդատները դնելուն դեմ են անկուսակցական ընդդիմադիրները։ Ընդդիմադիր խմբակցություններում 14 անկուսակցական կա։ Նրանց շարքին կարելի է դասել նաև «Վերածնվող Հայաստանի» 2 պատգամավորներին։ Ենթադրելի է, որ անկուսակցական պատգամավորները քաղաքական թիմային հավակնություններ և նպատակներ չունեն։ Թեև ընդդիմադիր անկուսակցական պատգամավորները քննադատելուց զատ ոչինչ չեն անում, գործնականում՝ չեն էլ կարող անել, սակայն այդ սկզբունքային քննադատությունները կարող են ներկայացնել որպես ժողովրդանվեր մեծ գործ և արդարացնել մանդատը չդնելու դիրքորոշումը։
Ընդդիմադիր անկուսակցականների համար կարող է գործոն լինել նաև մանդատով պայմանավորված արտոնությունները, որոնցից չեն ուզում զրկվել։ Պատգամավորի մանդատը նաև անձռնմխելիություն է ընձեռում։ Իսկ աշխատավարձը, պարգևավճարն ու գրպանի փողը իրական հետաքրքրություն են։ Կարճ ասած՝ մանդատները չդնելու պատճառներն այնքան շատ են, որ դրանց թվարկման կեսից շատերի համար հասկանալի է դառնում, թե ինչու չեն ուզում հրաժարվել մանդատից։ Ենթադրելի է նաև, որ պայմանավորվածություններ ունեն այն ուժերի հետ, որոնց շահերը սպասարկելու համար կիրառում են մանդատները։ Ի վերջո՝ մարդկային թուլություններ ունեն և կարող են տրվել նյութական գայթակղությունների և փողն ավելի կարևոր համարել։
Անձնական շահախնդրությունից վեր կան ենթադրյալ քաղաքական պատճառներ, թե ինչու ընդդիմադիրները չեն դնում մանդատները։ Առաջինն այն է, որ նրանք վստահ չեն, թե արտահերթ ընտրությունների դեպքում կրկին կարող են վերընտրվել։ Այս մասին մատնանշում են նաև նրանց ՔՊ-ական գործընկերները։ Եվ իրոք, 2021-ի իրողություններն արմատապես փոխվել են։ Ընդդիմադիրները, մասնավորապես՝ նրանց շարքերում տեղ զբաղեցնող անկուսակցականները հնարավոր է՝ չկարողանան փոխել իրենց դիրքորոշումն ու չտեղավորվել նոր օրակարգ սպասարկող նոր խորհրդարանում։
Մանդատներից կառչելը ակամա տպավորություն է ստեղծվում, թե իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսող խորհրդարանականները ևս համակարծիք են իշխանականների հետ այն հարցում, որ իշխանափոխության հանրային պահանջ չկա։ Այս խնդիրը լուծելի է։ Կանխատեսվում է, որ մայիսի 26-ի հանրահավաքում հարցը կտրուկ է դրվելու՝ մանդա՞տ, թե՞ իշխանափոխություն։ Եվ պատգամավորները ընտրության առաջ են կանգնելու։
Ամենևին չկասկածելով Արծվիկ Մինասյանի ու նրա գործընկերների ազնվությանը, ժողովուրդը կարող է պահանջել, որ նրանք ընտրողներին հիմա ներկայացնեն այլընտրանքային ճանապարհային քարտեզ, թե ինչպես են ակտիվացնելու իրենց պատգամավորական գործունեությունը և երբ են հասնելու իշխանափոխության, ինչպես նաև՝ խոստանան, որ նախանշված ժամկետում հաջողության չհասնելու պարագայում դնելու են մանդատները։ Իսկ եթե ոչ մի ծրագիր չունեն, ապա հիմա դնեն մանդատները։
Եթե մայիսի 26-ի հանրահավաքի մասնակիցները հավաքականորեն պահանջեն վայր դնել մանդատները, ապա կապացուցի, որ հանրային պահանջ կա։ Այս դեպքում էլ կանխատեսվում է, որ մանդատին կպած պատգամավորները կպահանջեն ստորագրահավաք անել և հավաքել այնքան ստորագրություն, ինչքան ձայն են ստացել իրենք 2021-ին։ Հաշվի առնելով այն, որ շարժման շարքերում կան ստորագրահավաք կազմակերպելու փորձառություն ունեցող անձինք, ապա հնարավոր է՝ կբավարարվի նաև ընդդիմադիրների այս պահանջը։ Իսկ եթե դրանից հետո էլ ընդդիմադիր պատգամավորները չուզենան դնել մանդատները, ապա ստիպված կլինեն փոխել իրենց քաղաքական խոսույթն ու հրաժարվել Փաշինյանի հրաժարականի պահանջից, բացել խաղաքարտերն ու հայտարարել, որ չունեն քաղաքական այլընտրանքային ծրագրեր, իշխանության հավակնություններ, այլ ընդամենն ուզում են վայելել մանդատով պայմանավորված կարճատև արտոնությունները։
Հարկ է պարզ ասել, որ ժողովրդի մի մասը իշխանափոխության հարցում գործնական, արդյունավետ քայլեր է ակնկալում ընդդիմադիր պատգամավորներից։ Ու եթե վերջիններն այս ուղղությամբ ոչ մի նախաձեռնություն չեն ցուցաբերում, ապա առաջ են գալիս հանրային ողջամիտ կասկածներ, որ ընդդիմադիրներն իրականում քաղաքական և անձնական այլ հետաքրքրություններ ունեն։
Թաթուլ Մկրտչյան