Ներքին 3 տարի առաջ - 15:49 15-04-2023

ԵՄ դիտորդական առաքելությունը լիարժեքորեն իրականացնում է Ադրբեջանին զսպելու իր առաքելությունը․ Վիգեն Խաչատրյան

«Ես չճշտված դեպքերն ու տեղեկությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ռազմական պատմաբան Արմեն Այվազյանի հայտարարությանը, որ ԵՄ դիտորդները հրաժարվել են 1-1․5 ժամ տևող ճանապարհ կտրել ու հասնել Սյունիքի Տեղ գյուղ՝ տեղում կատարելու իրենց ստանձնած պարտավորություններն ու արձանագրելու համար տեղի ունեցող իրադարձությունները։

«Ի՞նչ կապ ունի, որ այդ մասին հայտարարողը ռազմական պատմագետ է։ Ես չեմ կարծում, որ պետք է նման ինֆորմացիաներ մեկնաբանեմ։ Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործնական քայեր չձեռնարկելու վերաբերյալ հարցին՝ իշխանական պատգամավորը տեսակետ հայտնեց, որ աշխատանքներ տարվում են, պարզապես դրանք հրապարակային բնույթ չեն կրում։

«Ամեն դեպքում, չեմ կարծում, թե այդ միջադեպերն իրենց կողմից անտարբերության են մատնվում։ Բայց պետք է ցավով ասեմ Ձեզ, որ ինձ դիտորդների գործունեության մասին հաշվետվություններ չեն ներկայացնում։ Ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա։

Վիգեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ ԵՄ առաքելությունը, ՀՀ տարածքում տեղակայվելով, լիարժեք իրականացնում է իր ստանձնած պարտավորությունները՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու առումով։

«Ես դիտորդների գործունեությունում բացթողումներ չեմ արձանագրել։ Ինչի համար իրենք եկել են՝ լիարժեքորեն իրականացնում են իրենց առաքելությունը»,- ասաց նա։

Այս համատեքստում պատգամավորն անդրադառնում է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին։ Հայտարարում է, որ երկու կառույցները տարբեր են, մեկը ռազմական կառույց է, մյուսը՝ քաղաքացիական։ Իսկ ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ հայկական իշխանությունները բազմիցս հայտնել են իրենց տեսակետը։

«Նախ՝ ՀԱՊԿ-ն պետք է հասկանա, թե որտեղ են Հայաստանի սահմանները, հետո նոր մտնի Հայաստան։ Բայց, կարծես թե, իրենք դա լավ չեն պատկերացնում, որովհետև Հայաստան ներխուժած ադրբեջանական զորամիավորումների ագրեսիվ գործողություններին ՀԱՊԿ-ն մինչև այս պահը գնահատական չի տվել, որի համար, ըստ ամենայնի, պատճառներ ունի»,- ասաց նա։

Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նաև տեսակետին, որ բացի այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը մեր երկրի համար որևէ օգտակար գործով զբաղված չէ, միևնույն ժամանակ լարում է մտցնում Իրանի ու Ռուսաստանի միջև։

«Ես շատ կոպիտ կպատասխանեմ։ Կարծում եմ, դա հիմարություն է, կարծիք չէ։ Անբովանդակ հիմարություն է դա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին