Ֆորպոստ լինելուց մինչև ընդհանրապես չլինել. Նիկոլ Փաշինյանի քաղաքական «մենյուն»
copy image url

Ֆորպոստ լինելուց մինչև ընդհանրապես չլինել. Նիկոլ Փաշինյանի քաղաքական «մենյուն»

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:30 02-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի գործող իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության ու բազմաթիվ բացթողումների հետևանքով պետությունը ոչ միայն բազմաթիվ անվտագային մարտահրավերների է բախվել, այլև կանգնել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին բազմիցս խոստովանել է անձամբ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով մի ժամանակ հանրության խոստանում էր, որ առաջնորդնելու ՀՀ-ի անկախության պահպանման շարժումը, սակայն կարճ ժամանակ անց այս խոստման մասին նույնպես մոռացավ։

Նախօրեին Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի գլխավոր նպատակն անշուշտ Տավուշում կատարվող միակողմանի զիջումների անհրաժեշտությունը հիմնավորելն էր ու հանրության ուշադրությունն առկա անվտանգային խնդիրներից շեղելը։ Ավելին՝ Փաշինյանը երեկ հանրության հերթական «աչքալուսանքը տվեց»‎՝ պնդելով, որ ՀՀ-ին առաջարկում են ֆորպոստ լինել, կամ առհասարակ չլինել, իսկ իր գլխավորած կառավարությունը փորձում է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանն անուղղակի կերպով ասում էր, որ ֆորպոստ չդառնալու գինը Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելն է, որն իր կառավարությունն իրագործում է։ Բացի այդ, նա նաև հղում էր կատարում 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում իրեն հնչող այն քննադատություններին, որ կառավարությունն, իրավիճակին տիրապետելով, պետք է դրանից բխող լուծումներ գտներ և պնդում՝ այժմ շարժվում է հենց այդ ճանապարհով։

Իրականում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ինչպես նաև վերջին շրջանում թշնամուն պարբերաբար կատարվող զիջումները վկայում են այն մասին, որ վերջինս ընտրել է ոչ թե Հայաստանը ֆորպոստ չդարձնելու, այլ առհասարակ պետության չլինելու տարբերակը։ Պատերազմ թույլ չտալու տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն կատարում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ վերջինիս ավագ եղբոր և ռազմավարական դաշնակցի Թուրքիայի բոլոր պահանջները, որը ոչ միայն էլ ավելի թուլացնում պետության դիմադրողականությունը, այլև առհասարակ վտանգում նրա հետագա գոյության իրավունքը։

Բնականաբար Հայադստանի և առհասարակ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ազդեցություն հաստատելու նպատակով միշտ էլ ազդեցության պայքար է եղել, և այս իրավիճակը Փաշինյանի կառավարման ընթացքում չի առաջացել։ Սակայն պետք է փաստենք, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները կարողացել են հմուտ դիվանագիտության և արտաքին քաղաքականության միջոցով չեզոքացնել այս մարտահրավերները և թույլ չտալ, որ դրանք սպառնան պետության հետագա գոյությանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա վերջինիս սիրելի ամբոխահաճո պոպուլիզմի ու անհեռատես քաղաքականության հետևանքով Հայաստանը ոչ միայն Արցախը կորցրեց, այլև բախվեց պետականությունը կորցնելու վտանգի առջև։ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունները, որոնք սեփական բացթողումներն արդարացնելու և իշխանությունը պահպանելու նպատակով հրապարակ են նետում անգամ թշնամու քարոզչական թեզերը, ապացուցել են, որ ի զորու չեն դիմագրավել այն մարտահրավերներին, որքան էլ հայտարարեն, որ անկանխությունն ու ինքնիշխանությունը իրենց համար ամեն ինչից վեր է։

Իրականում վերջիններիս համար ամեն ինչից վեր է իշխանության պահպանումը, որի համար պատրաստ են անգամ վտանգել ՀՀ ինքնիշխանությունը։ Բացի այդ, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում է Հայաստանի ինքնիշխանության մակարդակը շարունակաբար իջեցվել, չնայած այն բանին, որ վերջինս ընդդիմադիր գործունեության ժամանակ նախկին իշխանություններին այդ դրվագով քննադատելու առիթը բաց չէր թողնում։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով Հայաստանը կանգնած ոչ թե ֆորպոստ լինելու, այլ առհասարակ անկախ պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Ստեղծված իրավիճակից միակ ելք Փաշինյանի կառավարության օր առաջ հեռացումն է ու ազգային իշխանության ձևավորումը, որը, համազգային աջակցության շնորհիվ կլծվի ստեղծված աղետալի իրավիճակը հաղթահարելու գործին։

Կարծում ենք նաև, որ այս իրավիճակում լավագույն ելքը կլինի վերկուսակցական տեխնոկրատների կառավարության ձևավորումը, որը հաջողելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ կունենա։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի