Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Վրաստանում, քանի որ այն անհամեմատ ավելի մատչելի է, ինչպես նաև այնտեղ կարելի է հասնել հաշված ժամերի ընթացքում։
Այս համատեքստում վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առաջիկայում ներդրվելու է կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն, իսկ առանց այդ ապահովագրության երկիր մուտք գործելու համար սահմանվելու է 300 լարի տուգանք, որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտավորապես 43 հազար դրամ։ Նշվում է, որ Վրաստանում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտնելու այս տարվա հունիսի 1-ից։
Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ, սակայն օրենքի կիրառման վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ։ Նրա խոսքով՝ մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ։
«Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,- վստահեցրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել կյանքի և առողջության ապահովագրությամբ զբաղվող ընկերություններից։ Մեզ հետ զրույցում ապահովագրական ընկերություններից հայտնեցին, որ չնայած դեռևս պաշտոնական որոշում չկա, սակայն իրենց տեղեկություններով համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնելու հենց հունիսի 1-ից։
Armenia Insurance ապահովագրական ընկերության ներկայացուցիչը
Oragir.News-ին հայտնեց, որ համապատասխան օրենքը դեռևս հաստատված չէ, սակայն իրենց՝ ոչ պաշտոնական տեղեկություններով հունիսի 1-ին այն ուժի մեջ է մտնելու։
Ընկերության աշխատակիցն ասաց, որ այս պահի դրությամբ 1 օրվա ապահովագրության արժեքն այս պահի դրությամբ 370 դրամ է, սակայն մինչև հունիսի 1-ը փոփոխություններ են կատարելու և քաղաքացիներին ավելի մատչելի արժեքներ են առաջարկելու։ Նրա խոսքով՝ բժշկական ապահովագրության շրջանակներում քաղաքացիներին տրամադրվելիք հատուցման ծածկույթը Վրաստանի տարածքում կազմում է 30 հազար եվրո։
«Աստված չանի, եթե Վրաստանի տարածքում ինչ-որ դժբախտ պատահար, դեպք եք ունենու ու բժշկի եք դիմում, մինչև 30 հազար եվրոյի ծածկույթով ապահովագրական ընկերությունը հատուցում է ծախսերը»,- նշեցին ընկերությունից։
Աահովագրական ընկերության ներկայացուցիչը մեզ հայտնեց նաև ապահովագրությունը նվազագույնը 3 օրով են կատարում, և քաղաքացիները մեկնելուց առնվազն 1 օր առաջ պետք է իրենց դիմեն, որպեսզի հասցնեն պայմանագիրը կնքել։
Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության աշխատակիցը նույնպես նշեց, որ ըստ առկա ընդհանուր տեղեկատվության, որոշումը հունիսի 1-ից է սկսելու գործել, սակայն ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի դեսպանատուն։
Ապահովագրական այս ընկերությունում մինչև 65 տարեկան անձանց համար 1-15 օրվա համար 1 օրվա բազային ապահովագրավճարը 300 դրամ է, իսկ նվազագույնը ապահովագրություն կատարում են 2 օրվա համար։ Այս ընկերությունում նույնպես ապահովագրական գումարի ծածկույթը 30 հազար եվրո է կազմում։
Ինչ վերաբերվում է 65 տարեկանից բարձր անձանց, ապա այստեղ գործում են գործակիցներ՝ ըստ տարիքային խմբերի․ «65-70 տարեկան անձանց համար 2 գործակիցն է գործում, այսինքն՝ բացի այն, որ օրերի քանակը բազմապատկվում է 300-ի, նաև լրացուցիչ այդ երկուսով է բազմապատկվում։ 71-75 տարեկան անձանց համար գործակիցը 2․5 է, 76-79 տարեկան անձանց համար՝ 3»։
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարիքային խմբերի անձանց համար ավելի բարձր արժեքներ են սահմանված՝ ընկերության աշխատակիցը պատասխանեց՝ 65 տարեկանից բարձր անձանց դեպքում ռիսկայինությունն ավելի բարձր է, ուստի արժեքն ավելի թանկ է լինում։
Այս ընկերությունից հայտնեցին, որ պայմանագիրը կնքում են րոպեների ընթացքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալների միջոցով։