Ժամանակակից Հայաստանում բոլոր տեսակի ընդդիմադիր ակցիաներն անպայման դառնում են ուժային կառույցների բենեֆիս։
Ահա և հիմա՝ Բագրատ Սրբազանի երեկվա հայտարարած հանրահավաքային ընդմիջումը մայրաքաղաքում դրսևորվեց անհնազանդության ակցիաներով և տասնյակ բերման ենթարկված մասնակիցներով։
Գործի են դրվել ոստիկանական հանրածանոթ բիրտ ուժերը, թեև բրտության մարմնավորում Հայկազ Ջոմարդյանը լրագրողներին ասում էր՝ «սա ինչ բիրտ ուժ է, դեռ բիրտ ուժ չեք տեսել»։
Քաղաքացիները փողոց էին փակում, կարճատև ժամկետով․ նրանց փողոցից էլ են բերման ենթարկեցին, մայթերից էլ, անխնա և վայրագ։
Հավանաբար, Փաշինյանը երեկվա իր տեսածներից ու լսածներից եզրակացություններ է արել՝ կամ, որ ընդդիմադիր զանգվածը թույլ է, կարելի է բերետավորներով «լխկել», կամ՝ որ դեռևս «չբացահայտված ներուժ» ունի, հետևաբար պետք է «լխկել» ու կասեցնել ներուժի ծավալումը։
Բայց արդյո՞ք իշխանությանը կհաջողվի խեղդել Շարժումը։ Հայ ժողովուրդն իր վերջին 6 տարում ինչքան է տառապել, և մի՞թե սա հնարավորություն չէ՝ թոթափելու հակահայ կառավարիչների բերած այս աղետը։ Վստահաբար, հասարակության մեջ վիթխարի չափերի հասնող դժգոհություն կա, ինչպես ասում են՝ «ռադիկալ» գործողությունների ծարավ, ուստիև ուժայինների վայրենի գործողությունն ունակ չէ կասեցնելու դիմադրության փորձերը, եթե դրանք իրականացվեն հետևողականորեն։
Շատ կարևոր է, որ հայտարարված ընդմիջումը վերաբերում է միայն հանրահավաքին։ Այն, ի դեպ, մասնակիցներից շատերի մոտ տարակուսանք էր առաջացնում իշխանափոխության առաջարկվող մեթոդների բերումով։ Իհարկե, նախընտրելի կլիներ հասնել իշխող խմբի հեռացմանը օրինական ճանապարհով, բայց հստակ է, որ Փաշինյանը ոչ մի դեպքում իր խորհրդարանական խմբակցության վրա դաժան վերահսկողությունը չի թուլացնելու, քանի դեռ փողոցը հակառակը չի պարտադրի։
Փողոցային շարժումը՝ զուգակցված հանրահավաքային գործունեության հետ, շատ կարևոր է և սպասվող արդյունք գրանցելու համար որոշիչ, ուստի ինչքան մեծանա այդ տարբերակով առաջարկվող ճնշումը՝ այնքան մեծ է հաջողելու հավանականությունը։ Եվ, որպեսզի փողոցի պայքարը լինի արդյունավետ, անհրաժեշտ է ապակենտրոնացված գործողությունների շղթա, ինչը և այսօր դիտվում է։
Եթե պայքարի այս եղանակը հաջողություն գրանցի, ապա այդ դեպքում է խորհրդարանում անվստահության պրոցեսի նախաձեռնումը նպատակահարմար՝ հաշվարկով, որ ոչ միայն նախաձեռնելը, այլ նաև քվեարկությունը և համապատասխան որոշման ընդունումը տեղի կունենան, քանի որ օրենսդրությամբ նախատեսված է վարչապետին անվստահություն հայտնել տարեկան միայն մի անգամ՝ հնգամյա խորհրդարանական ժամկետի 2-րդ, 3-րդ և 4-րդ տարիներին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ եթե (Աստված մի արասցե) անվստահության գործընթացը տապալվի, ապա այս պրոցեսը Փաշինյանին մինչև 2026 թվականի մայիս՝ այսինքն ներկա խորհրդարանական ժամկետի ավարտ, այլևս չի սպառնում։
Սա՛ պետք է հաշվի առնվի ընդդիմության կողմից, և ուրեմն՝ թե՛ փողոցային անհնազանդության ակցիաները, թե՛ հանրահավաքները, թե՛ խորհրդարանում նախատեսվող գործողությունը պետք է իրականացվեն ամենայն լրջությամբ։ Հաստատաբար, այս նկատառմամբ է շարժման առաջնորդը նախաձեռնում տարատեսակ հանդիպումներ։
Տիգրան Աթանեսյան