Երևան +14°
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 19:00 08-05-2024

Քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը․ ինչու է շարժումը Բագրատ Սրբազանն առաջնորդում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից այս օրերին առաջնորդվում է վերկուսակցական շարժում, որի գլխավոր նպատակը Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը թշնամուն հանձնելու ծրագրի վիժեցումն է։ Ենթադրվում է, որ ամեն օր ավելի մեծ թափ ստացող շարժումը պետք է մայրաքաղաքում կապիտալիզացվի և հանգեցնի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը, ինչը չի կարող չանհանգստացնել օրվա իշխանություններին։

Այն, որ այս շարժումն վերկուսակցական է, առաջնորդում է հոգևորականի կողմից նպաստում է, որ այն մեծ թափ ստանա և ավելի շատ մարդիկ միանան դրան, սակայն մյուս կողմից էլ հանրության որոշ շերտերի շրջանում մտահոգությունների տեղիք է տալիս։ Իշխանամերձ քարոզիչները փորձում են հանրության այս շերտերի մտահոգությունները շահարկել և մարդկանց համոզել, որ հաջողելու պարագայում Բագրատ Սրբազանը մտադիր է Հայաստանը վերածել կրոնապետության։

Oragir.News-ն արդեն առիթ ունեցել է իր ընթերցողներին ներկայացնել, թե ինչ է կրոնապետությունը, որոնք են քաղաքակիրթ աշխարհում կրոնապետության օրինակները։ Համադրելով Բագրատ Սրբազանի կողմից հնչեցված հայտարարությունները, ինչպես նաև շարժման նպատակները՝ պնդել էինք, որ Սրբազանը Հայաստանում կրոնապետություն չի հաստատելու, իսկ եթե նա նույնիսկ նման մտադրություն ունի, ապա դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ։

Հասկանալու համար, թե ինչու է այս շարժումը հենց Տավուշի թեմի առաջնորդը ղեկավարում՝ անհրաժեշտ ենք համարում համառոտ ակնարկ կատարել և ընթերցողներին հիշեցնել վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղված անոմալ իրավիճակը․

Հատկապես 2018 թվականի իշխանափոխության հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները՝ Արցախի կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, պատերազմի մշտական վտանգ և այլն հանրության լայն շերտերի մոտ քաղաքական գործընթացների նկատմամբ խորը հիասթափություն առաջացրեցին, և շատերն առհասարակ սկսեցին քաղաքական պրոցեսներով չհետաքրքրվել։ Այլ կերպ ասած հանրությունը սկսեց վախենալ, որ հերթական անգամ իշխանափոխություն կատարելու դեպքում երկիրը կարող է ավելի ծանր իրավիճակում հայտնվել, ուստի նախընտրեց առհասարակ չհետաքրքրվել քաղաքականությամբ։

Ասվածի վկայությունը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական և 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն էին։ Առաջինի դեպքում մասնակցության ցուցանիշը 50 տոկոսից մի փոքր ցածր էր, որում իշխանություն ձևավորեց հանրապետության բոլոր ընտրողների ընդամենը 25 տոկոսը, իսկ արդեն մայրաքաղաքի ընտրություններին մասնակցեց ընտրողների միայն 29 տոկոսը և տարբեր կոմբինացիաների կիրառմամբ իշխանություն ձևավորեց բոլոր ընտրողների միայն 9 տոկոսի աջակցությունը ստացած քաղաքական ուժը։

Փաստացի ներկայումս հանրության մեծամասնությունը քաղաքական գործիչներից որևէ մեկին չի վստահում և հետաքրքրված չէ ընտրական գործընթացների նկատմամբ, ինչից գործող իշխանությունները կարողանում են լավագույնս օգտվել։ Այս ամենի հետևանքով ՀՀ-ում քաղաքական դաշտը մշտապես գերբևեռացված է, և նախկին-ներկա, սևեր-սպիտակներ ու նմանատիպ այլ բաժանումների հետևանքով այդ բևեռացումն էլ ավելի է խորանում, ինչն իր հերթին թույլ չի տալիս, որ երկրում առողջ քաղաքական ուժեր ձևավորվեն և իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացնեն։

Գործող իշխանությունը, որը նախորդ 6 տարիներին առաջնորդվել է բացառապես պոպուլիզմով, դեմագոգիայով և երեսպաշտությամբ, սկսել է սահմաններ չճանաչել, որն աղետալի հետևանքներ ունեցավ և շարունակում է ունենալ հայկական պետականության համար։ Հայաստանում ներկայումս ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ, որտեղ վարչապետի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում հղի կնոջը, 15 զինծառայող կացարանում ողջ-ողջ այրվում է և այլն, սակայն այս ամենի համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, մասնավորապես վերջինիս խորհրդարանական թևին, ապա նա այս տարիներին ապացուցել է, որ ոչ միայն չի կարող հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այլև իր գործողություններով անուղղակիորեն նպաստում է վերջնիս իշխանության ամրապնդմանը։ Ավելին՝ Հայաստանում ստեղծվել է մի արտասովոր իրավիճակ, երբ գործող իշխանությունն ու ընդիմությունը փոխլրացնում են իրար և առանց նրանցից մեկի՝ մյուսը պարզապես դուրս կմղվի քաղաքական դաշտից։

Այսպիսով՝ փաստենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է ճահճի, որտեղ քաղաքական ուժերը կա՛մ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չեն կարողանում հեռացնել, կա՛մ դա անելու ցանկություն չունեն, ինչից էլ վերջինս լավագույնս օգտվում է և շարունակում է պաշտոնավարել։ Հենց այս իրավիճակն է պատճառ դարձել, որ Տավուշից մեկնարկած և դեպի Երևան ընթացող շարժումն առաջնորդի Բագրատ Սրբազանը՝ առաջացնելով իշխանականների և վերջիններիս կից գործող փորձագետ-քարոզիչների դժգոհությունը։

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողելու մեծ շանսեր ունի, քանի որ վերջինիս հնարավոր չէ, որ նախկին իշխանությունների հետ կապել, որի փորձերն այս օրերին ամենաբարձր մակարդակով կատարվում են, ոչ էլ զանազան շինծու և մանիպուլյատիվ մեղադրանքներ ներկայացնել, որոնք այնքան կտրված են իրականությունից, որ անգամ չեն համոզում իշխանությունների հավատարիմ աջակիցներին։

Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը մի կողմ թողնեն իրենց ներքին տարաձայնությունները և աջակցեն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։ Հաջողելու պարագայում հնարավոր կլինի ոչ միայն Փաշինյանի իշխանությունից ձերբազատվել և կանգնեցնել այս աղետարար ընթացքը, այլև առողջացնել քաղաքական դաշտը, որի կարիքն այս պահին մեր երկիրը չափազանց շատ ունի։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա պետք է կայանան բացառապես քաղաքական դաշտի առողջացումից հետո, որպեսզի վերջապես հաջողվի ձևավորել քաղաքական խորհրդարան, որը կլծվի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու աշխատանքին։