Մի քանի օր անց՝ մայիսի 26-ին, համաժողովրդական շարժման վարչապետի թեկնածու պաշտոնապես կհռչակվի Բագրատ Սրբազանը, որը կուսակցական չէ, քաղաքական պայքարի տևական ճանապարհ չի անցել, չհաշված 1988-1991 թվականներին Հայ ազգային երիտասարդական միության, Ազգային ինքնորոշում միավորման հետ անկախության պայքարում ակտիվ մասնակցությունը։ Ինչու՞ է Սրբազանը դարձել նախընտրելի թեկնածու, և այդ դիրքին հասնելու ի՞նչ ուղի ունի։
Ավտորիտար համակարգում իշխանության ինքնակոչ հավակնորդը քաղաքական սպառնալիք է որակվում, ինքնիշխանության դեմ լկտի ոտնձգություն։ Ժողովրդավարական երկրում քաղաքական ազատությունը յուրաքանչյուրին իրավունք է տալիս հավակնել իշխանության։ Եվ ոչ միայն պախարակելի չեն, այլև խրախուսվում են քաղաքական ակտիվությունն ու նախաձեռնությունները։ Սակայն երբ ժողովրդավար ՀՀ-ում քաղաքացին հայտարարում է, որ հավակնում է իշխանության, ուզում է վարչապետ դառնալ, ապա ՔՊ-ական իշխանությունը միանգամից հորինում է դավադրության մի քանի պատմություն, հավակնորդին կապում Հայաստանի թշնամիների, մասնավորապես՝ Կրեմլի հետ։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը աղավաղված, ոչ համարժեք պատկերացումներ ունի ժողովրդավարության մասին կամ մտադիր է Հայաստանը դարձնել ավտոկրատ երկիր՝ Ադրբեջանի, Բելառուսի, ՌԴ-ի կամ Թուրքիայի նման։
Այս հակաժողովրդավարական մոտեցումը տարածվում է նաև քաղաքական դաշտում։ Բազմաթիվ կուսակցությունների ղեկավարները նույնիսկ չեն երազում իշխանության հասնելու, բարձրագույն պաշտոն զբաղեցնելու մասին։ Իսկ պոտենցիալ և կառավարման փորձառություն ունենցող քաղաքական գործիչները հայտնվել են փակուղային իրավիճակում աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքով։ Պատկերավոր ասած՝ քաղաքական դաշտի վետերաններն ու հսկաները քարացել, մնացել են ճանապարհին։ Ո՛չ կարող են վերանայել իրենց դիրքորոշումը, ո՛չ էլ զիջել առաջնորդությունը երիտասարդ կուսակիցներին, քանի որ ժառանգորդ չեն պատրաստել։
Մյուս կողմից ժողովրդավարական ավանդույթները դեռ չեն արմատավորվել հասարակությունում, մասնավորապես՝ քաղաքական կառույցներում։ Դրանց մեծ մասը մեկ մարդու շուրջ միություններ են, սպասարկում են անփոխարինելի առաջնորդի հետարքրությունները։ Կա նաև խորհրդային բռնազավթման տարիների իներցիան, ըստ որի՝ քաղաքական մրցակցությունը թույլատրելի չէ։ Սոցիալ վարքաբանության մեջ նստած է նաև քաղաքականության մասին կեղծ պատկերացումները։ Իսկ քաղաքական հալածանքները վախ են ներշնչում ու քաղաքականությունից հեռու վանում մարդկանց մեծ մասին։
Արդյունքում՝ քաղաքական ասպարեզն ամայացվում է։ Հին գործիչները մաշվել են, հոգնել, կորցրել ատամները, ժողովրդականությունն ու չեն պատրաստել ժառանգորդների։ Այս իրավիճակը հավելյալ նպաստել է, որ Բագրատ Սրբազանը դառնա վարչապետի ամենաժողովրդական թեկնածուն։ Սակայն վերջինիս պարագայում կա երկքաղաքացիության խնդիր։ Այս խոչընդոտի հաղթահարման երկու ուղի կա՝ հեղափոխական և պահպանողական։
Այս պահին քննարկվում է հեղափոխական ճանապարհը, ըստ որի՝ նախատեսվում է փոփոխել Սահմանադրությունը և վերացնել երկքաղաքացիության դեմ արգելքը։ Այս լուծումը հնարավոր է, եթե ՔՊ-ն մասնակցի վարչապետի պաշտոնանկության նախաձեռնությանը, ինչպես 2018-ին։ Սակայն այս պահին հեղափոխական ճանապարհը կարծես՝ քիչ հավանական է, քանի որ Փաշինյանն իշխանությունը հանձնելու մտադրություն, կարծես՝ չունի։ Այս ուղին նաև ռիսկեր է պարունակում։ Հետևաբար՝ այս ուղին առարկայորեն հավանական չէ։
Երկրորդ ճանապարհը պահպանողականն է, ըստ որի՝ Բագրատ Սրաբազանը կարող է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, մի քանի տարի հետո կրկին շարժում բարձրացնել, հաղթել ընտրություններում ու դառնալ վարչապետ։ Հարցն այն է, թե այս ընթացքում ի՞նչ են անելու Բագրատ Սրբազանն ու նրան աջակցող ուժերը։ Ենթադրելի է, որ առաջիկա տարիները կօգտագործվեն միասնական մեկ կուսակցության ձևավորման, ծրագրերի կազմման և թիմի ձևավորման վրա։
Պարզ ասած՝ առջևում կարևոր փորձություն է։ Եվ պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար հարկ է քննարկել երկու ճանապարհները զուգահեռաբար։ Եթե չստացվի հեղափոխական ուղին, ապա ընտրել պահպանողականը, տևական նախապատրաստվել, բավարարել օրենքի պահանջները, առանց իրավական խոչընդոտի՝ մասնակցել ընտրություններին, հաղթել և դուրս բերել պետությունը դեպի ռուսական ճահիճ ընթացող կործանարար ճանապարհից։
Թաթուլ Մկրտչյան