Տավուշյան հողհանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրի մեջ էր
copy image url

Տավուշյան հողհանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրի մեջ էր

Ներքին 11 ամիս առաջ - 20:30 16-05-2024
Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը 2024-ի մայիսի 15-ին ստորագրված հողհանձնումը համարեց ձեռքբերում։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սահմանազատումն ավարտվեց երեկ ստորագրված երկկողմ արձանագրությամբ։ Չնայած կատարվածը արտաքուստ նման է սահմանազատման գործընթացին, սակայն հանրութան մի մասը կասկածներ ունի, որ սա սահմանազատում չէ, այլ ՔՊ-ական իշխանությունը Ադրբեջանի պահանջով հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ, որոնք ոչ միայն ունեին անվտանգային և լոգիստիկ նշանակություն, այլև փաստացի տնօրինվում էին ՀՀ քաղաքացիների կողմից, լուծելով նրանց որոշ կենսական խնդիրները։

Ընդդիմախոսներն անհրաժեշտ են համարում, որ նախ պետք է ամբողջ սահմանը սահմանազատվեր, այնուհետև սկսվեին սահմանագծման աշխատանքները։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին փաստաթղթում պետք է նշված լիներ հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը։ Այդ փաստաթուղթը քարտեզով հանդերձ պետք է վավերացվեր երկու երկրների համապատասխան մարմինների կողմից և հրապարակվեր, ինչպես հրապարակվում են բոլոր միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը։ Դրանից հետո պետք է կազմվեր ճանապարհային քարտեզ, թե երբ, ինչ հերթականությամբ, ինչ ժամկետներում են սահմանագծելու արդեն սահմանազատված սահմանի հատվածներ և այդ քարտեզը ևս հրապարակվեր։ Այս ամենը չկա։

Ուշագրավ է, որ ապրիլի 19-ից մինչև երեկ ՔՊ-ական պաշտոնյաները պնդում էին, թե սահմանազատումը տեղի է ունենում 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա այն սահմաններով, որոնցով անկախացել են ՀՀ-ն և Ադրբեջանը, այսինքն՝ նախկին խորհրդային հանրապետությունների 1991-ի սահմաններով։ Սակայն երեկ, ուշ երեկոյան հայտնի դարձավ, սահմանազատումը տեղի է ունեցել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն։ Սա ևս վկայում է, որ սահմանազատումը տեղի է ունենում հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների ծիրում։ Այդ մասին ակնարկեց նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Եթե այդպես է, ապա հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում սահմանազատումները ևս ի վնաս Հայաստանի են լինելու։

Հատվածական սահմանազատում են արել նաև այլ երկրները։ Նշենք մի քանի օրինակ։ Չինաստանը և Վիետնամը համաձայնություն ձեռք բերեցին 1300 կմ ցամաքային սահմանի սահմանազատման շուրջ 2002 թվականին: Երկու երկրները ապահովել են մասնակի սահմանազատումը 2007 թվականին, իսկ ամբողջ սահմանագծումը 2008 թվականին: Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև սահմանային վեճերի վերաբերյալ 2022 թվականի նոյեմբերի 3-ին Բիշքեկ քաղաքում ստորագրված երկու երկրների միջև պետական ​​սահմանի որոշ հատվածների պայմանագիրը վավերացրել են երկրների նախագահները։ Այդ պայմանագրով կողմերըսահմանել են պետական սահմանի չնկարագրված 302 կիլոմետրը։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ղրղզա-ուզբեկական սահմանին այլևս վիճելի տարածքներ չկան։ Հունաստանը և Եգիպտոսը համաձայնագիր են ստորագրել Արևելյան Միջերկրական ծովում երկու երկրների ծովային սահմանների սահմանազատման մասին 2020 թվականի օգոստոսի 7-ին: Սա նույնպես հատվածական սահմանազատում է։

Նկատենք, որ բերված օրինակներում հատվածական սահմանազատումը ավարտուն գործընթաց է։ Մեր դեպքում՝ տավուշյան հատվածական սահմանազատումը ևս ավարտուն գործընթաց է։ Այդ մասին կողմերը կազմել են արձանագրություն, որտեղ ոչ մի նշում չկա, որ այս սահմանազատումը հայ-ադրբեջանական ամբողջական սահմանի սահմանազատման մի մասն է և սահմանազատումը շարունակվելու է սահմանի մյուս հատվածներում ևս։ Սա հայ հանրությանը հետաքրքիր է, քանի որ Ադրբեջանը զավթել և փաստացի տնօրինում է ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, որոնք խորհրդային 1976-ի կամ 1991-ի քարտեզներով ՀԽՍՀ-ի վարչական տարածք էին, ու հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածք են։ Փոխարենը՝ հայ-ադրբեջանանական 9-րդ հանդիպման մասին ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է՝ «Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»: Ոչ մի կոնկրետ ժամկետ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հատվածները հնարավոր է՝ չսահմանազատվեն կամ սահմանազատվեն այլ հիմքերով ու քրատեզներով։

Սա արդեն փաստացի հաստատում է, որ Տավուշի մարզում սահմանազատումը պիլոտային է, ինչպես ասում են իրենք՝ ՔՊ-ականները։ Եվ չկա երաշխիք, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածների սահմանազատումը տեղի կունենա նույն սկզբունքով, նույն՝ 1976-ի քարտեզով, քանի որ սահմանի մյուս հատվածների սահմանազատման, սահմանագծման մասին փոխվարչապետների կողմից հաստատված, կնքված պայմանավորվածություն չկա։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ ՀՀ փաստացի վերահսկողության տակ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելը ամբողջական սահմանազատման հետ կապ չունեցող գործընթաց էր։ Այդպիսով՝ ՀՀ իշխանությունը պարզապես կատարեց ռուս-ադրբեջանական պահանջը այդ տարածքների վերաբերյալ, որոնց մասին նշված էր Պուտինի կողմից կազմված և 2020-ի նոյեմբերի 9-ին (10-ին)կնքված եռակողմ հայտարարության մեջ, որը մի շարք ընդդիմադիր գործիչներ որակում են կապիտուլյացիոն։ Այլ կերպ ասած՝ այդ տարածքները հանձնելը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրին մեջ էր, հայտարարության շահառուներ՝ Մոսկվայի և Բաքվի պահանջի կատարումն էր Նիկոլ Փաշինյանի կողմից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված