Երևան +10°
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 09:00 09-12-2023

Արտահերթ ընտրությունների ողջ պերճանքն ու թշվառությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ հասարակական-քաղաքական դիսկուրսում ակտիվորեն քննարկում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են 2024 թվականին հերթական արտահերթ ընտրությունները անցկացնել և կրկին վերարտադրվել։ Քաղաքագետները կարծում են, որ իշխանությունների վերջին գործողությունները, մասնավորապես՝ մի շարք համայնքներում ՏԻՄ-երի զավթումը, և հռետորաբանությունը առնվազն վկայում են, որ իշխանությունն իր օրակարգում ունի արտահերթ ընտրությունների գնալու հնարավորություն, և նման սցենարը շատ հավանական է։

Չնայած 2021 թվականին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով դրանցից ամիսներ առաջ կապիտուլյացիայի ակտ ստորագրած և Հայաստանի սահմանները լրջորեն վտանգած Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վերընտրվել և խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ, այնուամենայնիվ դեռ այն ժամանակվանից պարզ էր, որ Փաշինյանի ընտրությամբ չեն լուծվել այն բազմաթիվ խնդիրները, որոնց հետևանքով արտահերթ ընտրություններ անցկացվեցին, պարզապես բնակչության մի զգալի հատվածը ձայն տվեց նրան, որպեսզի նախկին իշխանությունները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ոչ մի պարագայում չվերդառնան իշխանության։ Ավելին՝ ընտրություններին հաջորդած ասուլիսում Քոչարյանն ինքն էր նշում, որ ընդամենը մեկուկեսից երկու տարի անց Հայաստանում նոր արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Սակայն այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունները, եթե դրանք ամեն դեպքում կայանան, կանցկացվեն ոչ թե ընդդիմության պահանջով կամ պայքարի արդյունքում, որը 2021-ին մանդատները ստանձնելիս խոստանում էր իշխանությանը օր ու արև չտալ, սակայն այս տարիներին հակառակում համոզվեցինք, այլ աշխահաքաղաքական իրողությունների հետևանքով։ Փորձագետների մի զգալի հատվածը պնդում է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը պետք է հերթական կապիտուլյացիան ստորագրի, որը հավանաբար կփաթեթավորվի խաղաղության պայմանագիր անվանմամբ, և դրանից առաջ վերջինիս անհրաժեշտ է կրկին ընտրությունների գնալ, հանրությանը անոնսել սպասվող զիջումներ մասին և մանդատ ստանալ՝ խաղաղության պայմանագիրը, իսկ իրականում հերթական կապիտուլյացիոն ակտը ստորագրելու համար։

Իրականում Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում իրեն ամեն դեպքում կհաջողվի պահպանել վարչապետի պաշտոնը, սակայն այս անգամ նա այլևս չի կարողանա միակուսակցական կառավարություն ձևավորել։ Ենթադրվում է, որ առաջիկա ընտրություններում կկրկնվի Երևանի ավագանու սցենարը, և ՔՊ-ն մոտավորապես կստանա ձայների մոտ 30-35%-ը, և ԱԺ անցած հիմնականում արևմտամետ ուժերի հետ նա կոալիցիոն կառավարություն կձևավորի։

Արևմտամետ ուժերից ԱԺ անցնելու բավականին մեծ շանսեր ունի Հանրապետություն կուսակցությունը, որի շուրջ համախմբվում է հիմնականում Նիկոլ Փաշինյանից դժգոհ, սակայն միևնույն ժամանակ նախկինների վերադարձը բացառող ընտրազանգվածը։ Երևանի ավագանու օրինակով այս կուսակցությունը չի խորշի ՔՊ-ի հետ կոալիցիա ձևավորելուց, որի արդյունքում կկարողանա մի քանի նախարարի և մարզպետի պորտֆել ստանալ։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Հանրապետությունը ստացել էր ձայների 3%-ը, իսկ այս ընտրություններում, երբ անցողիկ շեմը 5-ից իջեցվել է 4%-ի, չափազանց իրատեսական է, որ կուսակցությունը կհաղթահարի այն՝ հաշվի առնելով նաև ավագանու ընտրություններում ստացել էր ձայների ավելի քան 11%-ը, իսկ Երևանում կենտրոնացած է ՀՀ բնակչության շուրջ կեսը։

Ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը՝ մասնավորապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, իսկ ավելի ճիշտ ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին, ապա վերջիններս այնքան էլ շահագրգռված չեն արտահերթ ընտրությունների անցկացմամբ, քանի որ հատկապես ՀՅԴ-ն, որը ներկայումս ունի 15 մանդատ, վստահ է, որ այլևս երբեք նման համամասնությամբ ԱԺ-ում ներկայացված չի լինի։ Չնայած Երևանի ավագանու ընտրությունները, որոնցում «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի առաջնորդած «Մայր Հայաստան» դաշինքը ստացավ ձայների 15%-ը, փաստեցին, որ հանրության մի մասը այնուամենայնիվ հույսը կապում է նախկինների հետ։ Սակայն նկատենք, որ խորհրդարանական ընտրությունների պարագայում խնդիրը շատ ավելի կբարդանա, քանի որ նախ ավագանու ընտրություններին չէր մասնակցում ՀՀԿ-ն, և վերջինիս սատարող ընտրազանգվածի հիմնական մասը քվեարկեց «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, ինչպես նաև ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի վարկանիշը չափազանց ցածր է, ուստի այս կուսակցությունների համար նոր խորհրդարանում հայտնվելու հեռնակարը չափազանց մշուշոտ է, թեև չի բացառվում, որ նրանք որոշակի հարաբերակցությամբ այնուամենայնիվ ներկայացված կլինեն 9-րդ գումարման Ազգային ժողովում։

Այսպիսով՝ Հայաստանում 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ ներդրված խորհրդարանական կառավարման համակարգը համահունչ չէր այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, ինչի մասին նախազգուշացնում էին բազմաթիվ գործիչներ, սակայն օրվա իշխանություններն ականջալուր չեղան այդ զգուշացումներին։ Այսօր արմատական ընդդիմադիր, իսկ այն ժամանակվա իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որը վստահ էր, որ տասնամյակներ շարունակ իշխանության տանող ճանապարհն անցնելու է Մելիք Ադամյան փողոցով, չէր էլ կարող պատկերացնել, որ նաև հենց այս սահմանադրության շնորհիվ Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է հեղափոխություն անել և գալ իշխանության, իսկ ինքը՝ հավակնելու է լավագույնը խորհրդարանական ընդդիմության դերին։

Ներկայումս Հայաստանը հայտնվել է մի յուրօրինակ իրավիճակում, որտեղ ո՛չ իշխանությունն է իր տեղում, ո՛չ ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանի կառավարման և շարունակական սխալների հետևանքով Հայաստանում երկու-երեք տարին մեկ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Ուշագրավ է, որ Փաշինյանի կառավարման օրոք բոլոր ընտրությունները կայացել են արտահերթ, ինչը վկայում է այն մասին, որ երկիրը մշտապես գտնվում ճգնաժամերի և քաղաքական անկայունության մեջ, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ առհասարակ Հայաստանի պետականության համար։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա դիրքերը նույնպես մեղմ ասած բարվոք չեն։ Առհասարակ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում ընդդիմությունը մշտապես պահանջում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, որպեսզի կարողանա իշխանության գալ, կամ բարելավել իր դիրքերը, մինչդեռ Հայաստանի ընդդիմությունը սարսափում է ընտրությունների գաղափարից, քանի որ վստահ է, որ չի հայտնվի նոր խորհրդարանում, կամ կկորցնի իր մանդատների մի մասը։ Իհարկե ընդդիմությունը կարող է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրություններին մասնակցելն անտրամաբանական է, քանի որ վերջինս վարչական ռեսուրսի կիրառմամբ կապահովի իր հաղթանակը, սակայն դրանից ընդդիմության շրջանում առկա խնդիրները չեն պակասի, և առնվազն Երևանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ իշխանության դիրքերն այնքան էլ ամուր չէ, որքան թվում էր։

Հատկանշական է նաև, թե ինչպես կմեկնաբաներ այս իրավիճակն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե ՀՀԿ-ի կառավարման շրջանում 2-3 տարին մեկ անգամ արտահերթ ընտրություններ անցկացվեին։ Հավանաբար նա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին կառաջարկեր արտահերթ ընտրություններն իրենց ուղեղներում անցկացնել՝ փոխարենը կենտրոնանալ երկրի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրների ուղղությամբ։

Դավիթ Գույումջյան