Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:55 01-05-2024

«Մարզված» ՔՊ-ականները կատարեցին իրենց առաքելությունը՝ հօգուտ փաշինյանա-ալիևյան պայմանավորվածությունների

Եկեղեցին խանգարում է «սահմանազատման» փաշինյանա-ալիևյան պայմանավորվածություններին
Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության անդամ Արփի Դավոյանն ապրիլի 30-ին, իր հերթին, մասնակցում էր եկեղեցու սպասավորներին խրատելու և խայտառակելու «առաքելությանը»։

Նախապես մի լավ «մարզված» տիկին Դավոյանը մոտեցավ խորհրդարանի ամբիոնին և այնտեղից ընդամենը մի քանի րոպեում պախարակեց եկեղեցու դարերի գործունեությունն ընդհանրապես և ներկայիս «սահմանազատումից» դժգոհող ժողովրդի կողքին լինելը մասնավորապես։

Նախատինքի պատրաստած պաշարից բաժին հանելով նաև Արցախի թեմի առաջնորդին, քպ-ական պատգամավորը նրան մեղադրեց Արցախում չմնալու և այնտեղ չճգնելու մեջ։

Ինչ խոսք, մեծախոսությունը մեր օրերում այլևս չի համարվում արտառոց մի բան։ Հիմա բոլորն են ամեն ինչ արտաբերում, քանի որ երկրի ղեկավարն է ասում՝ «ժողովրդապետություն» է։ Եվ ըստ երևույթին, առանձին հաճույք է եկեղեցականներին «խփելը», որովհետև եկեղեցին ի սկզբանե հայտնված էր այս խմբակի թիրախում։

Վերադառնալով ԱԺ ամբիոնի մոտ Արփի Դավոյանի ծավալած տեսարանին, ասենք, որ փաշինյանական այս հերթական «ուսապարկի» ջղային ելույթը հաջորդեց Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հեռախոսազրույցի մասին լուրին։ Տեղեկություն է տարածվել, որ կաթողիկոսները «վերաշեշտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և անվտանգությունն ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը»։

Սա բավական լուրջ ազդակ էր և իր հերթին նաև կոչ Փաշինյանին՝ չմնալ անգործ, ահա և եկեղեցու վրա այդ հարձակումը, որը տեղի ունեցավ ոչ միայն Արփի Դավոյանի, այլև մյուս կարկառուն քպ-ականների միջոցով։ Բայց մի կողմ թողնենք Փաշինյանի և նրա թիմակիցների անձնավորված թիրախավորումները, որոնցով ոչ ոք չի զարմանում վաղուց։ Խնդիրը նրանում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժնդակ շրջանում եկեղեցին մեծ մասով ձեռնպահ էր մնում մասնակցելու հասարակական գործընթացներին, ինչը լուրջ հարված է իր հեղինակությանը։

Ըստ ամենայնի, կշռելով և գնահատելով Հայաստանին սպառնացող վտանգների ամբողջ լրջությունը, միայն դրանից հետո կաթողիկոսները հանդես եկան համատեղ հանձնառությամբ՝ միասնաբար պաշտպանելու հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սրանում է Փաշինյանի խնդիրը, սա է անհանգստացնում նրան, քանի որ առանձին վերցրած, ամենայն հարգանքով, բայց Բագրատ Սրբազանը և մյուս հարգարժան հոգևորականները չեն կարող փոխարինել եկեղեցուն, որը չնայած փաշինյանական գրոհներին՝ շարունակում է մնալ ժողովրդի համար ամենահեղինակավորներից մեկը։

Փաշինյանը շտապում է․ նրան թեև ադրբեջանական պաշտոնյաները գովում են, որ «սահմանազատումն» ինչպես իրենց է պետք՝ կատարում է, բայց նաև զգուշացնում են, որ նախանշված ուղուց շեղվելու դեպքում կարող են արտակարգ քայլերի (դիցուք՝ պատերազմի – հեղ․) գնալ, իսկ այդ դեպքում, հաստատաբար, Փաշինյանը կկորցնի իշխանությունը և ոչ ոք նրան անձնական անվտանգության երաշխիքներ չի տա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան