Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 18:20 08-05-2024

Կփրկի՞ արդյոք ռուսական դրոշը Նիկոլ Փաշինյանին

Այն, որ Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարի պատճառով իշխանական «հով ու զով» պայմաններում գտնվող քարոզչամեքենայի կյանքի հանդարտ ռիթմը խախտվել է՝ փաստ է։

Երեկ, օրինակ, այդ թևին պատկանող թելեգրամ-ալիքները հետևյալ տեղեկությունը տարածեցին։
«Հասարակական ակտիվիստ Հովսեփ Խուրշուդյանը, խոսելով Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտարարել է, որ տեղեկություններ ունի, թե Կրեմլի համակարգմամբ՝ Ռուսաստանից, մասնավորապես Սոչիից և Մոսկվայից Հայաստան են ժամանել հարյուրավոր, գուցե հազարավոր քրեական տարրեր։ Նրա խոսքով՝ ժամանողների նպատակը Հայաստանում սադրանքներ ու անկարգություններ հրահրելն և ընդհանրապես՝ երկրում իրավիճակի ապակայունացումը։

Միաժամանակ Բագրատի (իշխանական քարոզչամեքենան Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանին չի արժանացնում «Սրբազան» դիմելաձևին – հեղ․) շարժման համակիր, բլոգեր «Դոգը» (հրապարակման հեղինակների ձևակերպումն է – հեղ․), ով աչքի է ընկնում իր անհավասարակշիռ պահվածքով, այսօր ասաց, որ իրենք արմատական քայլեր են նախապատրաստում»։

Այս սադրիչ հաղորդագրությունն այսօր է՛լ ավելի հետաքրքիր զարգացում է ստացել։ Նույն ուղղվածության թելեգրամյան ալիքները հայտնել են, որ «խոստացված» ռուսական քրեական էլեմենտներն արդեն Երևանում են։ Միաժամանակ, հրապարակել են լուսանկար, որտեղ երևում է առանց պետհամարանիշի ամենագնաց ավտոմեքենա՝ պատուհաններից դուրս հանած ռուսական դրոշ։ Ստացվում է, որ հենց այդ մեքենայում են գտնվել «քրեականները»։

Իշխանական տեղեկատվահամակարգը, սակայն, շարունակել է պրպտուն մտքի փայլատակումները։ Երրորդ հաղորդմամբ արդեն, վերը նշված Հովսեփ Խուրշուդյանի տեղեկություններով, հայտնվել է, թե «Ռուսաստանից քրեական էլեմենտների տեղափոխումը Հայաստան դրվել է «օրենքով գող Ժիրայր Բրուտյանի» վրա (իշխանական քարոզիչները հավանաբար լավ են ուսումնասիրել քրեական աշխարհի անցուդարձը, որովհետև գրել են անգամ իրենց նշած անձի մականունը՝ «Շահումյանցի Ժիրո» - հեղ․)։

Ընդ որում, այս գրառումը տեղադրելուց տառացիորեն 3 րոպե անց փաշինյանական համակարգի հետ ակտիվ համագործակցող ալիևյան քարոզչամեքենան պատճենել է տեքստը՝ իր հերթին, որպես «հավելում», զետեղելով նշված անձի լուսանկարը։

Այնուհետև փաշինյանական քարոզիչները տեսագրել են Երևանի Մելիք-Ադամյան փողոցի այն հատվածը, որտեղ գտնվում է Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։ «Այստեղ են հավաքագրում մարդկանց, որ մասնակցեն «փրկարարների» երթին և վաղվա ակցիային», տեսագրությանը կից գրել են նրանք՝ ակնարկելով, որ «հավաքագրումն» ընթանում է դրամի միջոցով․ «մեծ փողերի հասած մանր ժուլիկների մեթոդները չեն փոխվում անկախ փոփոխվող ժամանակներից»։

Նշենք, որ «Երևանում գտնվող Ռուսաստանից ժամանած քրեական էլեմենտներ»-ի մասին թելեգրամ-ալիքների հրապարակած առանց պետհամարանիշ ավտոմեքենայի լուսանկարը հայտնվել է նաև «Հայկական ժամանակ»-ում՝ «Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում» վերնագրով և թելեգրամյան համապատասխան տեքստի արտագրությամբ։

Հարց է առաջանում՝ եթե առանց պետհամարանիշի մեքենա է շրջում Երևանում, և ճանապարհային երթևեկության այդ կանոնի խախտումն արձանագրվել է, ապա ինչու՞ իշխանությունը միջոցներ չի ձեռնարկում խախտման վերացման համար։ Գոնե ձեռնարկված միջոցների մասին հրապարակում առայժմ չի տարածվել։ Կամ, առհասարակ, այդ ինչպե՞ս պատահեց, որ Ռուսաստանից Հայաստան ուղևորված այդ մեքենան (կամ մեքենաները, եթե իշխանական քարոզիչները հավաստի տեղեկություն են հայտնում – հեղ․) կտրեց-անցավ Ռուսաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան պետական սահմանները, որոնք հագեցված են հսկողության արդի միջոցներով, ու հիմա բարեհաջող «ֆռֆռում» է Երևանում՝ իր մեջ տանելով քրեական էլեմենտների։ Իսկ գուցե այդ մեքենայում կամ մեքենաներում փաշինյանական չինովնիկներն են գնում-գալիս ու լրտեսում մարդկանց։

Կամ, գուցե Փաշինյա՞նն է Հարուն Ալ-Ռաշիդ առասպելական թագավորի նման ծպտված շրջում փողոցներով՝ իմանալու ժողովրդի տրամադրությունները, իսկ ռուսական դրոշը պահպանում է նրա անվտանգությունը։

Տիգրան Աթանեսյան